ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեղի ունեցավ Հայաստանի սահմաններին, և ինչ ունենք այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ից սկսած Հայաստանն ապրում է նոր իրողություններում: Այդ օրը պարզ դարձավ, որ ադրբեջանական զինուժն առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Խոսքը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հատվածում Հայաստանի սահմանները հատելու մասին է: Այդ հարցի լուծման համար արդեն մի քանի օր է բանակցություններ են ընթանում հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, որոնցում ակտիվ ներգրավվածություն ունի նաեւ ռուսական կողմը՝ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ:

Հայկական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի ինքնիշխան տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Ընդ որում, բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»: Առ այսօր իրավիճակը շարունակում է նույնը մնալ՝ չնայած առկա բանակցություններին: Իսկ արդեն այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:

Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:




Լրահոս