Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 1.8 տոկոսով կամ 17 մլրդ դրամով: Այս մասին ասել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: «Մենք կարեւորում ենք բանկային կապիտալի ցուցանիշները, քանի որ դրանք ապահովում են համակարգի կայունությունը, սթրեսներին դիմակայելու ունակությունը եւ նպաստում բանկերի գործունեության ընդլայնմանն ու զարգացմանը: ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացել է 1.8 տոկոսով կամ 17 մլրդ դրամով: Բանկերում կապիտալն ավելացել է բանկերի կողմից տարիների ընթացքում կուտակած շահույթի ու սեփականատերերի կողմից կատարվող ներդրումների շնորհիվ»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ 2010 թվականից մինչ օրս ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն անընդհատ մեծացել է, ինչը կարեւոր ցուցիչ է:
229 ՆՈՐ ԴԵՊՔ
ՀՀ-ում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221368 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1046412, վերջին մեկ օրում` 3591 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6436 պացիենտ. մեկ օրում նվազել է 71-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 209508 անձ, վերջին մեկ օրում՝ 286 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4357 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը եւ երեխաներին ներկայացվող որակական պահանջները:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական աստիճան եւ նպատակ ունի ապահովել նախադպրոցական կրթության համակարգից երեխայի սահուն անցումը դեպի հանրակրթություն: Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է: Այն ներառում է, մասնավորապես, ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները եւ դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի եւ առաջադիմության մակարդակի դիտարկման ձեւերը: Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը եւ երեխաների կարիքներին ու հետաքրքրություններին արձագանքելու, յուրաքանչյուր երեխայի անձը հարգելու, համատեղ ուսումնառության գործընթացը խթանելու հնարավորություն է ընձեռում:
Չափորոշչով սահմանված են երեխայի լեզվական եւ հաղորդակցական, ֆիզիկական կրթության, առողջ ապրելակերպի, ճանաչողական, սոցիալական, քաղաքացիական, թվային, մեդիա, մշակութային, մաթեմատիկական ու տեխնիկական եւ այլ կարողունակությունները:
Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների` նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները պետք է շարունակական վերապատրաստումներ անցնեն` տարեկան առնվազն 1/5-ի չափով: Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը նաեւ հիմքեր է ստեղծում ոլորտում համընդհանուր ներառականության անցման համար:
Համաձայն կառավարության՝ ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի եւ ժամանակացույցի` մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում պետք է ներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ, որը կիրականացվի երկու փուլով։ 2021-2022 թթ. նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում, իսկ 2022-2023 թթ.-ին՝ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում: