ՉԻ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ 20-ՅԱԿԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային  մրցույթին Հայաստանը ներկայացրել է 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը, սակայն մեր մասնակիցը չի ընդգրկվել լավագույն 20-յակի մեջ:  «Միսս Արմենիա» ՀԿ նախագահ Գոհար Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրուցում ասաց, որ  Մոնիկան մրցույթում ներկայացել է լավագույնս:

 

«Մոնիկան արել է ավելին, քան ակնկալվում էր։ Եթե այլ տարիների մրցույթին պատրաստվել ենք մոտ 6 ամիս, այս տարի ընդամենը 2 ամիս ունեինք։ Այն, ինչ արեց Մոնիկան, ինչպես ելույթ ունեցավ, հրաշալի էր։ Ես գիտեմ, որ մենք այս տարի շատ մոտ ենք եղել լավագույն 20-ում ընդգրկվելու սահմանագծին։ Անկախ նրանից, որ չենք ընդգրկվել, մրցույթում մեր վարկանիշը բարձրացել է։ Շատ դրական արձագանքներ ունենք թե՛ Մոնիկայի մասին, թե՛ առհասարակ մեր մասնակցության։ Պանդեմիայից հետո մոտ 15 երկիր չի կարողացել մասնակցել, մենք հետպատերազմական ճգնաժամային իրավիճակում մասնակցեցինք, եւ դա գնահատվեց: Մեզ շատ հանգամանքներ խանգարեցին՝ նախ կորոնավիրուսը, հետո՝ պատերազմը, մեր երկրի ներկա իրավիճակը, եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ մեր ելույթը հրաշալի էր: Մոնիկան իրեն շատ լավ է դրսեւորել եւ մեծ արձագանք է ունեցել միջազգային լրատվականների հետ շփման մեջ, տարբեր հանդիպումներ է ունեցել նաեւ տեղի համայնքների ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ ամեն բան արվել է, որպեսզի լավ տեղ գրավենք»,- նշեց Գոհարը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մինչեւ բեմ բարձրանալը մրցույթի մասնակիցները մեծ եւ բավականին դժվարին աշխատանք են կատարել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես. «Ամենակարեւորը լողազգեստով եւ երեկոյան զգեստով ելույթներն էին, հետո հարցազրույցի փուլն էր, որից հետո արդեն պարզ են լինում մրցանակային տեղերը: Բոլոր աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին, եւ 20 թիվը շատ փոքր է որպեսզի բոլորն իրենց տեղը զբաղեցնեն: Սա գեղեցկության մրցույթներից ամենապատասխանատուն է, երկար ժամանակ աշխատանք են տանում գեղեցկուհիների հետ, հավանաբար եւ այդպես էլ կա, լավագույնին արժանացան նրանք, որոնց  առավելությունը մյուս գեղեցկուհիների հանդեպ շատ քիչ էր»:

Գոհար Հարությունյանի խոսքով՝ մրցույթից  անմիջապես հետո զրուցել է Մոնիկայի հետ, նրա տրամադրությունը եղել է շատ բարձր:

«Մոնիկան գեղեցիկը գնահատող եւ նկատող մարդ է, եւ նա ինքը շատ գոհ եւ շնորհակալ է, որ ապրել է նման հեքիաթային օրեր, որը կհիշի իր ամբողջ կյանքի ընթացքում»,- հավելեց նա:

Հավելենք, որ 2021 թվականի «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթում հաղթել է Մեքսիկան ներկայացնող Անդրեա Մեսան, իսկ եզրափակչում էին հայտնվել նաեւ Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի եւ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։

Այս տարի մրցույթն անցկացվել է Ֆլորիդայում՝ Քովիդի պատճառով անհրաժեշտ անվտանգության միջոցառումների պահպանմամբ։

Մրցույթի ողջ պատմության ընթացքում մեքսիկուհիները հաղթող են եղել 1991 եւ 2010 թվականներին։ Բացարձակ առաջատարությունն ԱՄՆ-ինն է, որի ներկայացուցիչները 8 անգամ հաղթել են այս մրցույթում։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԴՌՆԵՐԸ ԿԲԱՑԵՆ

Թանգարանների միջազգային օրվա առթիվ, որն այս տարի անցկացվում է «Թանգարանների ապագան. վերափոխել եւ վերաիմաստավորել» խորագրով, Երեւանում եւ ՀՀ մարզերում գործող թանգարաններն իրենց հյուրընկալ դռներն այցելուների առաջ կբացեն հետաքրքիր ցուցահանդեսներով, շնորհանդեսներով եւ մի շարք այլ նախաձեռնություններով:

 

