Սահմանադրական դատարանը եւս մեկ ապտակ հասցրեց գլխավոր դատախազին: Երեկ սահմանադրական դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով նա, ըստ էության, խնդրում էր, որ Սահմանադրական դատարանը թույլ տա իրեն, որ ինքը փոխի երկրորդ Նախագահ Ռ.Քոչարյանի մեղադրանքը: Անգամ անցած շաբաթ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ խնդիրը փակված չէ, եւ ինքը դիմել է ՍԴ, իսկ այդ որոշումից հետո գործի ընթացքը կշարունակվի։ Եվ, ահա, երեկ Սահմանադրական դատարանը մերժում է Արթուր Դավթյանին՝ եւս մեկ անգամ ցույց տալով, որ իր իրավական վերլուծություններն ու մոտեցումները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այսինքն՝ Արթուր Դավթյանը «Մարտի 1»-ի գործը ի սկզբանե տարել է հակասահմանադրական ճանաապարհով՝ այս երեք տարին անընդհատ կրկնելով, որ ամեն ինչ օրինական է: Այսինքն՝ կա՛մ դիտավորյալ է տարել այդ ուղղությամբ, կա՛մ պրոֆեսիոնալիզմի պակաս է. երկուսն էլ մահացու է:
Հիմա առարկայական. Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դաախազ է արդեն հինգ տարի, եւ եթե ուշադիր լինենք, արդեն հինգ տարի է՝ նա նույն բառակապակցությամբ ԱԺ ամբիոնից խոսում է «Մարտի 1»-ի 10 զոհերի բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, իսկ արդյունքը, արդեն հինգ տարի է, չկա: Ի դեպ, անցած շաբաթ ԱԺ ամբիոնից նա հայտարարեց՝ ով կարող էր երաշխավորել, որ եթե այլ հոդվածով մեղադրանք առաջադրեին, այդ հոդվածը սահմանադրական դատարանը չէր ճանաչի հակասահմանադրական: Սա, հավատացեք, տարօրինակ հայտարարություն է գլխավոր դատախազի կողմից: Արդեն երեք կամ երկու տարի է՝ տարբեր տրամաչափի իրավաբաններ, եվրոպական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը պնդում եւ հիմնավորում են, որ այդ հոդվածը, որով մեղադրում են անձանց, հակասահմանադրական է, իսկ գլխավոր դատախազը իր հայտարարություններում հայտնում էր նույն արտահայտությունները՝ մեղադրանքները համապատասխանում են մեր օրենսդրության պահանջներին եւ այլն: Գլխավոր դատախազը եւս իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան՝ ստուգելու այդ հոդվածի՝ սահմանադրության համապատասխանության հարցը: Ի՞նչ ունենք հիմա: Ադյունքում, 2018թ սկսած, արդեն 3 տարի է՝ Արթուր Դավթյանը մեզ բոլորիս հավաստիացնում էր, որ այս գործով ամեն ինչ հիմնավոր է եւ օրինական, իսկ Սահմանադրական դատարանը համարեց, որ հոդվածը հակասահմանադրական է, հետեւաբար մեղադրանքը ապօրինի է, իսկ դատարանը դադարեցրեց այդ մեղադրանքները: Արդեն երկրորդ անգամ Սահմանադրական դատարանը բացատրեց Արթուր Դավթյանին, որ ինքը տեղյակ չէ ՀՀ Սահմանադրությունից: Ունենք սա, այսինքն՝ Արթուր Դավթյանը, արդեն հինգ տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազ է, իսկ 10 անձանց սպանությունը բացահայտված չէ, եւ որեւէ մեկը պատժված չէ: Սա փաստ է, իսկ որ ներկայացվում է, թե ինչ տաժանակիր աշխատանք է կատարվել այդ գործով, ապա կա մի պարզ բանաձեւ՝ կատարված աշխատանքի արդյունավետությունը որոշվում է արդյունքներով: Իսկ ինչպես տեսնում ենք, արդյունք չկա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներին հրահանգվել է այլեւս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին: Նկատենք, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը «սահմանների ճշգրտում» հիմնավորմամբ առաջ եկավ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում, միակ պաշտոնյաները համայնքների ղեկավարներն էին, որոնցից հնարավոր էր որեւէ տեղեկություն իմանալ եւ մշտապես՝ ճիշտ ու հստակ: Սակայն հիմա նրանց եւ հատկապես Գեղարքունիքի մարզի համայնքապետերին մարզպետարանից հրահանգված է լրագրողների հետ խոսելու դեպքում միայն ասել, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նույնն է, առանց փակագծեր բացելու: Նկատենք՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից ուղիղ այս հրահանգը իջեցրել են ավելի շատ Գեղարքունիքի մարզի համայնքապետերի վրա, քանի որ Սյունիքի համայնքապետերին չեն կարողանում ենթարկեցնել. նրանք ավելի անկախ են: Եվ այս օրերին նրանցից շատերը չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ պատասխանելու պարագայում փորձում են հերքել այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են սահմանային իրավիճակի հետ կապված: Եվ, դրան զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարությունն է սկսել ակտիվ հայտարարություններ անել եւ իր տեսանկյունից ներկայացնել սահմանում տիրող իրավիճակը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Պատիվ ունեմ» դաշինքում է լինելու նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ գյումրեցի Մարտուն Գրիգորյանին նախընտրական ցուցակ ներառելը առաջարկվել է ՀՀԿ-ի կողմից՝ վստահ լինելով, որ վերջինս կարող է դաշինքին Գյումրուց ձայներ բերել: Նշենք, որ տարիներ առաջ, երբ Գրիգորյանը առաջադրվում էր ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով, մշտապես ձայների մեծամասնությունը բաժին էր հասնում նրան, քանի որ նա Շիրակի մարզում կարողանում էր ձայներ հավաքել իր շրջապատի միջոցով: Գրիգորյանը մշտապես պայքարի մեջ է եղել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուլասյանի հետ, բայց այս խորհրդարանում Գրիգորյանը չկա: Հիմա որոշում կա նորից պայքարել պատգամավորական մանդատի համար, այս անգամ՝ ՀՀԿ-ի հետ: Երեկ՝ ողջ օրը, փորձեցինք տեղեկությունները ճշտել Գրիգորյանից, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չարձագանքեց:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում Հաշվեքննիչ պալատը մի շարք անհամապատասխանություններ է բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունը խախտել է կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ հաստատված «Կարգ»-ի 11-րդ կետով սահմանված պահանջները, ըստ որի՝ ավտոմոբիլային ճանապարհի խումբը պահպանման աշխատանքների կատարման արդյունքում չի կարող փոխվել դեպի բարձր խմբի: Խմբի փոփոխությունը դեպի ավելի բարձր խումբ կատարվում է միայն տվյալ ճանապարհի հիմնական, միջին նորոգումից կամ վերակառուցումից հետո: Բայց, արի ու տես, նախարարությունն ավտոճանապարհի խմբի փոփոխություն է արել, առանց նորոգելու կամ վերակառուցելու: Խոսքը Հ38, Հ30-Թթուջուր-Նավուր-Հ36 40.1 կմ ճանապարհահատվածի մասին է, որի խումբը, ըստ վիճակի, 2019 թվականի սպասարկման համար գնահատվել էր «վատ» եւ «թույլատրելի» սպասարկման մակարդակով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականին այդ ճանապարհահատվածի վիճակը, առանց հիմնական, միջին նորոգման կամ վերակառուցման, գնահատվել է «բավարար»: Ավելին՝ պատվիրելով «թույլատրելի» պահպանման մակարդակ, բայց կիրառելով ավելի բարձր մակարդակի՝ «բավարար»-ի գները՝ 2018-2019 թվականների կատարողականներով ավել են հաշվարկվել 51 մլն 315 հազար դրամ: Այսինքն՝ 2020 թվականին, այս անգամ արդեն առանց հիմնավորման, ճանապարհի վիճակը նախարարությունը «վատ»-ից փոխել է «բավարար»-ի եւ շարունակել վճարել ավելի բարձր՝ «բավարար» պահպանման մակարդակի գներով, որոնց տարբերությունը նախորդ տարվա համար կազմում է 25 մլն 6857 հազար դրամ: