Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: «Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր: Ուխտավորները վանական համալիր են եկել Ստեփանակերտ քաղաքից եւ վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից: Ռազմական գործողությունների ավարտից հետո հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարեւանությամբ: Արցախում ռուս խաղաղապահները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել սրբավայրը»,- ասել է Ամարաս վանքի քահանա հայր Անդրեասը:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի արտադրամասում (գ. Այնթապ) ու «ԽԱՔ» ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) եւ պարզել, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան, խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ «ԽԱՔ» ՍՊԸ-ում նաեւ 500-գրամանոց, 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանել օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն էլ չի ունեցել սանիտարական անձնագիր: Կասեցվել է երկու արտադրամասերի գործունեությունը, տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար:
67 ՎԱՐԱԿՎԱԾ
Հայաստանում մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 67 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220927 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1039050, վերջին մեկ օրում` 2377 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6635 պացիենտ. Մեկ օրում նվազել է 388-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 208899 անձ, վերջին մեկ օրում՝ 445 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4333 է:
ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՆԻ
«Տելեկոմ Արմենիա»-ն կավելացնի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունները: Մայիսի 14-ին «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) ղեկավարությունը հանդիպում է ունեցել Հայաստանում այցով գտնվող Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ: Քննարկվել են տեխնոլոգիական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ կողմից դեպի Իրաքյան Քուրդիստան մատակարարվող ինտերնետ թողունակությունների բարձրացման հնարավորությունը՝ տեղի բնակչության կարիքները բավարարելու համար: Որպես ԱՏՁՄ վարչության անդամ եւ «Արմաթ» ծրագրի գործընկեր՝ «Տելեկոմ Արմենիա»-ն ներկայացրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշխատանքի մոդելը։ Որպես բարի կամքի դրսեւորում՝ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը պատրաստակամություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կրթական համակարգին նվիրաբերել երկու լաբորատորիա դպրոցականների շրջանում թվային կրթությանը խրախուսելու համար: Նշենք, որ միջազգային համագործակցությունը եւ ինտերնետի միջազգային կապուղիների ապահովումը դիտարկվում են որպես ընկերության ռազմավարական զարգացման հիմնական ուղղություններից մեկը: