Ադրբեջանցիներն առաջ են եկել ու շարունակում են մնալ այն դիրքերում, որտեղ դիրքավորվել էին։ Ինչպես Սյունիքում, այնպես էլ Գեղարքունիքում ադրբեջանցիները հատել են ՀՀ պետական սահմանը՝ առանց զինված հարձակման, կրակոցի։ Նրանք ոտնձգություն են իրականացնում սուվերեն երկրի պետական սահմանի նկատմամբ, ու մենք դեռ որևէ գործողություն չենք իրականացնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Ադրբեջանական զինուժը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներից, և որևէ մեկին որևէ ինֆորմացիա պետք չէ տալ, նրանք տեսնում են՝ ունե՞նք խրամատ, թե չունենք։ Հիմա ուզում եմ նույն հարցը բարձրաձայնել՝ ինչպես է ստացվել, որ անզեն թշնամին մտել է ՀՀ տարածք, ինչու՞ մենք չենք կարողացել պաշտպանվել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե կես տարի ժամանակ է եղել սահմանների կահավորման համար։
Նա տեսակետ հայտնեց, թե ադրբեջանական գործողությունները մեծապես պայմանավորված են ՀՀ-ում առկա անկանոն վիճակով․ «Քանի մենք խառն ենք, իրար ենք ուտում, իրենք մի քիչ ընդլայնվում են, և ով լիներ թշնամի, կվարվեր հենց այս փուլում»,-նշեց նա։
Նրա դիտարկմամբ՝ տիրող իրավիճակում թիվ մեկ պատասխանատուն ԳՇ պետ Արտակ Դավթյանն է:
Մանրամասները՝ տեսանյութում