Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի հեռացման հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածներում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը պարբերաբար քննարկվում է ռուսական կողմի շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Մասնավորապես, հարց հնչեցվեց այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները, վերանորոգման քողի ներքո, հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը՝ աղավաղելով եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` առաջ բերելով հակագիտական թեզեր Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ:

Հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանի արձագանքն այս ամենին՝ Զախարովան հիշեցրեց, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցը քննարկել է հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումներում:

«Մասնավորապես, այն քննարկվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցերի ընթացքում: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, իսկ համանախագահների կողմից այս տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունն այն հարցերի ցանկում է, որն Ադրբեջանից և Հայաստանից պահանջում է լրացուցիչ ջանքերի գործադրում»»,- հայտարարեց Մարիա Զախարովան:




Լրահոս