ՄՈՒՐԱԴՈՎԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններն այսօր կշարունակվեն: Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ բանակցությունների համար ամենալավ ժամանակը հայկական կողմը կորցրել է: «Մենք պետք է հենց առաջին օրն անպայման կա՛մ ձերբակալեինք, կա՛մ գերեվարեինք, կա՛մ ոչնչացնեինք այն անձանց, որոնք համարձակվել են հատել ՀՀ պետական սահմանը: Եթե մենք թույլ ենք տալիս, որ այն անձինք, որոնք հատել են պետական սահմանը, նույն օրը չձերբակալվեն, ապա վտանգում ենք մեր սեփականությունը», – նշեց նա: Բորիս Ավագյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է տա շատ հարցերի պատասխաններ: «Սա պետք է քննել այն քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է Գլխավոր դատախազության կողմից իմ հայտարարությունից հետո, երբ ասացի, որ պետք է հարուցվի քրեական գործ՝ ապօրինի պետական սահմանը հատելու վերաբերյալ», – հավելեց նա: Դիտարկմանը՝ ինչու են բանակցություններն իրականացվում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, Բորիս Ավագյանը ընդգծեց. «Ռուստամ Մուրադովը ՌԴ զինվորական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալն է: ՌԴ հարավային զինվորական օկրուգը Ռոստովից մինչեւ Սիրիա է, եւ 102-րդ ռազմաբազան էլ է մտնում այդ օկրուգի մեջ: Նա՝ որպես խաղաղապահ ուժերի ղեկավար, գործուղված է եղել վեց ամսով, հիմա նրա գործուղումը երկարացրել են, սակայն նա նաեւ պաշտոն ունի: Քանի որ նրա ղեկավարը եկել էր Հայաստան, բանակցել նախարարի հետ, դրանից հետո Մուրադովին հանձնարարություն էր տրվել այդ հարցով որպես միջնորդ ռուսական կողմը ներկայացնի հենց գեներալ Մուրադովը»: Հավելենք, որ բանակցությունները կշարունակվեն այսօր:

 

 

 

Երեւանի պետական համալսարանում կրքերն օր օրի ավելի են թեժանում: Համալսարանը ռեկտոր չունի, եւ այդ հարցը չի կարողանում լուծել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի Ժ/Պ Վահրամ Դումանյանը, որը ստանձնել է խնդրի կարգավորումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 10-ին նախարարի այցը համալսարան ոչ թե իրավիճակը մեղմել է, այլ, ընդհակառակը, ավելի է վատթարացրել: Հիշեցնենք, որ նշված օրը ԵՊՀ-ում ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել էր ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ՝ քննարկելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը եւ ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխություններին առնչվող հարցերը: Հավելենք, որ հայրենի կառավարությունը գրավոր ընթացակարգով հավանություն էր տվել մի որոշման, ըստ որի՝ բուհի կառավարման համար իշխանությանն անհրաժեշտ չի լինի բուհի ներկայացուցիչների համաձայնությունը: Հանդիպման ժամանակ կրքերը այնքան էին թեժացել, որ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը հայտարարել էր՝ Դումանյանը թող գնա ու Նիկոլ Փաշինյանին փոխանցի, որ ԵՊՀ-ն իր «դյուքյանը» չէ։ Այդ միջադեպից հետո մայր բուհում գործում են տարբեր խմբեր, որոնք ամեն ինչ անում են, որ այս իշխանությանը չհաջողվի ԵՊՀ ռեկտոր ընտրել, ու հարցն անժամկետ հետաձգված է: Դումանյանի՝ ռեկտոր դառնալու երազանքը դեռ շարունակում է անկատար մնալ։

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը թույլ է տվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը դիմել է ՀՔԾ-ին՝ հայտնելով, որ առողջական լուրջ խնդիր ունի եւ հետագա բուժումը ստանալու համար պետք է գնա Ռուսաստանի Դաշնություն: ՀՔԾ-ն, ուսումնասիրելով նախկին ոստիկանապետի դիմումը, բավարարել է եւ թույլ է տվել, որ Ալիկ Սարգսյանի՝ «ստորագրություն՝ չհեռանալու մասին» որոշումը վերադարձվի, եւ նա մեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վերջինս ներկայումս ՌԴ-ում է եւ զբաղված է առողջական խնդիրներով: Նշենք, որ Ալիկ Սարգսյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Սարգսյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

 

Այս տարվա մարտին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 65 միլիոն 860 հազար դոլար: Նկատենք, որ, փետրվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 34 միլիոն 944 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մարտին տրանսֆերտները շարունակել են հունվար եւ փետրվար ամիսների համեմատ ավելանալ: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը մարտ ամսին կազմել է 25 մլն 642 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն, հունվար ամսվա համեմատ, 6 մլն 737 հազար դոլարով ավելացել է: Մասնագետների խոսքերով՝ այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը փետրվարի 1-ից մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, եւ արդեն կարողանում է գումար ուղարկել հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա հունվարին այն կազմել է 18 մլն 668 հազար դոլար, փետրվարին՝ 23 մլն 146 հազար դոլար, ապա մարտին դարձել է 32 մլն 232 հազար դոլար:

 

 

 

 




Լրահոս