«Վանի» պաշտպան Արգիշտի Պետրոսյանը, «Ուրարտուի» հարձակվող Աբրահամ Պորտուգալյանը և «Ալաշկերտի» նախկին կիսապաշտպան Արամ Հովսեփյանը ՖԻՖԱ-ից փոխհատուցում են ստացել:
Երեք խաղացողները դիմել էին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա (FIFPro), որը ՖԻՖԱ-ի հետ համատեղ բացված ֆոնդի միջոցով փոխհատուցում է տրամադրում այն ֆուտբոլիստներին, որոնց չի վճարվել աշխատավարձ: Նշված 3 խաղացողները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել, երբ խաղացել են «Երևանի» կազմում:
Մոտ 1,5 տարի տևած հետաքննությունից հետո հայ ֆուտբոլիստների դիմումը մասնակի բավարարվել է և նրանց պարտքը մարվել է մոտ 70-80 տոկոսով:
ՖԻՖԱ-ի ու FIFPro-ի համատեղ ֆոնդի բյուջեն կազմում է 5 մլն եվրո, որը բաշխվել է մոտ 1100 ֆուտբոլիստների միջև: Դիմումի բավարարման համար պարտադիր պայման է եղել, որ ֆուտբոլիստը ներկայացնի գրավոր ապացույց աշխատավարձ չստանալու վերաբերյալ: Վճարումներ կատարվել են այն ֆուտբոլիստներին, որոնց պարտք մնացած ակումբը դադարեցրել է ելույթները կամ ընդհանրապես սնանկացել: