Նախօերին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել եւ հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող, ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռեւս 2017թ. ինքնակամ զավթած 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություն, 2018թ. մայիսի 31-ին դիմում է ներկայացրել Մեղրաձորի համայնքապետարան՝ 140 քմ քոթեջի կառուցման համար շինարարության թույլտվություն ստանալու խնդրանքով: Դիմումին կից ներկայացրած փաստաթղթերում, որպես շինարարության համար տրամադրվող հողատարածք, վերջինս ներկայացրել է «Նորալուսին» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքը՝ իբրեւ նպատակ ունենալով շինությունը կառուցել ընկերության տնօրինության տակ գտնվող ճամբարի տարածքում:
Ստանալով Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարի թույլտվությունը՝ ՍՊԸ տնօրենը շինարարական աշխատանքները հանձնարարել է իրականացնել վերոնշյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա, բացի այդ, շինության մի անկյունը կառուցվել է սեփականության իրավունքով մեկ այլ քաղաքացու պատկանող հողատարածքի վրա:
Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո նշված 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ձեռք բերելու նպատակով ՍՊԸ տնօրենը դիմել է համայնքի նախկին ղեկավարին, որից հետո պայմանավորվածություն ձեռք բերելով վերջինիս եւ նրա օգնականի հետ, ստանձնելով հողատարածքի չափագրման աշխատանքներն իր վրա վերցնելու պարտավորությունները՝ դիմել է չափագրությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա չունեցող իր մտերիմին 1.06 հա հողատարածքը չափագրելու եւ հողատարածքի հատակագիծ տալու համար, որպեսզի այն ներկայացվի Կադաստրի կոմիտե:
Տեղյակ լինելով վերոնշյալ հողատարածքի վրա ինքնակամ կառուցված շուրջ 140 քմ. մակերեսով շինության մասին, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ համայնքի նախկին ղեկավարը դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, փոխարենը, ՍՊԸ տնօրենի դրդմամբ, ինքնակամ կառուցված նշված շինությունը եւ դրան հարակից ընդհանուր 1.063 հա մակերեսով հողամասը հնարավորինս քիչ գումար վճարելու միջոցով ՍՊԸ կողմից օրինականացնելու եւ սեփականաշնորհելու համար իր օգնականին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ եւ 2019թ. սեպտեմբերի 5-ին, ապա նույն ամսվա 17-ին լիազորագիր տվել իր անունից ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակում հանդես գալու համար: Վերջինս, գործելով համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, անձամբ ստորագրել եւ կնքել է չափագրությամբ զբաղվելու լիցենզիա չունեցող անձի կողմից կազմված եւ նման լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ եւ վերջինիս աշխատակցի կողմից 2019թ. մարտի 10-ի թվագրմամբ կազմված վերը նշված հողամասի կեղծ հատակագիծը, որում այն ներկայացվել է իբրեւ շինությամբ չծանրաբեռնված: 2019թ. սեպտեմբերի 19-ին համայնքի նախկին ղեկավարի օգնականը, նշված կեղծ հատակագիծը անհատ ձեռնարկատիրոջ եւ վերջինիս աշխատակցի կողմից նույն օրը կազմված կեղծ եզրակացության հետ ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Հրազդանի սպասարկման գրասենյակ, որի հիման վրա՝ վերը նշված հողատարածքը գրանցվել է որպես համայնքին պատկանող առանձին հողամաս: Դրանից հետո նշված հողամասը՝ իբրեւ շինությամբ չծանրաբեռնված, 2019թ. դեկտեմբերի 20-ին կազմակերպված ձեւական աճուրդով ընդամենը 1.730.000 ՀՀ դրամով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը՝ համայնքին անզգուշությամբ պատճառելով ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:
Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, վերջինիս օգնականին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, ՍՊԸ տնօրենին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ փաստաթուղթ կեղծելուն դրդելու համար, իսկ փաստացի չափագրումն իրականացնողին, անհատ ձեռնարկատիրոջն ու աշխատակցին՝ փաստաթուղթ կեղծելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նկատենք որ Կոմիտեն չէր հայտնել թե ում է պատկանում վերոնշյալ ՍՊԸ-ն, որի համար էլ Մեղրաձոր համայնքի նախկին ղեկավարին ու օգնականին մեղադրանք է առաջադրվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Նորալուսին» ՍՊԸ-ի սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանն է՝ Նեմեց Ռուբոն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ Է
Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել. «Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ, անհարգալից եւ բարոյական ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները խախտող վարքագծով։
Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը, նրա հետ ճեպազրույցում անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, այն պատկերավոր դարձնելու համար ներկայացրել է համեմատություն. «Բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի՛ խփեք, էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած»: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը լրագրողին հարցրել է. «Էրեխեքդ տղա՞ են»: Ստանալով դրական պատասխան՝ շարունակել է. «Իսկ ամուսի՞նդ»: Այնուհետեւ նա հարցրել է. «Ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք»։ Եվ ի պատասխան լրագրողի՝ «տանեիք» արտահայտությանը, ասել է. «Ասա՝ ուզում ես բաժանվես»:
Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հարաբերություններում արդեն անցնում է անգամ ամենապարզ բարեկրթության բոլոր սահմաններն ու խորհրդարանում իրեն դրսեւորում է՝ որպես փողոցային տղէկ։ Հոգեբանների պարզաբանման խնդիրն է՝ ինչով է պայմանավորված առաջացող տարիքի տղամարդու կողմից իրենից բարձր սոցիալական եւ քաղաքական կարգավիճակ ունեցող տղամարդկանց քծնելու եւ կանանց, լրագրողների նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու ֆենոմենը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխող խմբակցության պատգամավորի ապաբարոյական վարքագիծը՝ իշխանություններից պահանջելով բառի բուն իմաստով սանձահարել նրան։ Հակառակ դեպքում լրագրողական ու ոչ միայն լրագրողական հանրությունը ստիպված կլինի արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանն իր այս վարքագծով արտահայտում է ոչ միայն սեփական հոգեբանական բարդույթները, այլեւ կատարում է մամուլի դեմ սկսված կեղտոտ արշավի՝ իշխանության ամենաբարձր օղակներում կայացված որոշումը։ Կարգի՛ հրավիրեք կանանց եւ լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին»,-նշված է հայտարարության մեջ։
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ
2020թ. աշնանը՝ Արցախում տեղի ունեցած պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեծ թափով ճանապարհաշինություն էր կատարում, կառուցապատվում, ասֆալտապատվում էին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպատական ավտոճանապարհի մեծ հատվածներ, ասֆալտապատեցին նաեւ մեծ թվով համայնքային նշանակություն ունեցող ավտոճանապարհներ՝ Աչաջուր գյուղում Մակարավանք տանող ճանապարհը, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ավտոճանապարհը, միջպետական ավտոճանապարհից Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բերդավան մտնող ավտոճանապարհը, Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղ տանող ավտոճանապարհը, Իջեւան քաղաքի մի քանի փողոցներ եւ այլն։ Նման ակտիվ ճանապարհաշինությունը տարակուսանք էր հարուցում, որովհետեւ ակնհայտ էր, որ շուտով Արցախում պատերազմ է սկսվելու, եւ ֆինանսական ռեսրսները պետք է ուղղել դրան նախապատրաստվելուն։
Գյուղական ավտոճանապարհները նորոգվել են, իսկ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի կարեւոր հատված՝ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելից մինչեւ Դիլիջան քաղաքի կենտրոնում գտնվող խաչմերուկ, շուրջ 18-20 կիլոմետր գտնվում է ողբալի վիճակում։ Այդ մեծ հատվածում ասֆալտի ծածկը քանդված է, շատ տեղերում խոր փոսեր կան, ավտոմեքենաները, դրանք շրջանցելով, դուրս են գալիս երթեւեկության հանդիպակաց գոտի՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Այդ ավտոճանապարհը սպասարկում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Երեւան-Իջեւան միկրոավտոբուսային երթուղին սպասարկող վարորդները շատ են դժգոհում նշված ճանապարհահատվածի ասֆալտի ծածկի վիճակից, նրանք նշում են, որ Երեւան-Իջեւան 136 կմ երկարությամբ ուղին իրենք հաղթահարում են 2 ժամում. եթե Դիլիջանի այդ հատվածում նորմալ ավտոճանապարհ լիներ, իրենք այդ ուղերթն ավելի կարճ ժամանակում կանցնեին։ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելում ժամանակ առ ժամանակ լուսավորություն չկար, թունելում խավար էր։ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը սպասարկում է «Լինս» հիմնադրամի ճանապահաշինության ծրագրերի նախկին ղեկավար էդուարդ Բեզոյանին պատկանող «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Է. Բեզոյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ճանապարհաշինական բազմաթիվ ծրագրեր է իրականացնում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