ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆ, ԱՅԼ ՇՓՄԱՆ ԳԻԾ. ԴԱ ՃԱՆԱՉԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ը հրապարակեց փաստաթուղթ, որի շուրջ այս պահին բանակցում են Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Ավելի ուշ խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հենց այդ փաստաթուղթն է այսօր բանակցվում, որը նա անվանեց նաեւ հայանպաստ։ Նկատենք, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո պետք է սկսվի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց։ Եվ ինչպես երեկ խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, այն կարող է ռիսկեր պարունակել նաեւ Արցախի մասով եւ կարող է նշանակել, որ փակում ենք Արցախի հարցի լուծման, այսօրվա օկուպացված տարածքների ազատագրման բոլոր հնարավորությունները։

Ի վերջո, ի՞նչ  նշանակություն է ունենալու այս փաստաթուղթն Արցախի մասով, եւ ի՞նչ ռիսկեր է պարունակում։ Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ տեսել այդ փաստաթղթի բնօրինակը, չգիտեմ՝ ինչ կետեր կան։ Բայց հարցն այն է, որ Արցախը երբեք չի եղել, եւ չպետք է դիտարկել, որ կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Հիմա Ադրբեջանը բռնազավթել է Արցախի շրջանի մոտ 80 տոկոսը, եւ տեսնում ենք, թե ինչ վիճակում է այն։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող տարածվել Արցախի վրա»,- նշեց նա։ Բաբայանի խոսքով՝ առանց սահմանների եւ այլ խնդիրները լուծելու, երկրները կարող են ճանաչել իրար։ «Մենք դա չենք համարում սահման, այլ շփման գիծ։ Ցանկացած արցախցի այդպես է մտածում։ Հայաստանի ժողովուրդը պետք է իրենց տեսլականն ունենան եւ միասնական մոտեցում»,- հավելեց նա։

 

 

Չնայած Արդբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սեւ լիճ հատվածում հատելու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ մայիսի 13-ից քրեական գործ է հարուցվել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ այժմ որեւէ աշխատանք չի իրականացվել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչներ պարբերաբար հետաքրքրվում են, թե ինչ գործընթացներ են կատարվել այս գործով, կամ ինչու չեն անում անհրաժեշտ քննչական աշխատանքներ, սակայն այդպես էլ որեւէ պատասխան չեն ստացել։ Փաստ է, որ մինչեւ այժմ այդ քրեական գործով էական քայլ չի արվել։ Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ: Եվ Փաշինյանի  այս ինքնավստահ հայտարարություններից հետո ականատես եղանք մի իրավիճակի, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմն անարգել մտավ ՀՀ տարածք, եւ անտեսանելի աշխատանքներն այնքան անտեսանելի էին, որ անգամ ադրբեջանցիները չնկատեցին։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչեւ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում սահմանային լարված իրավիճակ է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, կտրված իրականությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի փնտրտուքի մեջ է: Ըստ մեր տեղեկությունների՝ երեկ իմքայլականները խմբակցության նիստ են հրավիրել, որի ընթացքում քննարկել են թեկնածուներից որեւէ մեկին ընտրելու հարցը: Մեր տեղեկություններով՝ ՀԾԿՀ անդամի համար առաջադրվել է չորս թեկնածու: Երեկ՝ նիստի ժամանակ, քննարկվել է Ռազմիկ Խաչատրյանի, Ռուբեն Եղոյանի, Կարեն Մարգարյանի եւ Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Մենք տեղեկացանք, որ իմքայլականների մեծամասնությունը ոչ ոքի չեն էլ ճանաչել, պարզապես պատգամավորներին ուղարկվել են թեկնածուների կենսագրական տվյալները, ու վերջիններս, դրա հիման վրա, պետք է որոշեն՝ ում են ընտրելու՝ որպես թեկնածու։ Կարելի է ասել՝ ինչպես միշտ, իշխանական ֆրակցիայի ներկայացուցչները բանից անտեղյակ են, ապրում են հետեւյալ սկզբունքով՝ «վերեւները» ինչպես կորոշեն, իրենք այդպես էլ կքվեարկեն: Նշենք, որ մայիսի 25-ին խորհրդարանում մեկնարկելու է հերթական նստաշրջանը, ու այդ ժամանակ էլ իմքայլականները կընտրեն ՀԾԿՀ անդամին: Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի 13-ին «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իր կողմից առաջադրված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թեկնածուի ընտրությունը։ «Իմ քայլը» ՀԾԿՀ թափուր անդամի համար առաջադրել էր Լեւոն Բունիաթյանի թեկնածությունը, որին կողմ էին 13-ը: Իմքայլականները նորից են փորձում:

 

 

Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 772 մլն 800 հազար դոլար: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով։ Օրինակ՝ այս տարվա մարտին ՀՀ պետական պարտքը կազմել է 8 մլրդ 652 մլն դոլար, իսկ, ահա, ապրիլին այն դարձել է 8 մլրդ 772 մլն 800 դրամ։ Նախորդ տարվա ապրիլին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 403 մլն 100 դոլար, այսինքն՝ մեկ տարում ՀՀ պետական պարտքն աճել է 1 մլրդ 369 մլն 700 հազար դոլարով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճեց։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկավ։ 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացավ։ Ի դեպ, այս տարեսկզբին ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ այս տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 8 մլրդ 900 մլն դոլար։

 

 




Լրահոս