Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին պայմանագրի կանոնները եւ պարզեց, որ, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ:
Համաձայն «ՀԱՊԿ-ի կողմից ճգնաժամային իրավիճակների արձագանքման» կանոնակարգի 3.6 կետի, ինչպես նաեւ «ՀԱՊԿ ուժի եւ միջոցների կիրառման մասին կոլեկտիվ որոշումների կայացման կարգի»՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը անվտանգության խորհրդների քարտուղարների խորհրդի հետ համատեղ պարտավոր են 3-օրյա ժամկետում անդամ-պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացնել գործողությունների պլան հետեւյալի մասին.
-ուժի գործադրման պատրաստակամության ցուցադրման նպատակով ուժերի բացազատում անդամ-պետության տարածքում,
-անդամ-պետության կայունությանը, անվտանգությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող զինված հարձակման կանխարգելում կամ ետմղում,
-անդամ-պետության տարածքում բռնի գործողությունների կանխարգելում, դադարեցում եւ հակազդում,
-այլ վտանգների, մարտահրավերների ու արտակարգ իրավիճակների հակազդում:
Իսկ, ահա, ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակում՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Դիմումը, սակայն, երկրորդ հոդվածով է։
Փաստորեն, իշխանությունները չեն հրաժարվել վեթինգի գաղափարից։ Ամեն դեպքում, դա է վկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման (վեթինգի) մասին վերնագրով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվում է իրականացնել դատավորների, ԲԴԽ անդամների, ՍԴ դատավորների խոցելիության ստուգում դատավորների մոտ նրանց «կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը» պարզելու նպատակով: Միեւնույն ժամանակ, դատախազների եւ քննիչների խոցելիության ստուգում նույնպես չի նախատեսվում, քանի որ դա նույնպես կարող է անհարկի ձգձգել գործընթացը: Ընդ որում, օրենքը չի տարածվելու այն ուժի մեջ մտնելուց հետո թափուր պաշտոններում ընտրվող կամ նշանակվող հիշյալ պաշտոնյաների վրա: Վեթինգն ավարտվում է հետեւյալ երկու որոշումներից մեկի կայացմամբ՝ 1. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայության մասին եզրակացություն, 2. դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության բացակայության մասին եզրակացություն: Վեթինգի անցկացման համար անձից պետք է պահանջվի շատ տեղեկատվություն, ընդ որում՝ նրա, նրա հարազատների կողմից վերջին 15 տարում կատարված գործարքների մասին, որ իրապես խոցելի դատավորները իրենք հրաժարվեն նման դիմում ներկայացնելուց:
Իշխանությունների համար անցանկալի համայնքներից մեկի՝ Վանաձորի քաղաքապետարանը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պալատն ուսումնասիրել է հիմնականում քաղաքապետարանի՝ 2019թ. ֆինանսական գործունեությունը: Հիշեցնենք, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համարվում է իշխանությունների համար ոչ վստահելի համայնքապետ, եւ ՀՊ-ն պարզել է, որ ղազախներն ու ռուսները դեռեւս 2019թ. գույքահարկի գծով պարտքեր են կուտակել Վանաձորի քաղաքապետարանի նկատմամբ եւ մինչ օրս չեն մարել: Այսպես, ըստ Պալատի՝ համայնքի բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի 2019թ. բազայում առկա են օտարերկրյա քաղաքացիների սեփականություն հանդիսացող 7499 ավտոմեքենա, որոնք գոյացել են, երբ ԵԱՏՄ երկրների, հիմնականում՝ Ղազախստանի քաղաքացիները, ժամանակավոր գրանցում ստանալով համայնքում, օտարերկրացու անունով որպես սեփականություն գրանցել են մեքենաները եւ իրենց հետ իրենց երկիր տարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ավտոմեքենաների տարեկան գույքահարկի գումարը կազմում է շուրջ 124 մլն դրամ, իսկ համայնքի բյուջեի պարտքը 2019թ. վերջի դրությամբ կազմել է շուրջ 152 մլն դրամ: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հարկատուները քաղաքապետարանի կողմից կարող են համարվել ռիսկային, իսկ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքը` անհուսալի: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2019 թվականին գրել էր, որ ղազախներն ու ռուսները գալիս գրանցվում են մեր հայ բնակիչների հասցեներով, մեքենա ներկրում ու վաճառում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Վաղինակ Սարգսյանին: Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում քննվում է մեկ քրեական գործ, որի շրջանակներում էլ հենց Վաղինակ Սարգսյանին հրավիրել են հարցաքննության: Իսկ թե կոնկրետ որ քրեական գործի շրջանակներում են Վաղինակ Սարգսյանին հրավիրել հարցաքննության, «Ժողովուրդ» օրաթերթին պարզել դեռեւս չհաջողվեց: Հիշեցնենք, որ Վաղինակ Սարգսյանը ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018-ի հունիսի 11-ին: Նշանակումը պատահական չհամարվեց, քանի որ ապրիլի 23-ին Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, իսկ ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարն այդ ժամանակ Վաղինակ Սարգսյանն էր: ՀՀ ՊՆ-ն քննադատել էր այս քայլը՝ հայտարարելով, որ բանակը պետք է դուրս լինի քաղաքականությունից եւ քաղաքական գործընթացներից: Նկատենք, որ հոկտեմբերի 26-ին՝ սահմանապահ զորքերի հետ հանդիպման ժամանակ, նրա հետ թեժ քննարկում էր ունեցել նաեւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը: