ArmLur.am-ը զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ` պարզելու համար, թե ԼՀԿ-ն նախընտրական ցուցակը երբ է հրապարակելու, եւ ովքեր են լինելու ցուցակում: Մենք փորձել ենք պարզել նաեւ, թե ինչ հույս ունի ԼՀԿ-ն՝ ընտրվելու հետ կապված, արդյոք այն կարծիքին չէ, որ ներկայիս իշխանությունները կրկին վերընտրվելու են: Զրուցել ենք նաեւ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում սահմանային լարվածության մասին:
-Հայտնի է, որ Դուք եք ղեկավարելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը: Հիմա ի՞նչ փուլում է ձեր աշխատանքը: Ի՞նչ է կատարվում: Այս ընթացքում կուսակցությունները նախընտրական ցուցակներ են կազմում, անուններ են հստակեցնում. ձեզ մոտ ի՞նչ է տեղի ունենում:
-Նախ ասեմ, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում կհստակեցվի նախընտրական շտաբի ղեկավար լինելու հանգամանքը: Առայժմ ես եմ համակարգում, բայց խորհուրդը դեռեւս հստակ որոշում չի կայացրել: Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակներին, մենք ունենք որոշում, որ կսկսեք հաջորդականության հարցը քննարկել մայիսի 23-ին: Իսկ մինչ այդ, որոնք նոր պետք է ներառվեն ցուցակում, նրանց հետ ընթանում են բանակցություններ: Ամսի 23-ին մենք կունենանք հստակ հաջորդականություն, եւ մայիսի 26-ից շուտ, կարծում եմ, մինչեւ ԿԸՀ թվերը ներկայացնելը կներկայացնենք նաեւ լրատվամիջոցներին:
-Այս ընթացքում նշվում է, որ ԼՀԿ-ն նոր դեմքեր է փնտրում, նոր անուններ կլինեն նախընտրական ցուցակում: Կասե՞ք՝ ինչպիսի դեմքեր է ընդգրկում ԼՀԿ՝ քաղաքակա՞ն, բիզնես գործունեության հետ առնչություն ունեցող անձա՞նց, որոնք կարող են վերականգնել տնտեսությունը: Ո՞ւմ եք փնտրում:
-Ինչպես բոլոր նախորդ ընտրություններին, այս անգամ եւս մեզ միացող մարդիկ տարբեր ոլորտներից են, ցանկությունը, բնականաբար, երկուստեք է՝ ե՛ւ մենք ցանկություն ունենք նոր մարդկանց քաղաքական խողովակ տրամադրելու, ե՛ւ մարդիկ ցանկություն ունեն քաղաքականության մեջ իրենց խոսքն ասելու: Այստեղ շերտերը բազմազան են, եւ առաջիկայում այդ անունները կտեսնեք:
-Անունները հանրությանը հայտնի՞ են: Կարո՞ղ են լինել մարդիկ, որոնք հասարակական, քաղաքական դեմքեր չեն եւ նոր են հանրության համար:
-Կան ե՛ւ հանրության համար հայտնի անուններ, ե՛ւ մարդիկ, որոնք նոր պետք է սկսեն հանրային գործունեություն ծավալել: Բայց քանի որ բանակցությունները վերջնական փուլում չեն, չեմ շտապի անուններ հայտնել:
-Այս ընթացքում արդյոք կուսակցությունը հարցումներ իրականացրե՞լ է հանրության շրջանում: Փորձե՞լ եք հասկանալ, թե ով ինչ դիրքորոշում ունի ձեր կուսակցության նկատմամբ: Ունե՞ք ռեյտինգ հանրության շրջանում:
-Հարցումներ ունենք, եւ ակնհայտ է, որ այլընտրանք փնտրող քաղաքացիների շրջանում «Լուսավոր Հայաստան»-ը՝ որպես ընտրություն, առաջին տեղում է: Բնականաբար գործող իշխանությունը, «Հայաստան» դաշինքը, որը հայտ է ներկայացրել, իրենք փորձում են երկբեւեռ ընտրությունների տպավորություն ստեղծել, բայց այստեղ ԼՀԿ-ն հանդես է գալիս այլընտրանքի առաջարկով: Այն մարդիկ, որոնք այլընտրանքի փնտրտուքի մեջ են, հարցումները ցույց են տալիս, որ նրանց համար «Լուսավոր Հայաստանն» այլընտրանք հանդիսացող ուժ է:
-Այսինքն՝ վստա՞հ եք, որ «Լուսավոր Հայաստանը» հաջորդ խորհրդարանում լինելու է:
-Մենք այս պահին եւս, լինելով խորհրդարանական ուժ, որի ընտրություններից անցել է ընդամենը 2 տարի, խորհրդարան անցնել-չանցնելու հարց մեր առջեւ չենք դրել, այլ ներկայացվածությունը ընդլայնելու: Վստահությունը կա, իհարկե, բարդ ընտրություններ են սպասվում, մեծ քանակի ուժեր են մասնակցելու, բայց մենք լուրջ ենք պատրաստվել եւ այլընտրանքը ներկայացնելու հնարավորություն ունենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՄՆ-Ի ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգները զգուշացրել է իր քաղաքացիներին չգնալ Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան: Մասնավորապես, ԱՄՆ-ն այս երկրների ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի եւ իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկրներ: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաեւ սահմանային լարվածության մասին։
Նկատենք՝ ԱՄՆ-ի կողմից այսպիսի հայտարարությունները պատահական չեն եւ հստակ մեսսիջ են պարունակում: Երեկվա հայտարարությունից հետո տարբեր շրջանակներ վերհիշեցին ԱՄՆ-ի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 26-ին արված գրեթե նույնաբովանդակ հայտարարությունը, որից մեկ օր անց սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Այդ ժամանակ եւս Միացյալ Նահանգները կոչ արեց Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել եւ խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ լարվածության սրացման եւ բախումների պատճառով: Նույն թվականի հոկտեմբերին եւս տարբեր զգուշության կոչեր էին հնչում Բաքու կամ Ղարաբաղ այցելությունների մասով:
Իսկ ո՞ր դեպքում է առհասարակ ԱՄՆ-ն նման հայտարարություններ անում: Օրինակ՝ 2018 թ. ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիա չգնալ, քանի որ անհանգստացնում էր ահաբեկչության վտանգը: Թուրքիայում երկու տարի արտակարգ դրություն էր տիրում զինված հեղաշրջման փորձից հետո, եւ ԱՄՆ-ն անհանգստանում էր, որ ահաբեկչական խմբավորումները մտադրված կերպով թիրախավորում են արեւմտյան երկրներից այցելող զբոսաշրջիկներին:
Իսկ, օրինակ, 2016 թվականի վերջին Ամերիկայի Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին զգուշացրել էր Եվրոպայում հավանական ահաբեկչական հարձակումների մասին՝ հորդորելով ամանորյա օրերին զգույշ լինել եւ ձեռնպահ մնալ եվրոպական երկրներ այցելություններից: Այսպիսի օրինակները բազմաթիվ են, եւ, ամեն դեպքում, նման հայտարարությունները պատահական չեն լինում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼՆԵ՞Ր ԵՆ ԺԱՄԱՆԵԼ
«Զվարթնոց» օդանավակայանի մեր աղբյուրները հայտնում են, որ Իրանից Հայաստան են ժամանել բարձրաստիճան զինվորականներ: Ըստ ականատեսների` Թեհրանից Երեւան են ժամանել մոտ 10 բարձրաստիճան զինվորականներ։ Ամենայն հավանականությամբ, գեներալների՝ Երեւան ժամանումը կապված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նպատակով կամ առաջարկով են հանդես գալու, բայց այն, որ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաաքական լարվածությունը հուզում է նաեւ Իրանին, կասկածից վեր է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին, հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որեւէ փոփոխություն, եւ որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ «Եթե Հայաստանի տարածքի մի մասը ցանկանան վերցնել, եւ մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարեւան, դա մեզ համար ընդունելի չէ: Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, եւ պետք է պահպանվի Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- հայտարարել էր Մոջթաբա Զոլնուրին:
ԱՆԱՐՁԱԳԱՆՔ
Արդեն վեց օր է, ինչ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: Կառույցի անդամ երկրներից համապատասխան արձագանքի փոխարեն՝ հակառակ արդյունքի ենք ականատես լինում: Բանն այն է, որ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին զուգահեռ, Բելառուսն ու Ադրբեջանն են խորացնում իրենց հարաբերություններն ու համագործակցությունը: Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը եղել է Ադրբեջանում եւ հայտարարել, թե Մինսկը եղել է եւ կշարունակի մնալ Ադրբեջանի հուսալի հենակետն ու գործընկերը: Ընդ որում, այս այցից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցել էր, որ ադրբեջանական կողմը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, խախտել է սահմանը եւ ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Նկատենք՝ Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018թ.` ապրիլյան քառօրյա պատերազմից ընդամենը երկու տարի անց, Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Բաքվին, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել համագործակցությունն ընդարձակելու մասին։ Մեկ ամիս առաջ էլ Բաքու էր այցելել Բելառուսի առաջնոդ Ալեքսանդր Լուկաշենկոն: