Արդեն 6 օր է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր շարունակում են գտնվել Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ սահմանային հատվածներում: Ռուսական կողմի ներգրավմամբ ընթացող բանակցությունների արդյունքում որոշ ուժեր հետ են քաշվել Հայաստանի տարածքից, սակայն ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ:
Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվել են, սուվերեն տարածք է ներխուժել թշնամական երկրի զորախումբ։ Այստեղ Հայաստանն ունի երկու լուծում՝ առաջինը՝ գնալ ռազմական բախման եւ ուժով ազատել սեփական տարածքը, ինչը հղի է լայնածավալ պատերազմի սկսման վտանգով, տարածաշրջանում անկայունության հաստատմամբ, եւ երկրորդ՝ տարածքի ազատմանը հասնել բանակցությունների միջոցով՝ անվտանգային միջազգային համակարգի եւ դաշնակիցների ճնշման օգնությամբ։ Առաջին լուծման տարբերակն ի սկզբանե սառեցվել է անմիջապես Մոսկվայի ներազդմամբ։ Կրեմլի տարածած հայտարարությունները, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի միանշանակ հայտարարությունները կասկածելու տեղ չեն թողնում, որ ռազմական բախում որեւէ դեպքում թույլատրելի չէ Մոսկվայի համար։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համար կողմնորոշիչ սկզբունք է։
Ադրբեջանական կողմի գործողությունները կարելի է հստակ բնութագրել որպես ռազմական սադրանք, որի նպատակն է Հայաստանին պարտադրել բացել Սյունիքի միջով ճանապարհ, ինչը Թուրքիան եւ Նախիջեւանը կկապի Ադրբեջանին։ Թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, Բաքուն փորձում է օգտվել պատերազմից հետո Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից եւ աղավաղելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պարտավորությունները՝ պարտադրել միայն իր շահերից բխող միջանցքի ստեղծում։ Ադրբեջանի նախագահը անգամ հանդես եկավ ուժի բացահայտ սպառնալիքով` զգուշացնելով ուժով միջանցք բացելու հեռանկարի մասին։
Հայկական կողմը վճռականորեն մերժել է Ադրբեջանի առաջ քաշած այդ անհեթեթ պահանջը։ Չկարողանալով հասնել զիջումների` Բաքուն դիմեց ռազմական շանտաժի գործիքակազմի` փորձելով զավթել սահմանային որոշ բարձունքներ։ Բաքվի նման սադրանքը վստահաբար համաձայնեցված է Թուրքիայի հետ, որը թեեւ բացահայտ չի գործում, սակայն խնդիր ունի տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, եւ Ադրբեջանի հետ միջանցք ունենալն այդ հարցում նշանակալի ձեռքբերում կդառնա։
Գիտակցելով իրավիճակի ողջ լրջությունը եւ ճգնաժամի սրման ռիսկերը՝ հայկական կողմը գործարկեց ռազմաքաղաքական իր գործիքակազմը` դիմելով թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ՀԱՊԿ սահմանների անձեռնմխելիությունն է։ Եվ եթե խախտվել է Հայաստանի պետական սահմանը, խախտվել է բուն ՀԱՊԿ սահմանը։
Առնվազն միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանի ղեկավարությունը, նախաձեռնելով ներխուժում Հայաստանի տարածք, չի պատկերացրել կամ չի գիտակցել, որ ոտնձգություն է իրականացնում ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի կամ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրի տարածքի նկատմամբ։ Թուրք-ադրբեջանական այս բավական վտանգավոր խաղը ուղղված է ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հնարավոր արձագանքը, ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը ստուգելուն: Փաստացի սա ՀԱՊԿ կենսունակության առաջին իրական քննություն է, եւ համարժեք արձագանքի բացակայությունը լուրջ հարված կլինի ոչ միայն կառույցի համար, այլ նաեւ կխաթարի ՌԴ դիրքերը տարածաշրջանում։
«Ինչ վերաբերում է այդ (ՀԱՊԿ) պայմանագրի շրջանակներում Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք միշտ իրականացրել ենք, իրականացնում ենք եւ իրականացնելու ենք մեր պարտավորությունները». այս խոսքերը պատկանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նման հայտարարություն է արել 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին՝ 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին։
Եթե ղարաբաղյան պատերազմում ագրեսիան ընթանում էր ոչ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այլ դրանից դուրս, ապա հիմա գործ ունենք բուն Հայաստանի տարածքում ծավալվող ագրեսիայի հետ, հետեւաբար Հայաստանի առջեւ ունեցած պարտավորությունների կատարման մասին Վլադիմիր Պուտինի խոսքերն արդիական են, քան երբեւէ։
ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հայ-ադրբեջանական սահմանի իրադրության շուրջ: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021թ. մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը եւ Սյունիքի Սեւ լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել:
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքներն ուսումնասիրելու նպատակով վաղը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող Փոլ Գավանը։ «Փոլ Գավանը Հայաստան կայցելի Միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հանձնաժողովի հանձնարարությամբ մայիսի 19-22-ը, եւ նրա առաքելության նպատակն է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքները» զեկույցի նախապատրաստումը»,-ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։ Կառույցը նշում է, որ Գավանը նույն առաքելությամբ կայցելի նաեւ Ադրբեջան ամռանը։
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը: Հեռախոսազրույցների ընթացքում Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հարավային Կովկասում հաստատելու խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն: «Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին լարվածության դեպքի առիթվ եւ շեշտել, որ ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու եւ սադրիչ քայլեր են: Նա ողջունել է երկու կողմերի միջեւ շարունակվող շփումները եւ երկու առաջնորդների հանձնառությունը՝ խնդիրը կարգավորելու խաղաղ ճանապարհով»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահի խորհրդականը անհրաժեշտ է համարել երկու երկրների կողմից միջազգային սահմանների դեմարկացիայի վերաբերյալ պաշտոնական քննարկում իրականացնելը:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին եւ 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ մայիսի 18-ի առավոտյան դրությամբ փոփոխություններ չեն արձանագրվել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի եւ թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից։ Նախատեսվում է, որ ստեղծված իրադրության լիարժեք հանգուցալուծման շուրջ բանակցությունները կշարունակվեն վաղը՝ մայիսի 19-ին։ ՀՀ զինված ուժերը, կարեւորելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման եւ շեշտում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները բացարձակ անընդունելի են։ Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են առանց նախապայմանների լքել Հայաստանի Հանրապետության տարածքը եւ հետայսու ձեռնպահ մնալ նմանատիպ սադրանքներից:
ԸՆՏՐԵԼ Է ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Բարձրագույն դատական խորհուրդը երեկ ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին։ ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ ընտրվել է երեք թեկնածու՝ Հովսեփ Բեդեւյանը, Հրաչ Այվազյանը եւ Լիանա Հակոբյանը։ Բեքմեզյանը նշել է, որ ընտրված թեկնածուներին դեռ Ազգային ժողով չեն ներկայացրել։ Նշենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին պետք է ներկայացնի Ազգային ժողով, որտեղ քվեարկությամբ պատգամավորները կընտրեն նրանցից մեկին։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում 6 եւ ավելի երեխա ունեցող եւ «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված ծնողներին կտրամադրվի ամսական ֆինանսական աջակցություն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծնողական փառքի մեդալով պարգեւատրված անձանց ամսական պատվովճարի չափը ընտանիքի համար կսահմանվի 100 հազար դրամ: Պարզվում է, որ, անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով՝ նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայում Հայաստանում շատ քիչ ընտանիքներ են ունենում 3 եւ ավելի երեխա: Իսկ, ահա, 2019 թվականի տվյալներով՝ Հայաստանում ծնված 6-րդ եւ հաջորդ երեխաների թիվը կազմել է 140 երեխա, որը տվյալ տարվա ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է: Ի դեպ, այս որոշման մասին նախագիծը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր է դրել շրջանառության մեջ: Ի դեպ, այս նախագծի օգտին քվեարկել է 3 հոգի: Բացի այս, նշենք, որ այս որոշումը եթե ընդունվի, ապա այն կտարածվի 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո «Ծնողական փառքի» մեդալով պարգեւատրված անձանց վրա։