ԱՂԱՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ «ՀԱՐՍ ՉԿԱ» ԵՐՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորի կողմից սիրված «Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանն ավարտվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասան, սցենարիստ Աղաս Մանուկյանը, որը սիթքոմում մարմնավորում էր Սեթոյի կերպարը:

 

Հարցին, թե արդյոք սպասվում է «Հարս չկա» սիթքոմի երրորդ եթերաշրջան, մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին դեռ պարզ չէ:

«Անկեղծ ասած, երրորդ եթերաշրջան, չգիտեմ, լինելու է, թե ոչ, իրականում նման խոսակցություններ կային, բայց դեռեւս հստակ բան չկա: Իսկ նոր նախագիծ լինելու է, դեռ չգիտեմ, թե ինչ ֆորմատով, բայց որ լինելու է, դա հաստատ է: Ամերիկայի Միացյալ Նահանգներից օրեր առաջ եմ եկել, այնտեղ էլ Մենչի եւ Գարիկի հետ քննարկում էինք, որ նոր նախագիծ պետք է անենք, երեւի թե ամառվա վերջ՝ սեպտեմբերի սկիզբ, արդեն պարզ կլինի, եւ կսկսենք նկարահանումները, իսկ եթե «Հարս չկայի» երրորդ եթերաշրջան լինի, ապա, միեւնույնն է, մեկը մեկին չի խանգարի: «Հարս չկա» սիթքոմի երկու երթերաշրջաններն էլ հանդիսատեսի կողմից սիրվել են եւ մեծ արձագանք են ունեցել, ապահովել են բավականին մեծ ռեյտինգ, եւ, առհասարակ, եթե ինչ-որ մի նախագիծ մեծ ռեյտինգ է ունենում եւ հանդիստաեսի կողմից էլ սիրված է լինում, ապա իրեն շարունակություն են տալիս, բայց ինձ թվում է՝ դեռ շուտ է երրորդ եթերաշրջանի մասին խոսելը»,-ասաց դերասանը:

Հարցին, թե առաջիկայում Աղաս Մանուկյանն ինչ մոնոներկայացումներով է հանդես գալու, մեր զրուցակիցն ընդգծեց, որ այս պահին նրա մոտ դադար է, չնայած որ մայիսի 31-ին ներկայացում ունի. ««Ստենդափ» ժանրում նույնպես հանդես եմ գալիս, բայց այդտեղ հանդիսատեսի հետ շփումն էլ ավելի շատ է, հիմնականում մոնոներկայացումներն էլ ավելի հետաքրքիր են անցնում, քանի որ ներկայացումների մեջ երաժշտական համարներ կան, իսկ իմ «ստենդափի» մեջ մեկ ժամ տասնհինգ րոպե ես  մաքուր «ստենդափ» եմ անում, առանց որեւէ ավելորդությունների, եւ այդ ժանրի սիրահարները  պատրաստ են այդքան ժամանակ նստել եւ ծիծաղել, առանց որեւէ երաժշտական դադարի: Կարծում եմ՝ դա լավագույն գնահատականն է»:

Աղաս Մանուկյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառներին:

«Իրականում գնացել էի ընկերներիս տեսնելու, այլ ոչ թե գործնական նպատակով: 20 օր եղել եմ Նահանգներում, այցելել եմ մտերիմ ընկերներիս, Մենչին, մանկության ըներոջս, եւ, իհարկե, քանի որ Գարիկը, Գոռը նույնպես Նահանգներում են, հավաքվեցինք եւ նոր նախագծի վերաբերյալ քննարկումներ ունեցանք, ինչպես նաեւ սպասում ենք, թե երբ պետք է այս իրավիճակից դուրս գանք եւ ԱՄՆ-ում էլ «ստենդափ» ներկայացում ունենանք»,-հավելեց նա:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԵՐԵՔ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԿՏԱՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավի պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:

 

Այդ նախաձեռնությամբ պատկերասրահում մեկնարկեց «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագիծը:

20-րդ դարի հայկական կերպարվեստի երեք խոշոր վարպետների վերականգնված կտավների կողքին կներկայացվեն վերականգնման երկարատեւ ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն՝ իրենց բացատրագրերով:

Ցուցասրահներից յուրաքանչյուրում տեղակայված կլինի վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված կլինեն պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաեւ կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:

Մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ շատ է կարեւորում մշակութային արժեքների, ժառանգության, հարստության վերականգնումը, պահպանումը, վերաիմաստավորումը:

«Այս տարի նշում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակը եւ որոշել ենք հնարավորինս բաց լինել արվեստասերների առաջ, ներկայացնել ֆոնդերում պահված  նյութերը: Շատերը չգիտեն, թե թանգարանում մարդիկ ինչով են զբաղվում, չգիտեն, թե ինչ նյութեր կան պահոցներում, թե ինչ նվիրյալներ են աշխատում թանգարանում»,- նշեց Հակոբյանն ու տեղեկացրեց, որ «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» նախագծի շրջանակում պարբերաբար ցուցադրելու են վերականգնված լավագույն աշխատանքները:

Նշենք, որ ցուցադրությունը կգործի մայիսի 20-ից ամեն օր՝ ժամը 11։00-17։00-ն:

 

 

ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ XXIX ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Հասմիկ Թորոսյանը, Կիմ Սարգսյանը, Մերի Մովսիսյանը ելույթ կունենան միջազգային XXIX երաժշտական փառատոնի բացման գալա համերգին:

Դիրիժորը Վասիլի Սինայսկին է:

Երեկոն տեղի կունենա մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգի Միխայելովսկի պալատի Ռուսական պետական թանգարանում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը ՌԴ վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցն է:

 

 

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Երիտասարդական հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ տղաներից առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) եւ Լիանա Գյուրջյանը (81 կգ): Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի խոսքով՝ կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնության արդյունքները. «Մասնակցելու ենք ուժեղագույն կազմով: Վերջին շրջանում անցկացրած ուսումնամարզական հավաքները տվել են դրական արդյունք. ծանրորդները հասել են ցանկալի մարզավիճակի: Բոլորն իրենց հնարավորությունների չափով պատրաստվել են առաջնությանը, բայց, ամեն դեպքում, ուժեղագույնին ցույց կտա մրցահարթակը: Ես միայն վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»: Հավելենք, որ այս առաջնությունից հետո երիտասարդ ծանրորդները սկսելու են նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի՝ 20-23 տարեկանների առաջնությանը, որին, մարզիչ Մելիք Ղուկասյանի հավաստմամբ, հավաքականը կմասնակցի ընդլայնված կազմով:

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջին լիգայում հանդես եկող Օդեսայի «Չեռնոմորեցի» ապրիլի լավագույն ֆուտբոլիստ: 24-ամյա ֆուտբոլիստը հաղթել է սոցցանցերում անցկացված քվեարկության արդյունքում: Հերթական մարզումից առաջ նա ստացել է լավագույն խաղացողի մրցանակը: Ուկրաինայի առաջին լիգայի ընթացիկ առաջնությունում Ավագիմյանը մասնակցել է 23 խաղի եւ դարձել է 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ նա ճանաչվել էր «Չեռնոմորեցի»՝ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Արթուր Ավագիմյանը նախորդ տարվա ձմռանը Երեւանի «Ալաշկերտից» էր տեղափոխվել «Չեռնոմորեց»:

 

ՀԱՂԹԵԼ Է

Ֆուտբոլի Ռուսաստանի պրոֆեսիոնալ լիգայի «Արեւմուտք» գոտու 25-րդ տուրում «Օլիմպ-Դոլգոպրուդնին» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել է «Սմոլենսկին»: Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը եւ դարձել գոլի հեղինակ: 11-րդ րոպեին 34-ամյա հարձակվողը բացել է հաշիվը եւ չորրորդ գոլը խփել ընթացիկ առաջնությունում:

 




Լրահոս