ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՎԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներն» իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհների հատկացման մրցույթ: Դրամաշնորհները կհատկացվեն ՀՀ Վայոց ձորի եւ Արարատի մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության նպատակով:

 

ԿԳՄՍՆ-ից փոխանցել են, որ ծրագրերի նպատակը ՀՀ Վայոց ձորի եւ Արարատի մարզերի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է: Ծրագրերը կկազմակերպվեն Վայոց ձորի մարզի 48 եւ Արարատի մարզի 112 հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների համար 2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Դրանք կներառեն հետեւյալ միջոցառումները՝

հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում եւ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին՝ ըստ նրանց անհատական ուսուցման պլանով նախատեսված աջակցող ծառայությունների տեսակի, ժամանակահատվածի, տեւողության եւ ծավալների ու ծառայությունների տրամադրման գրաֆիկի,

խորհրդատվություններ ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների եւ ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ նախադպրոցական) մանկավարժական աշխատողների համար՝ երեխայի կրթության կազմակերպման եւ սոցիալական ներառման հարցերի շուրջ՝ անհրաժեշտության դեպքում խորհրդատվական փոխայցեր կատարելով ուսումնական հաստատություններ,

ԿԱՊԿՈՒ երեխաների կրթության իրականացման գործընթացի բարելավման նպատակով ուսումնական հաստատությունների մանկավարժների համար վերապատրաստման դասընթացների եւ սեմինարների անցկացում,

մանկավարժահոգեբանական վերլուծությունների արդյունքում սովորողների կրթության առաջընթացի եւ մասնակցայնության դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում,

աջակցություն հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ ԿԱՊԿՈՒ սովորողների անհատական ուսուցման պլանների մշակման եւ իրականացման գործում:

Մրցույթներին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն կազմակերպությունները, որոնք կապահովեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 370-Ն հրամանով հաստատված, տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մասում նկարագրված գործընթացները եւ ունեն ոլորտում ծառայությունների մատուցման առնվազն  2 տարվա փորձ:

Մրցույթների մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը՝ ժամը 12:30-ն:

 

 

37 ՄԼՆ ՀԱՐԿ ՉԻ ՎՃԱՐԵԼ

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունները չվճարելու դեպքը:

 

ՊԵԿ քննչական վարչությունում հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը առանձնապես խոշոր չափերով չվճարելու եւ կանխամտածված սնանկության հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը առանձնապես խոշոր չափով՝ ավելի քան 37 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմին չի ներկայացրել եկամտային հարկի եւ սոցիալական վճարի, ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկները: Հետագայում տնտեսվարողի կողմից կանխամտածված ստեղծվել են նաեւ անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Կազմակերպությունը դեռեւս 2019թ. ՀՀ սնանկության դատարանի վճռով ճանաչվել էր սնանկ, ապա սկսվել էր լուծարման վարույթ: Սակայն հակառակ սնանկության գործերով կառավարչի օրինական պահանջների՝ ընկերությունը շարունակել է դրսեւորել հակաօրինական վարքագիծ՝ Գյումրիում զբաղվելով գազալցավորման ծառայությունների մատուցմամբ: Այդ ընթացքում տնտեսվարողի կողմից վաճառված գազի ծավալների վերաբերյալ փաստաթղթեր չեն կազմվել ու հարկային մարմնին չեն ներկայացվել համապատասխան հաշվարկներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 37 միլիոն 334 հազար ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Արդյունքում 2020թ. կազմակերպության տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրվել է մեղադրանք: Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ մեղադրանք առաջադրելուց հետո ընկերության տնօրենը կրկին շարունակել է զբաղվել գազալցավորման գործունեությամբ, առանց իրացումների գծով հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու: Ավելին՝ ընկերության գործունեությունը կասեցնելուն ուղղված նախաքննական մարմնի օրինական գործողությունների դեմ կազմակերպության տնօրենը ներկայացրել է գրավոր առարկություններ:

Տնտեսվարող սուբյեկտի հակաօրինական գործունեությունը կանխելու, այդ ընթացքում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու նպատակով ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել գազալցակայանի բաշխիչ աշտարակները: ՊԵԿ քննչական ու Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համապատասխան մասնագետի օգնությամբ, որոշման հիման վրա, ապամոնտաժել են Գյումրի քաղաքում ապօրինի գործունեություն իրականացնող գազալցակայանի՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի լիցքավորման երկփողանի բաշխիչ աշտարակները, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույցներ եւ տեղափոխվել այլ տարածք:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու ուղղությամբ:

 

 

230 ՆՈՐ ԴԵՊՔ

Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220.447 դեպք, որից 207.464-ը՝ առողջացած, 4301-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7627 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.030.335 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք: Ունենք 712 առողջացած եւ 10 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1055 է:

 

 




Լրահոս