ՊՆ-ն՝ սահմաններում իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին եւ 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռեւս չի փոփոխվել: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայկական կողմը ադրբեջանական զինվորականներին ներկայացրել է իր հստակ պահանջը` առանց որեւէ նախապայմանի ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ:

Խնդիրը խաղաղ հանգուցալուծելու նպատակով դեռեւս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն վաղը:

Այսօր առավոտից համացանցում եւ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների առաջխաղացման նոր դեպքերի մասին չեն համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական ստորաբաժանումները մայիսին 13-ից հետո ոչ միայն առաջ չեն եկել, այլեւ, հայկական ԶՈւ գործողությունների արդյունքում ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել եւս կեղծ տեղեկություններ տարածելուց, մանավանդ այսպիսի զգայուն խնդիրների շուրջ:

Իրադրության ցանկացած զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։




Լրահոս