54 ՄԵՂԱԴՐՅԱԼ՝ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ եւ ԱՀ ղեկավարների միջեւ ստորագրված արցախյան երկրորդ պատերազմի հրադադար հաստատելու մասին հայտարարության հրապարակումից հետո ՀՀ ԱԺ, կառավարության շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում կազմակերպվել եւ իրականացվել են բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ: Դրանց ժամանակ մասնակիցների կողմից հնչել են ինչպես իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու, այնպես էլ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

 

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. նոյեմբերի 10-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով եւ 301.1-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին:

Հիշյալ դեպքերի ժամանակ Երեւան քաղաքում ՀՀ վարչապետի կեցավայր ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի բացահայտ հափշտակության եւ 2 դրվագ փաստաթղթերի հափշտակության դեպքերի, ՀՀ Ազգային ժողովի կայանատեղիից կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով տրանսպորտային միջոցների, առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակության, մի խումբ անձանց կողմից ՀՀ կառավարական թիվ 1 շենք, ՀՀ ԱԺ շենք եւ այնտեղ գտնվող աշխատասենյակներ ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակություններ կատարելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով կարեւոր եւ պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1-ին կետերով, 324-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու եւ անցկացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու, Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելու փորձ կատարելու եւ նշված հանցափորձը կազմակերպելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է ընդհանուր 9 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին: Դրանց շրջանակներում քննության առարկա է նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը:

Բացի այդ, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքերի առթիվ հարուցվել է 2 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք եւս միացվել են վերոնշյալ գործերով վարույթին:

Ընթացքում 54 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից 44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դրանցից 21-ը բավարարվել է, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, 22-ը՝ մերժվել, 1-ը հետ է վերցվել դատախազի կողմից:

Անձի վերաբերյալ մեղադրանքները փոփոխելու ու լրացնելու արդյունքում դատարան են ներկայացվել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կրկնակի միջնորդություններ, որոնք մերժվել են: 9 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են: 1 մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է այլ խափանման միջոցով՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ անչափահաս 1 մեղադրյալի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի անհիմն դատական ակտերի դեմ բերվել է 16 վերաքննիչ բողոք, որոնցից մասնակի կամ լրիվ բավարարվել են 2-ը, 1-ի քննությունը դեռեւս չի ավարտվել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի անհիմն որոշումների դեմ ներկայացվել է 7 վճռաբեկ բողոք, որոնցից 1-ը բավարարվել է, եւ ազատ արձակված մեղադրյալը կրկին կալանավորվել է:

Միասնական վարույթով քննվող քրեական գործից 23 անձի վերաբերյալ 7 քրեական գործ անջատվել է եւ հաստատված մեղադրական եզրակացություններով ուղարկվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ գործերից մեկով 1 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

 

 

ՋՐԻ ՆՄՈՒՇ Է ՎԵՐՑՎԵԼ

2021թ. մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ: ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային հսկողություն: Արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, որի հետեւանքով նշված անձանց վիճակը գնահատվել է միջին եւ թեթեւ ծանրության: Դեպքի առթիվ 2021թ. մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով, որը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել է ջրի նմուշ, եւ նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Սիսիանում ջրի պատճառով աղիքային վարակ արձանագրվել է 370 անձի մոտ. 8 մարդ հիվանդանոցում է:

 

 

ՄԻԵԴ-Ը ՍՏԱՑԵԼ Է ԳԱՆԳԱՏԸ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատը՝ ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու եւ Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաեւ Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը եւս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: «Մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի եւ ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական եւ ընտանեկան կյանքի եւ մի շարք այլ իրավունքներ: Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ եւ ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու եւ տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք եւ զինամթերք մատակարարելու, ինչպես նաեւ այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ»,- ասված է տարածված հաղորդագրությունում։

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

«Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Արդյունքում պարտադիր գնահատման ենթակա, 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի որոշման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի, նրա տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի եւ հանձնաժողովի անդամներ Շիրազ Կիրակոսյանի ու Մուշեղ Կոշեցյանի գործողությունների հետեւանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված եւ առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար անհիմն սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետեւանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Վերը նշված արարքների կատարման համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին եւ Մուշեղ Կոշեցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործից հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 




Լրահոս