Մենք միշտ եղել ենք քաղաքականությունից դուրս. Դավիթ Երեմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթում ««Հայր և որդի Երեմյանները»՝ արտոնյալ․ ինչու է իշխանությունը հատուկ վերաբերմունք ցուցաբերում» վերնագրով հոդվածի հրապարակումից հետո բազմաթիվ ընթերցողներ իրենց վրդովմունքը հայտնեցին: Նոր պարզաբանումների համար զրուցել ենք «Երեմյան Փորջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:

– Պարոն Երեմյան, այս օրերին մեզ շատերը դիմեցին, ասելով, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում եւ չկա որեւէ հատուկ վերաբերմունք: Ի վերջո՝ ինչ է կատարվել:

– Եվ իրոք՝ չեն համապատասխանում: Ավելին՝ «Երեմյան Փորջեքթս»-ի վերաբերյալ տարածվող լուրերն կարող են մեր ընկերության հեղինակությանը լուրջ վնաս հասցնել: Նախ նշեմ, որ Կ.ԴեմիրՃյանի անվան մարզահամերգային համալիրը «Երեմյան Փորջեքթս»-ի հետ ոչ մի առնչություն չունեցող, առանձին կառույց է, որին հարկային պարտականություններից ազատելը ոչ մի կերպ չի կարելի կապել մեր ընկերության հետ: Երկրորդ՝ ՀՀ Կառավարությունը ինչպես և տարածքների սեփականատեր մեր բոլոր գործընկերները՝ Ռեստորանների Միության հորդորով, համավարակի ընթացքում չաշխատելու հիմնավորմամբ ներել են մեր մի քանի ամսվա վարձակալման վճարը, և ոչ միայն մեզ, այլև երևանյան շատ ռեստորաններին: Նյութում թյուր կարծիք է ձևավորում, որ մեր ընկերությունը զգալի արդյունք է սկսել գրանցել հենց 2018 թվականից հետո, քանի որ, իբրև թե, իշխանությունները մեզ աջակցում են բոլոր հարցերում: Մինչդեռ մեր ռեստորանների հիմնական մասը գործարկվել է 2018 թվականից առաջ՝ «Պանդոկ Երեվան» ռեստորանային ցանցի 4 մասնաճյուղերը, «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանները, իսկ մնացածն արդեն գործող ծրագրերի ռազմավարական բնական շարունակությունն էր: 2006 թվականից ջանք չենք խնայում երկրում ռեստորանային ոլորտի, գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման համար: Արտոնյալ չենք եղել և չենք: Տարբեր նախագծերով համագործակցել ենք պետական կառույցների հետ և որպես պետության գործընկեր գնահատվել ենք բոլորի կողմից:

Իսկ «Իմ քայլ» -ի նախընտրական շտաբին գումար փոխանցելու մասին ինչ կասեք. Չե՞ք տվել:

-Ինչպես այն օրը, այնպես էլ այսօր կրկնեմ. երբեք և ոչ մի փոխանցում չի եղել ո՛չ «Իմ քայլ»-ին, ո՛չ այլ որևէ քաղաքական և ոչ քաղաքական կառույցի։ Մենք Հայաստանում արդեն 15 տարի գործող բիզնես ենք, մեր համբավն ու հեղինակությունը վաստակել ենք մեր քրտնաջան ազնիվ աշխատանքով, մեր հյուրերի և գործընկերների սերն ու հարգանքը՝ պատասխանատվությամբ և մեր ծառայությունների որակով։
Մենք բիզնես ենք, ու միշտ եղել ենք քաղաքականությունից դուրս։ Եվ պետք չէ մեզ հիմա, այս լարված օրերին խառնել քաղաքական որևէ թեմաների՝ հարվածի տակ դնելով մեր՝ տարիներով վաստակած հեղինակությունը, որը բիզնեսի համար ամենակարևորն է։ Մենք միշտ վճարել ենք մեր հարկերը, խոշոր հարկատու ենք, ժամանակին և պարտաճանաչորեն իրականացրել վարկային պարտավորությունները, ստեղծել ենք 1000-ից ավել աշխատատեղ Հայաստանում և Արցախում, ներդրումներ ենք իրականացրել տնտեսության տարբեր ոլորտներում, միշտ փորձել ենք լինել պիտանի մեր երկրին, մեր հայրենակիցներին, գործել ենք ազնիվ և պատասխանատու:

Ընտրությունները կանցնեն, կգնան, մենք մնալու ենք, գործելու ենք, աշխատելու ենք և մնայուն արժեքներ ենք ստեղծելու․․․ Հորդորում եմ անզգույշ խոսքով և ապատեղեկատվությամբ չփչացնել այն լավն ու բարին, որը կա մեր երկրում: Մի´ խառնեք մեզ քաղաքական խաղերին




Լրահոս