Հովհաննես Թումանյանի թանգարանի մատույցներում բարեգործական տոնավաճառ է նախատեսվում: Տոնավաճառին կմասնակցեն թումանյանական թեմատիկ արտադրանք ունեցող կազմակերպություններ: Ամբողջ վաճառքի 30 տոկոսը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրական հիմնադրամին:

Թանգարանում կբացվի լրագրող, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի «Հայկական Քաշաթաղը՝ լուսանկարներում» ցուցահանդեսը: Կներկայացվեն լուսանկարներ, որոնցում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը:

Իսկ ամենայն հայոց բանաստեղծի էկրանավորված պատմվածքները կցուցադրվեն թանգարանի փոքր այգում: Ներկաները հնարավորություն կունենան դիտելու «Իմ ընկեր Նեսոն», «Աղքատի պատիվը», «Մարոն» ստեղծագործությունները:

Թանգարանի կամարների ներքո նախատեսվում է համերգային «#դյութիչ-գիշեր» ծրագիրը՝ «ԱՐԱՐ» երգչախմբի կատարմամբ: Առաջին անգամ կհնչի «Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա» երգը՝ փոխադրված երգչախմբի համար (մշակումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի, խմբավար՝ Գոռ Մելքումյան):

Միջոցառումների մանրամասները հնարավոր է գտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: Ժողովրդական արվեստների թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա քանդակագործ Հերիքնազ Գալստյանի (1959-2015) անհատական ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 10-ը:

Ժամը 11:00-18:00 «Թանգարանների գիշեր» եւ «Թանգարանների միջազգային օր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունենալու հուշանվերների եւ գրքերի տոնավաճառ, որին միացել են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահն ու Գրականության եւ արվեստի թանգարանը: Տոնավաճառը կանցկացվի Հանրապետության հրապարակ 4 հասցեում՝ թանգարանի մուտքի մոտ, որի ընթացքում կլինեն նաեւ անակնկալ նվերներ:

 

 

 

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է փորձաշրջանի հրավիրվել Մոսկվայի ԲԿՄԱ: Մոսկովյան ակումբի սկաուտները հետեւում են 21-ամյա ֆուտբոլիստին եւ ներկա են եղել նրա խաղերին: Այս մրցաշրջանում Արթուր Գալոյանը «Վելեսի» կազմում մասնակցել է 41 խաղի, դարձել 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Նա Մոսկվայի «Տորպեդոյի» սան է:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է նորից հանդես գալ Ֆրանսիայի ֆուտբոլի ընտրանու կազմում: Այս մասին հայտնում է L՚Equipe-ը: Ըստ պաբերականի՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մտադիր է Բենզեմային հրավիրել հավաքական, որի կազմում հարձակվողը կարող է մասնակցել Եվրոպայի առաջիկա առաջնությանը: Սակայն վերջանական որոշում կկայացվի առաջիկա օրերին Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: Կարիմ Բենզեման Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմ չի հրավիրվել 2015թ. ի վեր:

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ

Ֆուտբոլի կանանց Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Բլեքբերնի» 17-ամյա հայ ֆուտբոլիստուհի Մարիա Էդվարդսը ճանաչվել է անգլիական ակումբի՝ այս մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող. hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավարտված առաջնությունում «Բլեքբերնը» 20 տուրերում հավաքել է 18 միավոր եւ գրավել 9-րդ տեղը, իսկ Մարիա Էդվարդսը դարձել է 2 գոլի հեղինակ: Հայ խաղացողը վարձավճարով է հանդես գալիս «Բլեքբերնում»: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Մարիան խաղացել է նաեւ կանանց Անգլիայի Մ-18 հավաքականում:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է «ՈՒՐԱՐՏՈՒ»

Ֆուտբոլի՝ 1978թ. աշխարհի առաջնության չեմպիոն եւ լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսն այցելել է Երեւանի «Ուրարտու»։ Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը շրջայց է կատարել մարզաբազայի տարածքով, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին։ Կեմպեսը զրուցել է նաեւ ակադեմիայի ղեկավարության հետ, ողջունել պատանի ֆուտբոլիստներին։ «Նման փոքր պետության համար «Ուրարտուն» իսկապես լավ պայմաններ ունի։ Ինձ ասացին, որ այստեղ մարզվում է մոտ 900 երեխա, որոնց թվում աղջիկներ էլ կան։ Եթե կան նման պայմաններ, ապա հայկական ֆուտբոլը վաղ թե ուշ առաջընթաց է գրանցելու»,- Մարիո Կեմպեսի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Մարիո Կեմպեսը եռօրյա այցով Հայաստան է ժամանել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով:

 

 

 

 




Լրահոս