
Իտալացի սենատորը հորդորել է իր երկրի ԱԳ նախարարին արձագանքել Հայաստանի պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինին դիմել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյին՝ հարցում անելով, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ Սյունիքի մարզում ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի պետական սահմանը:
«Դա կլիներ հերթական սադրանքը Թուրքիայի դիվանագիտական և ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի ժողովրդավարական և քրիստոնեական հանրապետության: Հավատացած ենք, որ եվրոպական կառույցներն ընդհանուր առմամբ և Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն մասնավորապես, անհապաղ կարձագանքեն դեսպան Համբարձումյանի կոչին` ի պաշտպանություն միջազգային իրավունքի: Նա, ով ձևացնում է, թե չի տեսնում, ինքն իրեն հանցակից է դարձնում և սնուցում է ռազմական էսկալացիայի վտանգը»,- հայտարարել է սենատոր Անդրեա Կանջինին։