ԴԱՇԻՆՔՈՒՄ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԶԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատիվ ունեմ» նորաստեղծ դաշինքի անդամ է հանդիսանում նաեւ Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել նրան՝ փորձելով պարզել, թե ինչու է նա ընտրել հենց այս դաշինքը: «Ինձ համար կարեւորագույն բաղադրիչներից է պահպանողական լինելը: Մենք տեսանք, թե իրենց ազատական համարող ուժը ինչի հասցրեց այս երկիրը: Ունենալով տարբեր առաջարկներ՝ կայացրել եմ շատ դժվար որոշում, սակայն վստահաբար եմ եկել այդ որոշմանը»,- նշեց նա: Դիտարկմանը՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ մշտապես քննադատում էր նրանց, արդյոք անհարմարություն չի զգում, նա նկատեց. «Անհարմարություն չեմ զգում եւ ամենեւին չեմ խորշում այդ ամենից, քանի որ այսօր առաջնային խնդիրը վերքերի ամոքման հարցն է»:

 

-Տիկի՛ն Վարդանյան, ինչո՞ւ որոշեցիք հենց այս դաշինքով մասնակցել ընտրություններին:

-Երկար ժամանակ վերլուծելով քաղաքական դաշտը, տարբեր կոիւսակցությունների եւ թիմերի արժեհամակարգերը՝ ինձ համար կարեւորագույն բաղադրիչներից մեկը պահպանողական լինելն է: Վերջին 3 տարվա ընթացքում մենք տեսանք՝ իրենց սուպերազատական եւ միայն ազատական համարող ուժերն ինչի հանգեցրին մեր երկիրը: Նկատի ունենալով ողջ քաղաքաղկան դաշտն ու ունենալով տարբեր առաջարկներ՝ կայացրել եմ շատ դժվար որոշում, բայց միանշանակ ու վստահաբար եմ որոշել: Այստեղ ես զուտ առաջնային խնդիր ունեի՝ անկեղծության եւ ինքս ինձ հետ անկեղծության ու ազնվության:

-Կոնկրետ ի՞նչն էր որոշման դժվարությունը, կմանրամասնե՞ք: Դուք Հանրապետական կուսակցության օրոք եւս ընդդիմադիր գործունեությամբ եք աչքի ընկել ավագանու նիստրիրն: Հիմա անհարմարություն չե՞ք զգում՝ այս դաշինքի հետ հանդես գալով:

-Բացարձակ անհարմարություն չեմ զգում եւ ամենեւին չեմ խորշում այդ ամենից: Առաջնային խնդիրը երկրի ոտքի կանգնելու եւ զարգացման խնդիրն է, այսինքն՝ վերքերի բուժման ու տնտեսության զարգացման խնդիրն է: Եվ Հանրապետական կուսակցությունը նաեւ ինքնամաքրվել է, նաեւ, կարելի է ասել, անցել է որոշակի քավության ճանապահով: Եվ պետք է բոլորս ընդունենք, որ Հանրապետական կուսակցությունը կառավարման մեծ փորձ ունի, մարդկային մեծ ռեսուրսներ ունի, մարդկային ուղեղներ ունի, եւ ես ամենեւին դրանից չեմ խորշում: Ես պարզ ճակատով եւ բաց աչքերով յուրաքանչյուրի հետ շփվում եմ ու նույնկերպ շփվելու եմ յուրաքանչյուր քաղաքացու հետ:

-Դուք հիմա դարձել եք «Հայրենիք» կուսակցության անդա՞մ:

-Այո, անդամագրվել եմ «Հայրենիք» կուսակցությանը, եւ հենց հիմնական այդ որոշման հետ կապված էին իմ մտորումները, ոչ թե դաշինքի հետ կապված, քանի որ դաշինքի ֆորմատով ու գաղափարից ամենեւին չեմ խորշել: Երկար մտածել եմ կուսակցությանն անդամագրվելու եւ վստահ կայացրել եմ որոշում:

-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կընթանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ լինի մեծ, թե փոքր, կուսակցություն, թե առավել  եւս դաշինք, պետք է զգոն լինի, որովհետեւ այս իշխանություններին, առհասարակ, որեւէ մեկս որեւէ կերպ չենք վստահում: Այսինքն՝ այն գործելաոճը, որը տարիներ շարունակ ղժղժացել է Փաշինյանը, այն գարծիքակազմը, որից բողոքել է տարիներ շարունակ, հիմա եթե հնգապատիկ տասնապատիկը չէ, նույնիսկ քսանապատիկն է անում: Ժամանակին բողոքելով, որ ընտրությունները տարբեր իշխանություններ տարբեր ժամանակներում կեղծել են, այս իշխանությունները հնարավորինս անելու են իրենց աթոռը պահելու համար:

-Սահմանային լարվածությանը զուգահեռ ինչպե՞ս կացկացվեն ընտրություններ:

-Տեսակետներ կան, որ գուցե եւ Փաշինյանն է ներքին պայմանավորվածություններով իր «եղբայր» պետությունների եւ «եղբայրների» հետ հրահրում սահմանային լարվածություն: Սա կատարյալ հիմարություն կլինի վերջինիս կողմից, որովհետեւ ինքը գոնե իր սեփական անձի հետ կապված հարցերում բավականին խելամիտ է: Դա բավականին հիմար որոշում կլինի այդ պատրվակով ձգձել ընտրությունները, որովհետեւ դա լինելու է նրա համար անդառնալի: Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին,  դա սոսկալի է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՔՐԳՈՐԾ՝ ՍԱՀՄԱՆԸ ՉՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԴԵՊՔՈՎ

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ պաշտոնական անփութության հակտանիշներով: Մասնավորապես, իրավապահ մարմիները քրեական գործը հարուցել են այն դեպքից հետո, երբ հակառակորդը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում մի քանի կիլոմետր առաջ է եկել եւ հրաժարվում է լքել ՀՀ տարածքները:

 

Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ի դեպ, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ մայիսի 3-ի հայտարարությունը: Բանն այն է, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ: Այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի Հանրապետության  զինվորական քննչական վարչությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրավիրվի հարցաքննության. ի վերջո նա էր Ազգային ժողովում հայտարարել. «Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ Դուք չեք կարող տեսնել այն ամեն ինչը, ինչ արվում է, որովհետեւ այդ արվողի հսկայական մեծամասնությունը արվում է գաղտնի»:

Ստացվում է՝ անգամ եթե վարչապետին զեկուցվել է, որ առաջնագծում ինչ-որ բաներ են արվում, ուրեմն հերթական անգամ սխալ են զեկուցել, կամ նա է իրականությունն այլ կերպ ներկայացրել:  Ինչեւէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Եվ, ահա, Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) եւ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է  ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս օրերին պատրաստվում է արդեն մեկ անգամ հետաձգված համագումարին: Ըստ մեր տեղեկությունների՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մայիսի 23-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում պատրաստվում է համագումար անցկացնել: Նշենք, որ այն պետք է կայանար մայիսի 15-ին, սակայն սահմանային լարվածության պատճառով կուսակցությունը որոշել էր այն հետաձգել: Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ մեկնել էր Աղվերանի հյուրանոցներից մեկը, որտեղ թեժ քննարկումներ էին ընթանում։ Լուսավորականները որոշել էին առանձնանալ, որպեսզի կարողանան դետալ առ դետալ քննարկել ընտրություններին մասնակցելու իրենց ձեւաչափի, ընտրական ծրագրի, ցուցակի անդամների հետ կապված հարցերը:

Բանն այն է, որ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում նախընտրական ցուցակում ներառելու համար, ու նաեւ այդ հարցերով են կուսակցությունում թեժ քննարկումներ ընթանում: Կարծես թե հստակեցվում է մի բան, որ ԼՀԿ-ի ցուցակի առաջին կինը ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանն է լինելու: Մենք տեղեկացանք նաեւ, որ ԼՀԿ-ական պատգամավորներից հնարավոր է լինեն նաեւ Արկադի Խաչատրյանը, Տարոն Սիմոնյանը, Գեւորգ Գորգիսյանը, որոնց աշխատանքից գոհ է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հստակ է նաեւ մի բան, որ ԼՀԿ ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, որին իր թիմը տեսնում է նաեւ վարչապետի պաշտոնում: Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք արդեն պատրաստ է ԼՀԿ-ի նախընտրական ցուցակը, թե ոչ, վերջինս փոխանցեց, որ համագումար կանեն, նոր ցուցակը կգրեն:

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ

«Չեմ ուզում հավատամ, որ կարող է նման բան լինել: Սպասենք, տեսնենք, թե ինչ կասեն իշխանությունները, պաշտոնական ինչ տեղեկություններ կտան: Հույս ունենք, որ տարածված ասեկոսեները կհերքեն»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նշենք, որ երեկվանից համացանացում տեղեկություններ են շրջանառվում Մեղրիի միջանցք բացելու մասին: Հիշեցնենք, որ, մայիսի 12-ից սկսած, ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ մի քանի օր բանակցություններ են ընթացել, նախօրեին՝ ժամը 14-ին, դրանք վերսկսվել էին։  Պաշտպանության նախարարությունից դեռեւս ոչ մի  հաղորդագրություն չկա, սակայն նշենք, որ մինչ այդ տարբեր տեղեկություններ են շրջանառվում բանակցությունների վերաբերյալ։

 




Լրահոս