ՔԱՈՍ, ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը ArmLur.am-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց Հայաստանում տիրող իրավիճակի առնչությամբ: «Ձեզ մոտ քաոս, անկազմակերպվածություն է տիրում, եւ եթե այսպես շարունակվի, ապա ավելի վատ կարող է լինել վիճակը», – նկատեց նա: Խոսելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմումի մասին՝ Տեր-Գրիգորյանցը նկատեց. «Սա ագրեսիա է, սակայն ձեր կառույցները լռում են, անգամ ՄԱԿ դիմում չկա: Դուք նստել, հարցնում եք՝ ինչ պետք է անել. ինչ-որ մեկը երկիր ղեկավարո՞ւմ է, թե ոչ: Իշխանություն ունե՞ք:  Դիմել եք ՀԱՊԿ-ին, բայց դուք ոչինչ չեք անում, այդպես հնարավո՞ր է: Պետք է ինքներդ քայլեր անեք, նոր դիմեք ՀԱՊԿ-ին»:

 

Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: Համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի՝ ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ:

-Պարո՛ն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ պետք է հետեւի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին:

-Հայաստանում տիրում է անիշխանություն, քաոս, բարդակ, եւ եթե այսպես շարունակվի, ապա իրավիճակն ավելի է  վատանալու: Արդեն ձեր գյուղերն են գրավում, սակայն ձեր Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը նստած են եւ ոչինչ չեն անում: Նա նախարա՞ր է, թե՞ ձեր զինված ուժերը, որոնք ես եմ ստեղծել, արդեն մահացել են: Ի՞նչ եք դուք անում, ինչո՞վ եք զբաղվում: Այս ամենը ագրեսիա է, սակայն ձեր ԱԳՆ-ն լռում է, բողոքի որեւէ նոտա չի ուղղում ՄԱԿ-ին, բայց նաեւ սահմանները չեն պահպանվում: Այս ամենի փոխարեն նստում եւ մտածում են՝ ինչ է պետք անել: Ձեր վարչապետը, որ պետք է զբաղվի սահմաններով, ձայնը դուրս չի գալիս: Սահմաններն ի վերջո գրված են, բայց ոչ մի քայլ չի արվում, եւ լռություն է: ԱԳ նախարարը եւս, անհայտ է, ինչ է անում: Միայն հայտնի է, որ վարչապետի պաշտոնակատարը դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն հնարավո՞ր է որեւէ բան չանել եւ դիմել ՀԱՊԿ-ին: Ի վերջո, պետք է անձամբ քայլեր անեք եւ հետո դիմեք այլ կառույցների: Սակայն ստացվում է՝ նստած որեւէ բան չեք անում եւ որոշում եք դիմել ՀԱՊԿ-ին:

-Կարո՞ղ եք ասել՝ ինչ քայլեր պետք է արվեին 44-օրյա արցախյան պատերազմից հետո, որոնք չեն արվել:

-Պատերազմից հետո Հայաստանը պետք է կատարեր այն պարտավորությունները, որոնք առկա են եռակողմ համաձայնագրով: Ի վերջո, միայն ՌԴ-ի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմը: Պայմանավորվածություն եղավ ճանապարհների մասով, եւ պետք է դրանք իրականացվեն: Ճանապարհներ պետք է կառուցվեն, սակայն ոչինչ չի արվում, իսկ մյուս կողմն էլ ասում է, թե այդ դեպքում իրենք պատերազմով կվերցնեն: Ինչո՞ւ եք դուք պատերազմ հրահրում, ի վերջո պայմանավորվել էիք, չէ՞: Սա՝ առաջին, իսկ երկրորդ՝ այն է որ իշխանություններն անհասկանալի քայլեր են կատարում: Ինչո՞ւ ՀՀ զինված ուժերը չեն ապահովում երկրի անվտանգությունը, չկան սահմանապահ ուժեր: Հաշվի առեք՝ հիմա Արցախ չկա, այս ամենը ավարտվել է, եւ սահմաններ են, ու պետք է Հայաստան-Ադրբեջան սահմանին լինեն սահմանապահներ, բայց չկա նման բան: Պետք է սահմանները պաշտպանվեն, ինչպես արվում է Տավուշի եւ Արմավիրի մարզերում: Թուրքիայի սահմանն ամբողջությամբ պաշտպանված է, հիմա պետք է պաշտպանվի նաեւ Ադրբեջանի կողմից սահմանը, բայց դրա փոխարեն ինչ-որ դավաճաններ Ռուսաստանի Դաշնության դեմ է քայլեր անում: Եվ չնայած դուք դաշնակից եք համարվում, սակայն ինքներդ ձեզ պաշպանել չեք կարողանում եւ դաշնակցի հանդեպ էլ այդպիսի քայլեր եք անում: Դուք մեջքով շրջվել եք դեպի Ռուսաստանը, Իսրայելը բա նման բան կանե՞ր:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ

«Մենք, ըստ էության, չունենք ոչ միայն համապատասխան կահավորանք, այլ նաեւ թերեւս ներուժ դիմակայելու: Պետք է պաշտոնական օղակները հստակ տեղեկություն տան, թե որ հատվածից, քանի կմ են ներխուժել, ինչպես են ներխուժել, ինչու նախապես չենք իմացել, ինչու մեր հետախուզությունը չի զեկուցել, ինչ հակաքայլեր են արվել:

 

Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր պետք է պատասխանատվություն կրի, որովհետեւ մենք կորցրել ենք Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Առաջին պատասխանատուն Արտակ Դավթյանն է, որովհետեւ ինքն է ԳՇ պետը: Ես հետեւողական եմ լինելու այս հարցում»,- ասել է Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Անդրադառնալով մեղադրանքներին, թե նախկինները 27 տարի չեն կահավորել առաջնագիծը, Թագուհի Թովմասյանը նկատել է, որ այս առաջնագիծը առաջացել է նոյեմբերի 9-ից հետո, երբ Քարվաճառը փոխանցվեց Ադրբեջանին:  «Մենք ունեցել ենք շատ մեծ բուֆերային գոտի, որը կորցրել ենք, դրա համար հիմա գտնվում ենք այսքան մոտ հեռավորության վրա: Հիմա ադրբեջանցի զինվորների աչքերը փակենք, որ չտեսնի՞, որ մենք խրամատ չունենք, որ մեր զինվորները ցելոֆանե վրանների մեջ են քնում: Հիմարություն է մտածել, որ ադրբեջանցին իմ կամ որեւէ մեկի բարձրացրած հարցի միջոցով պետք է իմանա, թե ինչ է կատարվում առաջնագծում»,-ասել է Թ. Թովմասյանը:

Նա նկատել է, որ ադրբեջանական զինուժը այդ նույն եղանակային պայմաններում կարողանում է խրոմատներ փորել, մենք չենք կարողանում. «Մենք ինչո՞ւ ենք այսքան մոռացել առաջնագծի մասին, ինչո՞ւ ենք այսքան թերագնահատում թշնամուն: Երեկ ինձ զանգել ասում են՝ եթե մարդ չի գալիս, գոնե զենք տվեք, որ պաշտպանվենք: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի գործողությունները մեծապես պայմանավորված են մեր երկրում առկա անկայուն վիճակով: Քանի մենք խառն ենք, իրար ենք ուտում, իրենք ընդլայնվում են: Առաջին պատերազմում եղել է նույնը. երբ Ադրբեջանում իրար էին ուտում, մենք ընդլայնում էինք մեր տարածքները»,- ասել է պատգամավորը:

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ եկող շաբաթ Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, քննարկվելու եւ ընդունվելու է կարեւոր հայտարարություն հայ ռազմագերիների վերաբերյալ: Այդ հայտարարությամբ կոչ է արվելու միջազգային կառույցներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ նախաձեռնությունը իրականացնելու համար հայկական կողմից մեծ աշխատանքն են տարել ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը աշխատել է Եվրոպական պահպանողականների եւ ժողովրդավարների հետ, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, որը աշխատել է եվրոպական լիբերալների հետ, եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը աշխատել է EPP-ի եվրոպական ժողովրդավարական կուսակցության հետ:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՄԵՔԵՆԱՆ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ նախօրեին՝ երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանները տուգանային հրապարակ են տեղափոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդու վարած ԲՄՎ ավտոմեքենան: ՀՀ ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նշված տրանսպորտային միջոցը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված վիճակում վարելու համար կանգնեցվել եւ տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

 

 

ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴՐՍԵՒՈՐՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը: «Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից վտանգավոր եւ ագրեսիայի անօրինական դրսեւորում է, որն ընդգծում է այն մշտական վտանգը, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետեւանքների առաջ է կանգնելու: Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը բարձրագույն մակարդակով՝ հստակեցնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, եւ որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան անընդունելի են»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:

 




Լրահոս