«Սարի աղջիկ» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Լիլիթ Բադանյանը այսուհետ հանդես կգա նաեւ որպես երգչուհի: ArmLur.am-ը Լիլիթի հետ զրուցել է երգչուհու՝ կարիերա սկսելու, նորությունների եւ այլ հետաքրքիր թեմաների մասին:
«Նախ ասեմ, որ երգի ասպարեզում դեռ նոր եմ եւ առաջին քայլերս նոր եմ սկսում անել, բայց ես իմ առաջին մասնագիտությամբ դերասանուհի եմ: Երգը, երգարվեստը շատ եմ սիրում եւ կարծում եմ, որ ինչ-որ չափով այն ինձ մոտ ստացվում է, չնայած որ երաժշտական կրթություն չունեմ, բայց երգելու ցանկությունս շատ մեծ է, եւ տեսնելով հանդիսատեսի դրական եւ ջերմ արձագանքը՝ ես հասկացա, որ իմ առաջին «Գնա, գնա» երգի տեսահոլովակը շատերի կողմից է սիրվել, եւ դրանից ոգեւորվելով՝ կարծում եմ, որ մոտ ապագայում կլինի երկրորդ տեսահոլովակ, որի համար արդեն իմ առաջ կդնեմ շատ ավելի խիստ պահանջներ եւ կարծում եմ՝ կունենամ նախորդ երգիցս մի քանի աստիճան ավելի բարձր մակարդակի, ավելի որակով տեսահոլովակ եւ երգ»,-նշում է նա:
Հարցին, թե նա իրեն ավելի շատ դերասանուհու կարգաճակում է տեսնում, թե երգչուհու, մեր զրուցակիցն ընդգծում է, որ նա դերասանուհի է. «Նախ ես ինձ առաջինը տեսնում եմ որպես դերասանուհի եւ շատ սիրում եմ իմ մասնագիտությունը: Ավարտել եմ Երեւանի պետական թատերական ինստիտուտը: Ես ինձ իրականում դեռեւս երգչուհի չեմ համարում: Ես ինձ առաջինը համարում եմ դերասանուհի, իսկ երգով զբաղվելն ինձ համար ավելի շատ հոբբի է, եւ փորձում եմ ինձ գտնել նաեւ այդ ասպարեզում»:
Լիլիթի խոսքով՝ նոր հեռուստասերիալներում, սիթքոմերում նկարահանվելու առաջարկներ շատ ունի, չնայած որ դեռեւս էկրանին է «Սարի աղջիկ» հեռուստասերիալը:
«Եվ հավաստիացնում եմ իմ երկրպագուներին, որ հաջորդիվ ունենալու եմ հետաքրքրիր նորություններ, հանդես եմ գալու նոր նախագծերում եւ հեռուստասերիալներում»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է քննադատություններին, Լիլիթը նկատում է, որ մարդկությունն այնպիսին է, որ, անկախ կատարածդ աշխատանքից, արժանացնելու է քննադատությունների:
«Միշտ լինում են քննադատություններ, թեկուզ դու անես ամենաբարձրորակ աշխատանքը, միեւնույնն է, արաժանանալու ես քննադատությունների, եւ կլինեն մարդիկ, որոնց համար քո կատարած աշխատանքը կարժանանա քննադատությունների: Անկեղծ ասած, ես նորմալ եմ վերաբերվում այդ ամենին, ինչպես նաեւ այն ֆակտորը, որ դու դերասանուհի ես եւ մեկ էլ հանկարծ սկսում ես երգել, մարդկանց կողմից բացասական արձագանքի ես արժանանում, բայց ես նորից եմ ասում՝ ամենեւին չեմ նեղվում, որովհետեւ դա նորմալ է, դա էլ պետք է լինի: Քանի որ մարդկանց մեծամասնությունը հավանել է իմ աշխատանքը, ես հասկանում եմ, որ պետք է շարունակեմ իմ գործունեությունը»,- հավելում է նա:
«ԿՈՆՅԱԿ ԵՆՔ ԽՄԵԼ ԵՎ ՀԱՄԲՈՒՐՎԵԼ». ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
Երեկ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանը տոնում էր ծննդյան 72 ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում սիրված դերասանը հայտնեց նաեւ, որ երեկ տոնում էին ոչ միայն իր տարեդարձը, այլ նաեւ կրտսեր Աշոտ Ղազարյանի 6-ամյակը:
