«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին գրություն էր ստացվել, որ մի խորքային հորից մի քանի տասնյակ մետր մալուխ են գողացել։ Գրության հիման վրա նյութեր նախապատրաստվեցին, ապա քրեական գործ հարուցվեց։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել են երկու երիտասարդ, մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Նորավան գյուղի բնակիչ։
Նրանք հայտնաբերվեցին ու ներկայացվեցին նախաքննական մարմնին։ Միջոցառումները շարունակվեցին և շուտով հայտնի դարձավ, որ նրանք գողություններ են արել նաև այլ խորքային հորերից, ինչպես և Արշալույս ու Ջրառատ գյուղերի կարկտակայաններից։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությունը շարունակվում է, շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։