Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները փոքր-ինչ ավելացել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 4 մլն 815 հազար 100 դոլարի օգնություն: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 5 մլն 209 հազար 300 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Մեզ հայտնի դարձավ նաեւ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին: Դրանց թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 496 հազար 500 դոլարի չափով օգնություն:
Մինչդեռ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին նույն երկրից մեր հանրապետություն եկել է 1 մլն 100 հազար 700 դոլորի չափով մարդասիրական օգնություն:
Մեր բարեկամ Ֆրանսիայից մարդասիրական օգնության ծավալն է ավելացել. Ֆրանսիայից ՀՀ եկել է 564 հազար 400 դոլարի չափով օգնություն: Ֆրանսիայից 2020 թվականի հունվար-մարտին Հայաստան եկել է 179 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Անցյալ տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 84 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ահա այս տարվա հունվար-մարտին Շվեյցարիայից Հայաստան ուղարկվել է 40 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը մարդասիրական օգնություն չի ստացել: Հայաստանին մարդասիրական օգնություն չի ուղարկվել նաեւ Ռուսաստանից: Մինչդեռ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՌԴ-ից ՀՀ ստացվել էր 7100 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Ուկրաինայից ոչ անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին է մարդասիրական օգնություն եկել Հայաստան ոչ էլ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում:
Բացի այս, ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հնդկաստանից Հայաստան նվազել է մարդասիրական օգնության ծավալները: Փոխարենը՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Չինաստանից ՀՀ ստացվել է 1 մլն 109 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն՝ նախորդ տարվա 557 հազար 400 դոլարի դիմաց:
Ս.Հ.