ԿՐԿԻՆ ՓԱՍՏԱԲԱՆ ԵՆ ԳԱՂՏՆԱԼՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Բակուր Օհանյանին գաղտնալսել են, եւ փաստաբանը իր ոտնահարված իրավունքների մասով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ հայտնել, որ հանցագործություն են իրականացրել քննիչը, ոստիկանը եւ դատախազը: Նշենք, որ անցած տարի Փաստաբանների պալատի խորհուրդն իր մտահոգությունն էր հայտնել վերը նշված դեպքերի կապակցությամբ:

 

ՀՀ Սահմանադրության 33-րդ եւ 64-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 8-րդ հոդվածի, 1990թ. սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման եւ իրավախախտների հետ վարվելու ութերորդ Կոնգրեսի ընդունած «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների» 22-րդ կետի, «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ եւ 25-րդ հոդվածների, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ եւ 31-րդ հոդվածների պահանջներից ակնհայտ բխում է, որ օրենսդիրը փաստաբանի եւ վստահորդի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու ուղղակի արգելք է սահմանել եւ չի նախատեսել որեւէ բացառություն, որը կապված կլինի հեռախոսային խոսակցության բովանդակության հետ։

Նշված նորմերը կոչված են երաշխավորելու փաստաբանների անկախությունը, վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով հաղորդակցվելու) ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը, ինչպես նաեւ որեւէ կերպ փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու անթուլատրելիությունը իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Գործնականում հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հիմքով:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է անցկացնել նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ (ներքին դիտում), 11-րդ (նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում) եւ 12-րդ (հեռախոսային խոսակցությունների վերահսկում) կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Անհապաղ ոչնչացման են ենթակա նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Ի տարբերություն այս կարգավորման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ոչնչացման հարցին չի անդրադարձել, որպիսի առիթից օգտվելով էլ՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններին ոչ միայն ծանոթանում է, այլ նաեւ կցում է քրեական գործին, ինչը հետագայում դառնում է հասանելի նաեւ դատավարության այլ մասնակիցների, այդ թվում՝ պաշտպանության կողմի դատավարական հակառակորդների համար:

Արդյունքում պահանջել էին պետական իրավասու մարմիններից՝

l պատասխանատվության ենթարկել փաստաբանների եւ վստահորդների միջեւ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը կազմակերպած եւ քրեական գործի նյութերին կցելու որոշում կայացրած քննիչներին,

l ոչնչացնել այդ նյութերը,

l հանձնարարել բոլոր քննիչներին այսուհետ բացառել նման իրավիճակները:

Ըստ էության, փաստաբանների պահանջը տեղ չհասավ, եւ իրավապահների գործելաոճը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆՈՐԱԾՆԻՆ ՍՊԱՆԱԾԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

2020 թվականի հուլիսի 29-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակչուհի 31-ամյա կին:

 

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա եւ լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետեւ երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը), հարուցվել է քրեական գործ: Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:

Եվ, ահա, նորածնին սպանած մայրը հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ որ Արմինե Զախարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, տանելով իր համար անցանկալի հղիություն, 2020 թվականի հունիսի 29 ին՝ ժամը 15:00-ից մինչեւ ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի՝ Երեւան քաղաքի Ազատության 10-րդ շենքի նկուղ հասցեում գործող հացի արտադրամասի սանհանգույցում, առանց բժշկական միջամտուության եւ որեւէ մեկի օգնության, միայնակ ծննդաբերել է 38-40 շաբաթական իգական սեռի երեխա, լսելով վերջինիս ճիչը եւ համոզված լինելով, որ երեխան կենդանածին է՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծննդաբերությունից անմիջապես հետո սրբիչը մտցրել է նորածին երեխայի բերանի խոռոչը եւ մեխանիկական շնչահեղձության եղանակով սպանել նրան, որից հետո դին գաղտնի տեղափոխելու նպատակով տեղադրել է աղբի համար նախատեսված սեւ գույնի պոլիէթիլենային տոպրակի մեջ, տարել է Երեւան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցի 4-րդ շենքի հետամասի 1-ին հարկում գտնվող աղբանոցի մոտ, դռնից ներս է նետել եւ հեռացել է:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է. «Մեր աշխատակազմի պատվիրակությամբ մեկնել ենք ՀՀ Սյունիքի մարզ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների եւ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն, ի գիտություն միջազգային կառույցների, հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական առաջխաղացումը դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սեւ լճի տարածք ու այդ տարածքից դեպի քաղաքացիական բնակավայրեր ընկած հատված, կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունի մարդկանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները եւ զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար: Ադրբեջանական զինված ուժերի նշված անօրինական արարքը եւս մեկ անգամ ապացուցում է անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներն ու խաղաղ կյանքը, մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիությունը: Սյունիքի մարզ Պաշտպանի այցի ընթացքում տեղում հատուկ սկզբունքով կիրականացվեն փաստահավաք աշխատանքներ, կձեռնարկվեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլեր»:

 

ԿԵՂԾ ԱՎՏՈՎԹԱՐ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցները, չունենալով ավտոտրանսպորտային միջոցի պարտադիր ապահովագրություն,  որոշել են նույն օրը կնքել համապատասխան ԱՊՊԱ պայմանագրեր, որից հետո վերադառնալ վթարի վայր եւ կազմակերպել կեղծ ավտովթար: 33-ամյա տղամարդը պատահարի եւ ԱՊՊԱ պայմանագրեր չունենալու մասին տեղեկացրել է ԱՊՊԱ ընկերության աշխատակցին, որը օժանդակել է՝ կնքելով համապատասխան պայմանագրեր: 2019թ. մարտի 29-ին հիշյալ վայրում կազմակերպել են իրենց մասնակցությամբ կեղծ ավտովթարը, որից հետո ավտոմեքենաներից մեկի սեփականատերը զանգահարել է հիշյալ ապահովագրական կազմակերպության աշխատակցին, վերջինս էլ, կատարելով համապատասխան գործողություններ, փոխհատուցման դիմում է ներկայացրել ընկերությանը:   33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:




Լրահոս