Դերասանը մեզ հետ զրույցում անկեղծանալով ընդգծեց, որ երեկ ավելի շատ նշում էին կրտսեր Աշոտիկի տարեդարձը, որը այս տարի պատրաստվում է իր առաջին քայլերն անել դեպի դպրոց. «Այսօր մենք մեր տարեդարձը նշելու ենք Ծաղկաձորում ընտանիքիս անդամների եւ խնամուս հետ, իսկ գիշերը մտերիմներիս հետ բաժակ ենք բարձրացրել, կոնյակ խմել, իսկ կնոջս հետ էլ համբուրվել ենք եւ վերջ»,- ժպիտով պատմեց Աշոտ Ղազարյանը:
Հարցին, թե ինչ անակնկալ նվերներ է ստացել, Աշոտ Ղազարյանն ասաց, որ մտերիմ ընկերոջ կինն իր դիմանկարն է նկարել յուղաներկով եւ գիշերը՝ 12-ին, անակնկալ ուղարկել նրան. «Ճիշտն ասած, չէի սպասում, շատ եմ հավանել, շատ լավ նվեր էր, իսկ այլ նվերներ դեռեւս չեմ ստացել»:
Աշոտ Ղազարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով երազանքներին, միայն նշեց, որ ստեղծագործական նորություններ կլինեն, այս պահին էլ ընթանում են «Մեր բակը» նախագծի չորրորդ սերիայի նկարահանումները, իսկ մնացածը, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլինի:
«Ես քանի կամ, պետք է զբաղվեմ իմ սիրելի գործով»,- հավելեց նա:
Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ
ԱՆՁՆԱԿԱՆ ՌԵԿՈՐԴ
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, գոլի հեղինակ դառնալով «Սենթ Էթիենի» դեմ Ֆրանսիայի առաջնության նախավերջին տուրի խաղում (4:0), սահմանել է անձնական ռեկորդ: Այս մրցաշրջանում դա 22-ամյա ֆրանսիացու 40-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում: Նախկինում նա երբեք չէր գրանցել այդպիսի արդյունավետություն. հայտնում է France Football-ը: Մինչեւ այս Մբապեն ամենաշատ գոլ խփել էր 2018/19թթ. մրցաշրջանում, երբ աչքի էր ընկել 39 անգամ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության վերջին տուրից առաջ չեմպիոն ՊՍԺ-ն 1 միավոր է հետ առաջատար «Լիլից»։
ԶԻԴԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ հաղթանակից (1:0) հետո հերքել է լուրերը, թե Արքայական ակումբի խաղացողներին հայտնել է թիմից հեռանալու մասին: «Ինչպե՞ս կարող եմ մրցաշրջանի այս հատվածում ասել իմ խաղացողներին, որ հեռանում եմ. դա սուտ է: Մենք կենտրոնացել ենք մրցաշրջանի վերջնամասի վրա եւ չենք մտածում այլ բանի մասին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է mundodeportivo.com-ն: Ավելի վաղ 48-ամյա Զիդանը չէր բացառել, որ կարող է հեռանալ «Ռեալից»: Նա երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Դրանից առաջ նա իսպանական թիմը գլխավորել էր 2016-2018-ին։ Ֆրանսիացու ղեկավարությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն։ Իսպանիայի ընթացիկ առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրից հետո «Ռեալը» 81 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից»։
ԿՈՉՈՒՄԸ ՆՎԱՃԵԼ Է
Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմը նվաճել է Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը: Եզրափակչում կատալոնացիները 4:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում: «Բարսելոնայի» կանանց թիմն առաջին անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում: 2019-ին թիմը հասել էր եզրափակիչ, որտեղ պարտվել էր ֆրանսիական «Լիոնին»: Հիշեցնենք, որ «Չելսին» այս մրցաշրջանում դարձել էր պատմության առաջին ակումբը, որի կանանց եւ տղամարդկանց թիմերը դուրս են գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: