ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս մասին ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

 

Պատգամավորը նախ շեշտել է, որ վերջապես հումանիտար բնույթի այս կարեւոր հարցը կարողացել են ընդգրկել օրակարգ: Նա ԵԽ ամբիոնից շեշտել է՝ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե դեռ քանի մարդ է պահվում, իսկ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ իրենց որդին մահացած է, ողջ է, թե գերի է: «Ալիեւը խոսում է խաղաղությունը հարգելու մասին. ինչպե՞ս կարող ենք հավատալ դրան, երբ այսօր նա խախտում է Հայաստանի տարածքը: Ոչ մի դիվանագիտություն չի կարող արդարացնել հիմնարար իրավունքների այդ չարաշահումը: Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, առանց հետաձգման»,- եզրափակել է ԵԽ պատգամավորը: Նրա ելույթից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Իսկ ԵԽ սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբակցության անդամ, պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանտոսը իր ելույթում նշել է. «Մենք զեկույցներ ենք տեսնում այն մասին, որ նրանք (խմբ.- հայ ռազմագերիները) ենթարկվում են բռնությունների ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Սա Ժնեւյան կոնվենցիայի հստակ խախտում է: Մենք պահանջում ենք բոլոր ռազմագերիների ազատ արձակում, առանց նախապայմանների»:

Սանտոսն ընդգծել է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը պետք է հրաժարվեն իրենց թշնամական հռետորաբանությունից ու վերադառնան բանակցային սեղանին՝ աշխատելով Մինսկի խմբի հետ: «Բանակցային քաղաքական կարգավորումը, հիմնված հիմնարար իրավունքների ճանաչման վրա, միակ ճանապարհն է՝ տարածաշրջանում ունենալու խաղաղ ու կայուն ապագա»,- եզրափակեց պորտուգալացի պատգամավորը:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ԵԽ բարձր ամբիոնից կոչ արեց կանգնել հայ ժողովրդի կողքին եւ ստիպել Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին: ԵԽ պատգամավորը նախ հիշեցրեց, որ երբ Ալիեւը պատերազմ սկսեց ԼՂ-ի դեմ իր անօդաչու թռչող սարքերով, սպանեց հայերին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանը, եւ երբ Ադրբեջանն ու Թուրքիան «տոնում էին իրենց հանցագործությունը», Եվրոպան պարզապես կանգնել եւ նայում էր: «Այսօր՝ շատ ամիսներ անց էլ շատ հայեր դեռ գերի են Ալիեւի ձեռքում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել իրենց ընտանիքներին»,- նշեց Ֆուրլասը:

Այնուհետեւև պատգամավորը կոչով դիմեց. «Եկեք չպասենք, եկեք չսպասենք, որ Ալիեւը վերադարձնի գերիներին, նա դա չի անի, պետք է ստիպենք նրան: Ես ձեզ կոչ եմ անում փրկել Եվրոպայի արժանապատվությունը, ես կոչ եմ անում ձեզ կանգնել հայ ժողովրդի կողքին եւ կոչ անել, որ հայերը վերադառնան իրենց ընտանիքներ: Մենք բոլորս հայեր ենք»,-եզրափակեց նա:

Իսկ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչեւը նշեց. «Բաքուն պետք է զերծ մնա որեւէ կամայական կալանք կիրառելուց եւ լիարժեքորեն կյանքի կոչի եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր ռազմագերիների, գերիների ու այլ ձերբակալված անձանց փոխանակում»,- հայտարարեց Կովաչեւը:

Նա ընդգծել է, որ թեպետ Ադրբեջանն օգտագործում է իր մոտ պահվող անձանց՝ անվանելով նրանց հանցագործներ կամ ահաբեկիչներ, սակայն նրանք բոլորը Ժնեւյան կոնվենցիայի եւ միջազգային օրենքի պաշտպանության տակ են եւ դրանց համաձայն պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներ:

«Ադրբեջանը պետք է աջակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով իր մոտ պահվող անձանց ու նրանց առողջական վիճակի մասին: Այդ երկիրը պետք է զերծ մնա այս մարդկանց խոշտանգող ցանկացած գործողությունից: Պետք է անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացվի Ժնեւյան կոնվենցիայի եւ միջազգային իրավունքի խախտումների, հնարավոր պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր մեղադրանքների առնչությամբ: Բացի այդ, Բաքուն պետք է փակի այսպես կոչված Հաղթանակի զբոսայգին, որտեղ ցուցադրվում են հայ զինվորներին նվաստացնող մոմե արձանները»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը:

Նա հավելեց, որ Եվրախորհրդարանը մշտապես փորձել է լինել օբյեկտիվ: «Եթե մենք ունենայինք վստահելի տեղեկատվություն այն մասին, որ հայկական կողմում պահվում են Ադրբեջանի քաղաքացիներ, մենք նույնը կպահանջեինք Երեւանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակում: Ցանկացած մարդկային կյանք անգին է եւ պետք է պաշտպանվի»,- եզրափակեց նա:

Ն.Հ.

 

 

ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացրել en Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Հրապարակվել է Բարսելոնայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իրենց ուղերձներում Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ Մարտա Ռոսիկը եւ Միրիամ Նոգերասը մտահոգություն էին հայտնել, որ Իսպանիան դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Նրանք նշել էին, որ շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ԳԵՐԻՆԵՐԻՆ

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան կրկին այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն մեղադրում է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ահաբեկչական գործողությունների իրականացման համար: Օմբուդսմենի գրասենյակից մանրամասնել են, որ ՄԻՊ-ը պահվող անձանց հետ հանդիպել է դեմ առ դեմ` հետաքրքրվելով` արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են: Ըստ աղբյուրի` պահվող անձինք բավարարվածություն են հայտնել պահման պայմանների, սննդի, բուժսպասարկման եւ վերաբերմունքի առնչությամբ: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան, մեկնաբանելով հայ ռազմագերիների առնչությամբ հնչող մեղադրանքները, հայտնել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել եւ վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին: Հիշեցնենք, որ մայիսի 4-ի դրությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 72-ի:

 

 

 

ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ

Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը Հայաստանի կողմից ստորագրվել է մայիսի 7-ին։ Ըստ այդ համաձայնագրի՝ Պետականության եւ խաղաղարարության հիմնադրամի միջոցներից 3 մլն 718 հազար 218 դոլար կհատկացվի, որն էլ կուղղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած անձանց զբաղվածության խթանմանը։ Դրամաշնորհի աջակցությամբ կիրականացվի չորս ծրագիր. Հայաստանում Արցախից տեղահանված անձանց եւ նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ գումար կփոխանցվի, Արցախից Հայաստան ժամանած գործազուրկ անձանց աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագիր կիրականացվի եւ այլն:

 

Ո՞ՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ

Անցած շաբաթվանից ընտրությունների պատրաստվող երկիրը կորցրել է հետաքրքրությունը քաղաքական այդ իրադարձության հանդեպ: Պատճառը Սյունիքի մարզի Իշխանասարի բարձունքներ ու Գեղարքունիքի մարզ ադրբեջանական բանակի ներխուժումն ու դրան հաջորդած իրադարձություններն են:

ՀՀ ՊՆ մեր աղբյուրները պնդում են, որ հայկական զինված ուժերի համար կոնկրետ այդ տարածքը մաքրելը ժամերի հարց է, կան մշակած պլաններ այլ դեպքերի համար եւս, ընդհանրապես, մեր զինվորականները կարծում են, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում տարիներ են պետք, որ այդ երկիրը հիմնավորվի, բնակեցվի ու այստեղ ծառայելը, առավել եւս՝ խնդիր կատարելը լինի հնարավոր: Մեր այն հարցին, թե կարող է մեր բանակը խնդիր կատարել արդյոք, մեր զրուցակիցը պնդեց, որ միանշանակ, միայն թե զենքով ապահովեն, ու նորից 5-6 երկրի դեմ չկռվեն. Ադրբեջանի հետ դեմ առ դեմ կանգնեն` նորից են հաղթելու:

Իսկ, ահա, կառավարական մեր աղբյուրները պնդում են` լուրջ կասկածներ եւ հիմնավոր տվյալներ ունեն՝ առ այն, որ Ադրբեջանն այս գործողությանը գնացել է երրորդ ուժի դրդմամբ, իսկ նպատակը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցելն է, որպեսզի նա պարտութուն կրի ընտրություններում։ Այսինքն՝ իշխանությունը սահմանային առաջխաղացումն ու միջադեպերը պայմանավորում է ներքին խնդիրներով։ Ավելին՝ «Իմ քայլ»-ում մտավախություններ ունեն, որ Փաշինյանի ընդդիմախոսները արդեն որոշակի հաջողություններ են գրանցել, քանզի, ըստ հարցումների, Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին պատրաստ էին ձայն տալ ընտրություններին մասնակցել ցանկացողների շուրջ 60 տոկոսը, իսկ վերջին դեպքերից հետո այդ թիվն անշուշտ կնվազի:

Սակայն ամեն բան դեռ առջեւում է, արտահերթ ընտրություններին դեռ մեկ ամիս կա, եւ կասկածից վեր է, որ նույն Փաշինյանն ամեն բան անելու է՝ հռետորաբանությունն առավել խստացնելով նախկինների հանդեպ, որպեսզի իր վարկանիշը վերականգնի։

 

 

 

 




Լրահոս