ՀԱՊԿ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏՈՒՄ ԽՈՍՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որեւէ պարագայում չի կարող հանգեցնել ԼՂ հակամարտության լուծմանը. երեկ՝ Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

 

Այվազյանը, ըստ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, մանրամասն ներկայացրել է ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետեւանքով իրադրության լարումը:

«Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար, ինչը մարտահրավեր է Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի համար», – նշել է նախարարի պաշտոնակատարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ ներկա պայմաններում արդիական է դառնում ՀԱՊԿ արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգը, որով իրադրության մշտադիտարկման, տեղում իրադրության գնահատման եւ հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով ամրագրված են նաեւ համապատասխան բազմակողմ առաքելության ձեւավորման հարցերը:

Արա Այվազյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը որեւէ պարագայում չի կարող հանգեցնել հակամարտության լուծմանը. «հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական-դիվանագիտական հարթակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների միասնական ու համապարփակ իրագործման հիման վրա»:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, նիստի օրակարգում են եղել տարածաշրջանային եւ միջազգային իրադրության եւ անդամ երկրների անվտանգության վրա վերջինիս ազդեցությանը, միջազգային կազմակերպությունների հետ անդամ երկրների փոխգործակցությանը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանն առնչվող հարցեր։

Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան՝ Հայաստանն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան՝ հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար», – ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով մայիսի 14-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նամակներով դիմել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին եւ դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ բանակցություններ են մեկնարկել:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

Ն.Հ.

 

 

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑ

«Մենք շարունակում ենք կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում: Գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, եւ մենք շարունակում ենք հետեւողական աշխատանքը՝ դրանք գործարկելու ուղղությամբ», – երեկ՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ քննարկման ժամանակ, նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնի է, մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հանձնարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին եւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված, եւ արդեն մյուս օրը պաշտոնական նամակ հղեց ՀԱՊԿ նախագահող երկիր Տաջիկստանի նախագահին: Եվ, ահա, այսօր արդեն յոթերորդ օրն է՝ ինչ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն ինչպես նկատում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում:  Նկատենք, սակայն, որ Հայաստանը դիմել է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաեւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Կանոնակարգն ընդգծում է, որ ճնաժամային իրավիճակի կամ դրա նախապայմանների առկայության դեպքում այն կանխելու (կարգավորելու) համար համաձայնեցված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ցանկացած անդամ պետության առաջարկով, անմիջապես՝ ոչ ուշ, քան խորհրդի նախագահին դիմելուց հետո երեք օրվա ընթացքում, գործի է դրվում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը: Ընդ որում՝ խորհրդի արտահերթ նստաշրջանները, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համապատասխան նիստերը կարող են անցկացվել տեսակոնֆերանսի ձեւաչափով: Առաջին քննարկումը եղավ դիմելուց վեց օր անց միայն՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների մակարդակով, որի ժամանակ քննարկվել է սահմանների հարցը, իսկ ՀԱՊԿ քարտուղար Սնասիլավ Զասն էլ միայն ասել է, թե տագնապով եւ անհանգստությամբ են հետեւում սահմաններում տիրող իրավիճակին:  Նաեւ, կանոնադրության համաձայն, խորհուրդը, ՀԱՊԿ անդամ մեկ կամ մի քանի պետությունների (որի (որոնց) տարածքում առաջանում է ճգնաժամային իրավիճակ), պաշտոնական դիմումի հիման վրա, որոշում է կայացնում օգնություն տրամադրել եւ (կամ) իրականացնել այլ միջոցառումներ, որոնք անհրաժեշտ է համարում իրավիճակը կայունացնելու համար: Այստեղ էլ տեսնում ենք միայն ՌԴ արձագանքը, որն ասում է, թե պատրաստ է իր օգնությունն առաջարկել սահմանագծման աշխատանքների համար:

 

 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ի ԿՈՉԸ

Հնդկաստանը մտահոգությամբ է հետեւում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների: «Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- համաձայն նախարարության պաշտոնական կայքի՝ հայտարարել է խոսնակը: Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել իրավապահ համակարգում: ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ պատգամավորի մասով քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է քննություն: Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով. «Գլխավոր դատախազությունը վերացրել է քրեական գործ չհարուցելու որոշումը: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է»:

Հիշեցնենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել էր, որ պատգամավորի՝ 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրելն ու հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Դատախազությունն էլ այս գործը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ մայիսի 10-ին որոշել էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն ինչպես նկատում ենք, Գլխավոր դատախազությունը պատերազմ է հայտարարել պատգամավորին եւ որոշել է կուլ չգնալ իշխանություններին եւ գործին ընթացք տալ:

 

 

ՉԱՐԱՇԱՀԵԼ Է

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերլիազորը հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վահե Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերլիազորի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցիչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման փորձ, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է յուրացում՝ իրեն վստահված զգալի չափերի՝ 255.896 ՀՀ դրամի համարժեք 400 եվրոյի հափշտակություն:

 

 

ՏԱԳՆԱՊՈՎ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ՝ կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստն ամփոփելիս, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում տագնապով են հետեւում Սյունիքի մարզում տիրող իրավիճակի զարգացմանը։ Ըստ ՀԱՊԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրության` Զասը նշել է, որ Հայաստանի սահմանային իրավիճակը քննարկվել է նիստի ընթացքում: Գլխավոր քարտուղարն ասել է, որ ՀԱՊԿ-ում ողջունում են Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջեւ սկսված բանակցությունները, ինչպես նաեւ ստորաբաժանումների մի մասին հետ քաշելու պայմանավորվածությունը։ «Ընդգծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի»,- նշել է Զասը: Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

 

 




Լրահոս