ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Պոլ Գավանին:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը ընդգծեց, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԽԽՎ-ին և բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումները Արցախի և հայ ռազմագերիների վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը անդրադադարձ կատարեց 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու` Ադրբեջանի պարտավորության չկատարմանը, պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությունը, որի վերջին դրսուորումներից մեկը տխրահռչակ պուրակի բացումն էր: Խորհրդարանի խոսնակը ներկայացրեց նաև ադրբեջանական զինված ուժերի ՀՀ տարածք ներխուժելու մասին տեղեկատվություն` հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին պատշաճ կարգով նախապես չի հայտարարվել, ինչն էլ միջազգային իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտում է:
Պոլ Գավանը շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին ընդունելության և իր փաստահավաք աշխատանքները Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ տրամադրած աջակցության համար և վստահեցրեց, որ նախապատրաստվող զեկույցը, որը պիտի ներկայացվի ԵԽԽՎ-ում, ամբողջությամբ արտացոլելու է առկա իրականությունը:
Արարատ Միրզոյանը ցավով փաստեց, որ ադրբեջանական կողմը խնդիրներ է ստեղծում զեկուցողի` Արցախ այցելելության համար, ապա համոզմունք հայտնեց, որ ԵԽԽՎ տարածքում չեն կարող լինել գորշ գոտիներ, և անհրաժեշտ է արցախահայերի իրավունքների խախտմանը ծանոթանալ հենց տեղում:
Ի պատասխան գործընկերոջ հարցին` Ազգային ժողովի նախագահը նշեց, որ հայկական կողմը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է միջազգային մանդատ ունեցող միակ ֆորմատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, դուրս կբերի զինված ուժերը Հայաստանի տարածքից և վերջ կտա իրականացվող հայատյաց քաղաքականությանը: