Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան: Այսօր Դուշանբեում տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որը կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո առաջին անգամ է անցկացվելու «դեմ առ դեմ» ձևաչափում:
Ռուսական Tass լրատվական գործակալությունը գրում է. «Ակնհայտ է, որ այս նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ընթացիկ հարցերից զատ արտգործնախարարները հանգամանորեն քննարկելու են իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումը, վերջերս ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած բախումները, որոնք կողմերին հաջողվեց հարթել խաղաղ ճանապարհով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը, որը, պաշտոնական Երևանի պնդմամբ, ուղղորդվում է Բաքվի կողմից»:
Հրապարակման վերջին հատվածը վերնագրված է այսպես՝ «Օգնության խնդրա՞նք թե հարցի քաղաքականացում», որի ներքո հիշեցվում է նախորդող օրերի իրադարձությունների մասին Երևանից հնչած պաշտոնական արձագանքները, մասնավորապես՝ ՀԱՊԿ անդամ պետություններին պայմանագրի 2-րդ հոդվածի հիմքով դիմելու, Հայաստանի նկատմամբ առկա սպառնալիքի չեզոքացման նպատակով դանշակիցներից աջակցություն ստանալու, դրա՝ Երևանի ներկայացրած հիմնավորումների և Ադրբեջանի քայլերի վերաբերյալ տրված գնահատականների մասին որոշ հանգամանքներ, ինչպես նաև՝ տեղի ունեցողի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքները:
Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ ոչ ֆորմալ քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Սակայն բուն քննարկումները կլինեն այսօր: