ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Զովունիում

 

Արագիլները շարվել են սյուների վրա՝ հավասարաչափ հեռավորությամբ։ Հաճելի տեսարան է։

 

 

 

ԱՎԱՆԴՆԵՐ

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է լինում ավանդատուի ավանդի չհատուցված մասի հետ:

Կարինե Մոլքոնյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն ավճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով։ Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարտադիր երաշխիքային վճարների հաշվին, միջոցների կառավարումից ստացված եկամուտներից։ Հիմնադրամը կարող է ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ եւ նվիրաբերություններ։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար:

Լուսինե Միրաքյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ներկայացնել՝

1) ծննդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը,

2) եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները,

3) երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները,

4) երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները,

5) երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը:

Բժշկական հաստատությունից դուրս եւ առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված փաստաթղթի, դիմողը ներկայացնում է նաեւ՝

1) երեխայի մոր անձը հաստատող փաստաթուղթը,

2) երեխայի՝ կենսաբանական մայր հանդիսանալու ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը,

3) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը՝ տրված բժշկական կազմակերպության կողմից կամ երեխայի գտնվելու (բնակվելու) վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից,

4) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով տեղի ունեցած ծննդի դեպքում ներկայացվում են նաեւ փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը եւ ԴՆԹ-ի որոշումը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը: Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:




Լրահոս