ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿՐՔԵՐ ՉՍՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանի դեմարկացիայի աշխատանքներում եւ կրքերը սրելու կարիք չի տեսնում: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումից շուրջ մեկ շաբաթ անց՝ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իրավիճակին՝ Լավրովն ասել է. «Միջադեպից հետո ադրբեջանական կողմը  հայտարարություն է տարածել, պարզաբանել, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, եւ որ ամենակարեւորն է՝ սահմանազատված եւ սահմանագծված [դելիմիտացիա եւ դեմարկացիա] սահմանի բացակայությամբ»։

«Մենք առաջարկել ենք, որ կողմերն աշխատեն այդ ուղղությամբ, եւ մենք պատրաստ ենք նրանց աջակցել քարտեզներով ու խորհրդատվական ծառայություններով», – նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Լավրովն ընդգծել է, որ մինչ օրս որեւէ կրակոց չի հնչել, բախումներ չեն եղել։ «Հանգիստ նստել են, սկսել են պայմանավորվել, թե ինչպես է պետք այս իրավիճակը հարթել, մեզնից աջակցություն են խնդրել, մեր զինվորականները տրամադրել են, ձեռք է բերվել համաձայնություն։ Ես չեմ տեսնում կրքերը թեժացնելու որեւէ կարիք այս բավականին հեշտ կարգավորվող հարցում», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կայացած ասուլիսում։

Իսկ ի՞նչ ունենք այս օրերին, եւ ինչպե՞ս սկսվեց իրավիճակը. մայիսի 12-ին պարզ դարձավ, որ ադրբեջանական զինուժն առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Խոսքը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հատվածում Հայաստանի սահմանները հատելու մասին է: Այդ հարցի լուծման համար արդեն մի քանի օր է՝ բանակցություններ են ընթանում հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, որոնցում ակտիվ ներգրավվածություն ունի նաեւ ռուսական կողմը՝ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ:

Հայկական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին եւս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման եւ անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար, առանց որեւէ նախապայմանի հեռանալ Հայաստանի ինքնիշխան տարածքներից եւ վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Ընդ որում, բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին է զանգահարել Ֆրանսիայի նախագահը եւ հայտարարել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից։

Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական Երեւանի, Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ին դիմելու իր հանձնարարականի մասին։

Նախագահ Պուտինը, ըստ հայկական կողմի, «անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան» եւ համաձայնել հայկական կողմի հետ, որ «այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով»։ Պաշտոնական Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, այս մասին որեւէ բառ չի ասվում։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»: Առ այսօր իրավիճակը շարունակում է նույնը մնալ՝ չնայած առկա բանակցություններին: Իսկ արդեն երեկ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:

Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը է՛լ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:

Ն.Հ.

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԻՍՏԻՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը  մայիսի 19-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՍԵԼ ԵՆ

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր եւ լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առնչությամբ Ա. Այվազյանը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը:  Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, եւ այս ուղղությամբ կարեւորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆ

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու եւ սահմանին իրավիճակը հարթելու համար», – ասել է նա։ Պեսկովը միաժամանակ դժվարացել է ասել՝ արդյոք նախագահ Պուտինը ստացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ ռազմական օգնության խնդրանքով։ «Բոլոր այդ հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ»,-նշել է Պուտինի խոսնակը, հավելելով՝ Մոսկվան մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով։ Պաշտոնական Երեւանը հաղորդում է, որ, մայիսի 12-ից սկսած, ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանը է՛լ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:

 

 

 

ԵՐԵԽԱՆ ԽԵՂԴԱՄԱՀ Է ԵՂԵԼ

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում 3 տարեկան երեխա է խեղդամահ եղել։ «Մայիսի 15-ին՝ ժամը 12.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019թ. ծնված տղա երեխա։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11.50-ի սահմաններում, երեխայի մայրը իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին եւ տեղափոխել հիվանդանոց»,- հայտնել են ոստիկանությունից։

 

 

 

ԲԱՆԱԿԻՆ ՀՐԱՀԱՆԳՎԵԼ Է

Անցած շաբաթվանից Սեւ լճի շուրջ ծավալված զարգացումները շատ մոտ են եղել տարածաշրջանում նոր պատերազմ հանգեցնելուն: Մեզ հասած տեղեկություններով` ադրբեջանցիների կողմից հայկական տարածք ներխուժմանը հաջորդած օրերին հայկական բանակին հրահանգվել է լավագույն ստորաբաժանումներով դիրքավորվել ու պատրաստ լինել անակնկալ գրոհով հետ շպրտել հակառակորդին: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը չի պատկերացրել, որ այդ արագությամբ մերոնք կարող էին զորք կուտակել ու դիրքավորվել մոտակա այլ բարձունքների վրա` ստեղծելով իրենց ստորաբաժանումները շրջափակելու իրական հնարավորություն: Ի դեպ, Գլխավոր շտաբին մոտ կանգնած նախկին բարձրաստիճան զինվորականներից մեզ փոխանցեցին, որ կառավարությունից հրահանգվել է արխիվներից հանել տարատեսակ քարտեզներ ու, ըստ դրանց, Տավուշից ու Նախիջեւանի հատվածում պլանավորել առաջխաղացումներ` բերելով նույն հիմնավորումները, ինչ ադրբեջանցիները: Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասնում, որ ադրբեջանցիների քայլերը խիստ զայրացրել է նաեւ ռուսական կողմին, որտեղից, ըստ էության, հասկացնել են տալիս, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում այլեւս թույլ չեն տա, որ իրենց քթի տակ օտար պետությունների զորքեր ու զենք հայտնվի, ինչպես եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ:  Եվ, ի վերջո, այս անգամ սեղանին է դրված նաեւ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հեղինակության հարցը, քանզի այս հարցի հանգուցալուծումից է կախված ոչ միայն ՌԴ-ի, այլեւ ՀԱՊԿ-ի հեղինակությունը: Բանն այն է, որ այս կառույցի պատմության մեջ առաջին անգամ անդամ պետությունը դիմել է խնդրանքով:  Իսկ ադրբեջանցիներն էլ հասկանում են, որ, առանց թուրք, պակիստանցի եւ այլ պետությունների զինվորական մասնագետների ու տեխնիկայի օգնության, ամենայն հավանականությամբ, նոր պատերազմում դարձյալ տարածքներ կկորցնեն:

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 86 հազար 524 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 90 880-ով պակասել է: Անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 121 հազար 93 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 30 հազար 213:  Բացի այս, 984-ով պակասել են Ֆրանսիայից, 1099՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 3212-ով պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 39 հազար 293-ով պակասել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, անցյալ տարի 1116-ով պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը եւս նվազել է 1531-ով: Եթե նախորդ տարվա աաջին երեք ամիսներին Հայաստան այցելել է 10 հազար 925 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 9394 այն դեպքում, երբ իրանցի տուրիստներն ամենաշատն էին ՀՀ գալիս: Բայց այս դեպքում կորոնավիրուս վարակն իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության ոլորտի վրա։ Ի դեպ, սովորաբար, մարտի 15-ից սկսած, իրանցիները Հայաստան էին գալիս Նովրուզը նշելու համար, սակայն, ըստ մասնագետների, կորոնավիրուսը չի նահանջել Իրանում, այս պատճառով է, որ Նովրուզի օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը բավականին կրճատվեց:

 




Լրահոս