Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձեւակերպումը:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Ա. Ա.-ն 2015թ. նոյեմբերին ապօրինի հանձնարարություն է տվել իր ենթակայությամբ պետական ծառայություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալ Ս. Մ.-ին՝ առանց իր թույլտվության չիրականացնել Բագրատաշենի մաքսային կետով ներմուծվող դիզվառելիքի ձեւակերպումներ: Ի կատարումն նշված ապօրինի հանձնարարության՝ վերջինս իր հերթին Բագրատաշենի մաքսային կետի ձեւակերպման բաժանմունքների պետերին հանձնարարել է դիզելային վառելիքի ներմուծման դեպքերում զեկուցել իրեն եւ առանց իր թույլտվության չիրականացնել մաքսային ձեւակերպում: 2015թ. նոյեմբերին 7-ին «Կ… Ի…» ՍՊԸ-ն ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձեռք է բերել 500տ. դիզելային վառելիք, որի մի մասը ՝ 181.6տ, մինչեւ 2015թ. նոյեմբերի 26-ը փոխադրվել է ՀՀ, նույն մաքսային կետում ստացել է մաքսային ձեւակերպում եւ մատակարարվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Վառելիքի մյուս մասը երկու խմբաքանակով ՀՀ է փոխադրվել 2015թ. դեկտեմբերին:
Դիզվառելիքի այս խմբաքանակներն անցել են Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողների ստուգումները, ինչից հետո Ս. Մ.-ն, տվյալ օրվա հերթապահ բաժանմունքի պետ Մ. Հ.-ից տեղեկանալով հիշյալ բեռի՝ մաքսակետում գտնվելու մասին, «Մաքսային տարանցում» ընթացակարգը եզրափակելու հրահանգներ տալու փոխարեն, կատարելով փոխնախարարի ապօրինի հանձնարարությունը, Մ. Հ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել չկատարել հիշյալ բեռի մաքսային ձեւակերպումը եւ մաքսային տեսուչներին թույլ չի տրվել իրականացնել բեռի մաքսային ձեւակերպումը: Այնուհետեւ Ս. Մ.-ն մաքսային կետում գտնվող վարորդներին առանց որեւէ պատճառաբանության հրահանգել է բեռնատարները տեղափոխել Այրում քաղաքում գտնվող մաքսային պահեստի տարածք, ինչով կասեցվել է բեռի տեղափոխումը նշանակման վայր:
Փոխնախարար Ա.Ա.-ն, տեղեկանալով դիզելային վառելիքի հիշյալ խմբաքանակի՝ ՀՀ ներմուծվելու, ինչպես նաեւ դրանք մաքսային պահեստ փոխադրելու մասին, հանձնարարել է որեւէ գործողություն չկատարել եւ սպասել իր հետագա հանձնարարություններին:
Մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ը, առանց որեւէ պատճառաբանություն ներկայացնելու, վարորդներին չեն վերադարձվել փաստաթղթերը, ապա նշված ավտոմեքենաներն ուղեկցվել են հայ-վրացական պետական սահմանի չեզոք գոտի, որտեղ, առանց ձեւակերպման, վարորդներին վերադարձվել են փաստաթղթերը, նրանցից պահանջել են դիզելային վառելիքով բեռնված ավտոմեքենաները դուրս բերել ՀՀ տարածքից:
Այնուհետեւ Ա. Ա.-ն տեղեկացրել է Ս. Մ.-ին, որ վերը նշված բեռնատարները վերադառնալու են ՀՀ, եւ հանձնարարել է առանց ձգձգումների կատարել բեռի ձեւակերպումն ու բաց թողնել ՀՀ տարածք։ Եվ 2015թ. դեկտեմբերի 14-ի երեկոյան մատակարար եւ տեղափոխող ընկերությունների միջամտության արդյունքում նշված ավտոմեքենաները վերադարձել եւ հատելով վրաց-հայկական պետական սահմանը՝ կրկին մուտք են գործել Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ նույն օրը սահմանված կարգով կատարվել է «Մաքսային տարանցում» ընթացակարգի եզրափակում, ու վարորդները հնարավորություն են ստացել փոխադրել բեռը:
Պաշտոնատար անձանց դիտավորյալ հանցավոր գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության եւ «Կ… Ի…» ՍՊԸ օրինական շահերին, վերջինիս կողմից նշված ավտոմեքենաների պարապուրդի համար հավելյալ վճարվել է 8.352.000 ՀՀ դրամին համարժեք 1.200.000 ՌԴ ռուբլի, որն առաջացրել է գույքային ծանր հետեւանքներ: Բացի այդ, պարզվել է նաեւ, որ այս դեպքից հետո նշված ընկերությունն այլեւս դիզվառելիք չի ներկրել:
Վերոնշյալի հիման վրա՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Ա. Ա.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քանի որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:
Քրեական օրենսգրքի նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի պետի նախկին տեղակալ Ս. Մ.-ին եւ մաքսային կետի բաժանմունքի նախկին պետ Մ. Հ-ին: Նկատի ունենալով, որ Ս.Մ.-ն հետագայում մահացել է, վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է, իսկ Մ.Հ.-ի մասով նախաքննությունն ավարտվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործից անջատված այս մասով հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ, ըստ մեղադրանքի, Մ. Հ.-ի քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
ԲԺՇԿԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկի կողմից չորսամյա տղա երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 4-ամյա փոքրիկին, որն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, 2021 թվականի մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ» ԲԿ մանկական սրտաբանական կլինիկա՝ բժիշկ-սրտաբանի մոտ հետազոտության: Նշված օրը երեխան անհանգիստ է եղել եւ կենտրոնում չի ենթարկվել բժշկին ու մորը: Բժիշկը երեխային հանդարտացնելու եւ հանգստացնելու նպատակով դիտավորությամբ ապտակել է նրան՝ պատճառելով առողջության կարճատեւ քայքայումով թեթեւ վնաս՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքի ձեւով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԲԱԺԻՆ
Մայիսի 9-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 16-ամյա պատանու եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած աշխատանքի շնորհիվ մայիսի 17-ին մեղայականով բաժին է ներկայացել Լեռնավան գյուղի 27-ամյա մի բնակիչ եւ հայտնել, որ մայիսի 9-ին Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցում ինքն է իր վարած «Օպել Վեկտրա» ավտոմեքենայով վրաերթի ենթարկել պատանուն։ Քննությունը շարունակվում է։
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԴԵՄ
Սյունիքի մարզի համայնքի ղեկավարների դեմ գործընթաց է սկսվել: Հունիսի 20-ի ընտրությունների առաջ իրավապահները պատերազմ են հայտարարել նախկին եւ ներկա համայնքի ղեկավարների: Ըստ իրավապահների՝ Սյունիքի մարզի Ախլաթյան համայնքի նախկին ղեկավարը՝ Արմեն Բեգլարյանը, որը զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին, ապրիլյան պատերազմի ժամանակ նախնական համաձայնության գալով Ախլաթյան համայնքի ղեկավար Անաստաս Բաբայանի հետ, 2014թ.-ին հիմնել են Ախլաթյան համայնքի արոտ օգտագործողների միավորումե սպառողական կոոպերատիվ՝ կազմակերկություն, որտեղ ձեւականորեն ընդգրկել են համայնքի թվով 74 անձ, կազմել եւ հաստատել են կոոպերատիվում անդամագրվելու ցանկություն հայտնելու վերաբերյալ կեղծ դիմումներ, կեղծել ստորագրությունները, իսկ 2015-2016թթ.. ընթացքում ստացել են 20.975.000 դրամ արժողությամբ գյուղտեխնիկա, որոնք, ըստ կոոպերատիվի կանոնադրության, պետք է բաժանվեր կոոպերատիվի անդամների միջեւ, սակայն խաբեության եղանակով հափշտակել են դրանք՝ չգրանցելով կոպերատիվի հաշվեկշռում եւ չդարձնելով կոոպերատիվի անդամների սեփականություն: Սյունիքի մարզի Որոտնավան համայնքի ղեկավար Սերյոժա Ամիրխանյանն էլ, նախնական համաձայնության գալով համագյուղացի Ռաֆայել Հարությունյանի հետ, 2015թ. հիմնել են «Որոտան համայնքի արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ՝ կազմակերկությունը, որտեղ ձեւականորեն ընդգրկել են համայնքի 35 անձ, կազմել եւ հաստատել են կոոպերատիվում անդամագրվելու ցանկություն հայտնելու վերաբերյալ կեղծ դիմումներ, կեղծել ստորագրությունները, իսկ 2019թ. ստացել են 22.128.000 դրամ արժողությամբ գյուղտեխնիկա, որոնք խաբեության եղանակով հափշտակել են: Բռնակոթ համայնքի նախկին ղեկավար Ատոմ Առաքելյանն էլ իր որդու՝ Հայկ Առաքելյանի հետ 2014թ. հիմնել են «Բռնակոթ համայնքի արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվ՝ շահույթ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերկություն, որտեղ ձեւականորեն ընդգրկել են համայնքի 214 անձ, կազմել եւ հաստատել են կոոպերատիվում անդամագրվելու ցանկություն հայտնելու վերաբերյալ կեղծ դիմումներ, կեղծել ստորագրությունները, իսկ 2016-2017թթ.. ընթացքում ստացել են 41.679.567 դրամ արժողությամբ գյուղտեխնիկա, որոնք, ըստ կոոպերատիվի կանոնադրության, պետք է բաժանվեր կոոպերատիվի անդամների միջեւ, սակայն խաբեության եղանակով հափշտակել են դրանք: Սյունիքի մարզի Նժդեհ վարչական շրջանի ղեկավարը իր եղբոր որդու՝ Արսեն Օհանյանի հետ 2016թ. հիմնել են «Նժդեհ համայնքի արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոպերատիվ՝ շահույթ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող կազմակերկություն, որտեղ ձեւականորեն ընդգրկել են համայնքի 16 անձ, կազմել եւ հաստատել են կոպերատիվում անդամագրվելու ցանկություն հայտնելու վերաբերյալ կեղծ դիմումներ, կեղծել ստորագրությունները, իսկ 2019-2020թթ. ընթացքում ստացել են 37.500.000 դրամ արժողությամբ գյուղտեխնիկա, որոնք կրկին, ըստ կոոպերատիվի կանոնադրության, պետք է բաժանվեր կոոպերատիվի անդամների միջեւ, սակայն խաբեության եղանակով հափշտակել են: ՀՀ ԱԱԾ ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի առաջին կետով՝ խարդախություն, 325 հոդ. 2-րդ մասով՝ փաստաթղթեր կեղծելը, հարուցվել է քրեական գործ: