Մայիսի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ։
Ողջունելով փոխվարչապետ Թալաբանիին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ թեև այցը տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում, այն խորհրդանշական է պատմական ամուր կապերով միահյուսված հայ֊քրդական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակությամբ է ընդգծել վերջին շրջանում Իրաքի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Արա Այվազյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` խորացնելու և ընդլայնելու Իրաքյան Քուրդիստանի Ինքնավարության հետ փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և տեղի իշխանությունների միջև հաստատված սերտ կապերը: Անդրադարձ է կատարվել հեռանկարային ուղղություններ հանդիսացող բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին։
Երկուստեք բարձր է գնահատվել Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում, ինչպես նաև երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հրատապ հարցեր։ Առանձնահատուկ կարևորվել է Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ու պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման շուրջ համագործակցությունը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատվիրակության անդամներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը։