Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման վեցերորդ օրը, երբ Երեւանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը դեռ շարունակում են ձեռնպահ մնալ դաշնագրերով նախատեսված գործողություններից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում»:
Հայաստանի կառավարության ղեկավարը նման գրառմամբ է հանդես եկել երեկ առավոտյան կայացած Անվտնագության խորհրդի նիստից հետո՝ հավելելով, որ «բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը է՛լ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»։ Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:
Մայիսի 12-ից ի վեր, երբ հայտարարվեց երեք՝ Սեւ լճի, Սիսիանի եւ Վարդենիսի ուղղություններով ադրբեջանակյան զինուժի ներխուժման եւ փաստացի դիրքավորման մասին, Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արդեն չորրորդ նիստն է գումարվում։
«Սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաեւ երեկ երեկոյան, նաեւ նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ, – ԱԽ այսօրվա նիստին հայտարարեց Փաշինյանը՝ նշելով: – Սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները եւ պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ»։
Ըստ Փաշինյանի՝ բավականին երկար ժամանակ Հայաստանում զարգացվում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած «Զանգեզուրի միջանցք» թեզը. «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել եւ չի քննարկելու»:
Հաջորդ խնդիրը, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման գործընթացն է. «Սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը եւ Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ, եւ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ եւ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով»։
Հարց է առաջանում՝ եթե Հայաստանի կառավարության ղեկավարը բարձրաձայնում է «Զանգեզուրի միջանցքի» եւ հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման մասին, արդյոք սրա՞նք են Ադրբեջանի պահանջները: Նման կերպ խախտելով Հայաստանի սահմանները՝ Բաքուն ձգտում է զիջումներ կորզել Երեւանից, կրկնենք, Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի փաստացի անգործության պայմաններում։
«Հետագա անելիքների մասին. մինչեւ ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները՝ զուգահեռ նաեւ հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները, պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար: Մենք պետք է գործարկենք եւ քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները»:
Պաշտոնական Երեւանը հաղորդում է, որ, մայիսի 12-ից սկսած, ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաեւ ՌԴ նախագահին ռազմական օգնության համար: Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Նախկինում երեխայի ծնունդը գրանցելու համար քաղաքացին դա նախ պետք է գրանցեր ԱՆ ՔԿԱԳ մարմնում, հետո այցելեր ոստիկանություն, ստանար հանրային ծառայության համարանիշ, հետո այցելեր սոցիալական ապահովության ծառայություն, որ ստանար երեխայի՝ 200 հազար դրամ միանվագ գումարը, իսկ այնտեղից քաղաքացուն ուղարկում էին բանկ, որ այդ գումարը ստանա: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: «Մենք ոչ թե այդ 4 մարմնի փոխարեն 1 մարմին ենք նախատեսել, այլ ավելին՝ այդ գրանցումները նախատեսել ենք իրականացնել ծննդօգնություն տրամադրող բուժհաստատությունում, որ անգամ Արդարադատության նախարարություն մեր քաղաքացիները ստիպված չլինեն այցելել: Հիմա աշխատում ենք որդեգրումների համակարգի բարեփոխման վրա, որի նպատակը եւս ավելի թափանցիկ ու կանխատեսելի համակարգ ունենալն է»,- ասել է նա:
ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ ոստիկանության կենտրոնական բաժին է ինքնակամ ներկայացել Երեւան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը։ Նա կասկածվում է մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում իր մոտ եղած ատրճանակով Երեւանի բնակիչ 24-ամյա Վաղինակ Բաղյանի վրա կրակելու եւ դեպքից վայրից փախուստի դիմելու մեջ։ Նա ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվելու է քննական բաժին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քրգործ էր հարուցվել մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած կրակոցի փաստով, ինչի հետեւանքով «պարանոցի ծակած վերք՝ հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Երեւան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։ Հիվանդանոցի բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, սակայն նա դեռեւս մնալու էր վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ։ Սպանության կասկածանքով որոնվում էր Երեւան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը, որն այդ օրը՝ ժամը 18։10-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի 39/ա հասցեի դիմացի փողոցի հատվածում իր Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով էր եղել, երբ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Բազեյանը իջել էր իր Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից եւ ձեռքով մի քանի անգամ հարվածել եւ կոտրել էր Ն. Սամսոնյանի ավտոմեքենայի հետեւի ապակին, որից հետո վերջինս իր ավտոմեքենայի միջից դեռեւս չպարզված տիպի ատրճանակից կրակել էր Վ. Բազեյանի ուղղությամբ, որն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։
ԱՐՑԵԼԵԼ Է ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ
Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված եւ Վանք, Առաջաձոր, Չարեքտար համայնքներում ապաստանած մեր հայրենակիցներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Պաշտպանը ընդգծել է, որ տեղահանված բնակիչներին հուզող ամենաառաջնային հարցերի շրջանակը ընդգրկում է Արցախի անվտանգությանը, կանխատեսելի ապագային, տեղահանված բնակչությանը կացարաններով եւ աշխատանքով ապահովելու եւ սոցիալական խնդիրներին առնչվող հարցերը, որոնք համակարգված առաջարկների տեսքով ներկայացնելու է ոլորտային պատասխանատու մարմիններին։
Հանդիպման ընթացքում անմիջական զրույցներով վեր են հանվել սոցիալական եւ քաղաքացիների կենսապայմանների հետ կապված խնդիրներ, որոնք քաղաքացի-պետական կառավարման համակարգ կոորդինացված հարաբերությունների դեպքում հեշտությամբ կարող են ստանալ իրենց լուծումները։
Գ. Ստեփանյանը նշել է նաեւ, որ տեղահանված բնակիչների կարիքներին վերաբերող տեղեկատվության փոխանակման ճիշտ կազմակերպման անհրաժեշտություն կա, որի ապահովման դեպքում պետական համակարգը առավել օպերատիվ եւ թիրախային կարող է գտնվել եւ այդպիսով լուծումներ գտնել բազմաբնույթ հարցերի։ Որեւէ պարագայում քաղաքացին միայնակ չպետք է մնա իրեն պատուհասած խնդիրների հետ։ Տեղահանված բնակչության կենսապայմանների բարելավմանն ուղղված պետական աջակցությունը չպետք է ուշանա, որովհետեւ որոշ դեպքերում քաղաքացիները ապրում են այնպիսի դժվարին պայմաններում, որտեղ պահպանված չեն նվազագույն կենսապայմանները, անգամ անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ պայմանները։ Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ տեղահանված բնակչության խնդիրները մնալու են Պաշտպանի ուշադրության կենտրոնում, իսկ նրանց հետ պարբերական հանդիպումները լավագույն մեթոդն են տեղում ծանոթանալու խնդիրներին, քննարկելու այս կամ այն խնդրի լուծման ուղիները եւ դրանք բարձրաձայնելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների առջեւ։
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Արթուր Այվազյանը` Մանախը, ազատ է արձակվել դատարանից: Դատարանը մերժել է քննիչի կալանավորման միջնորդությունը եւ ապօրինի է ճանաչել նրա ձերբակալումը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանախն իր ընկերների հետ բողոքի ակցիա էր իրականացրել Տեղ գյուղի մոտ` փակելով ճանապարհը եւ պահանջելով իրենց զինել: Ոստիկանությունը բերման էր ենթարկել 8 հոգու, որոնցից մեկին՝ Արթուր Այվազյանին, ձերբակալել էին: