Հայաստանի սահմաններին մայիսի 12-ից տիրող իրավիճակը գալիս է ապացուցելու, որ Զինված ուժերը չեն կարողացել կատարել Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները ու դրա թիվ 1 պատասխանատուն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է: Բանն այն է, որ Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ ասվում է. «Հոդված 14. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»: Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ Սյունիքի եւ Հայաստանի կողմից Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ըստ էության խախտվել է, քանի որ, պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սյունիքի կողմից հակառակորդն առաջ է եկել 3.5 կմ (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով), իսկ Գեղարքունիքի մարզի կողմից՝ 2 կմ (մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով): Սակայն Սահմանադրությամբ էլ հենց ամրագրված է, որ Զինված ուժերը պետք է պահպանի մեր սահմանների անձեռնմխելիությունը, սակայն չի կարողացել: Իսկ ո՞ւր է այս օրերին գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ինչո՞վ է զբաղված եղել, եւ ինչո՞ւ առաջնագիծն այնքան պաշտպանված չի եղել, որ կարողանանք դիմագրավել այսպիսի խախտումներին եւ պահպանել սահմանները: Ստացվում է՝ անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվել, եւ այսօր հայկական կողմը դիմում է ՀԱՊԿ-ին, խնդրում կատարել կառույցի՝ պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները։
Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Սոֆյա Հովսեփյանը հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագծով: Մասնավորապես, անկախ պատգամավորներն առաջարկում են հայտարարություն ընդունել, ըստ որի՝ Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որեւէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա: Միեւնույն ժամանակ նրանք առաջարկում են ընդունել, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաեւ ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է: Անկախները կարծում են, որ գործող խորհրդարանը պարտավոր է հասցնել ընդունել այս նախագիծը։
ՀՀ Ազգային ժողովում իշխանական խմբակցությունը, ինչպես միշտ, անտեղյակ է երկրում տեղի ունեցող զարգացումներից։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ նկատեց, որ պատգամավորները միմյանցից էին հետաքրքրվում՝ ինչ կա սահմանին, ինչ է կատարվում։ Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները տեղյակ չեղան, թե ինչպես հաղթող բանակը հանկարծ պարտվեց, եւ Նիկոլ Փաշինյանը անակնկալ ստորագրեց եռակողմ պայմանագիրը, այնպես էլ հիմա սրտատրոփ սպասում են, որ հնարավոր է՝ մի նման արտառոց բան տեղի ունենա, եւ իրենք էլի իմանան մամուլից: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թեւի շատ պատգամավորների չի հաջողվում անգամ կառավարության առանցքային դեմքերի հետ կապ հաստատել կամ Պաշտպանության նախարարությունից մի ինֆորմացիա ստանալ Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Խորհրդարանական իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, մամուլի հույսին է մնացել, թե որ լրատվականը ինչ տեղեկություն կտրամադրի սահմանից: Երեկ խորհրդարանում անգամ մասնավոր զրույցներում նշում էին, որ գոնե լավ է՝ անկախ պատգամավորները ոտքի ելան ու պահանջեցին ԱԺ արտահերթ նիստ անել, թե չէ եթե իշխանությանը մնար, ապա իրենք կշարունակեին մթության մեջ մնալ: Ի դեպ, տեւական ժամամակ է՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անտեղյակության մեջ են եւ չգիտեն՝ ինչ է լինելու լուծարված խորհրդարանի շատ ներկայացուցիչների ճակատագիրը:
Այսօր «Ծիրանի» համալիրի բացօթյա տարածքում տեղի կունենա «Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագրի ստորագրման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Հայրենիք» եւ Հանրապետական կուսակցությունների կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը մտադրություն ունի իր նախընտրական ցուցակի առաջին տասնյակում ներառել այնպիսի անձանց, որոնք ունեն բարձր ռեյտինգ, ինչպես նաեւ կարող են ձայներ բերել։ Քաղաքական կերպարները ավելի հետին պլանում կլինեն։ Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը) եւ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը այն անձինք են լինելու, որոնք կլինեն դաշինիքի ընտրացուցակի առաջին տասնյակում։