ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի եւ շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է:

 

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անշարժ գույքի իրացման օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով, որպես հարկման բազա, հիմք է ընդունվում ոչ թե անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքը, այլ դրա 80 տոկոսը: Նախատեսվում է սահմանել, որ 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է օրենսգրքի 61-րդ հոդվածով եւ սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսը: Առաջարկվում է սահմանել նաեւ, որ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը իրավունքի պետական գրանցում ստացած, անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա 2021 թ. հունվարի 1-ից հետո շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաների նվազագույն չափի որոշման համար հիմք է ընդունվում անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ գույքահարկով եւ հողի հարկով հարկման նպատակով գույքի կադաստրային արժեքը հաշվարկելու կարգը, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական եւ քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված անշարժ գույքի հաշվարկային արժեքը։

Գործադիրի հավանությանն է արժանացել նաեւ «էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքներում առաջարկվող փոփոխությունների ընդունման արդյունքում վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին նոր ձեւավորվող էլեկտրաէներգետիկական շուկայում իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով, առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքների տրամադրման եւ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի կնքման, ինչպես նաեւ արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում։

Բացի այդ, կկատարելագործվեն ինքնավար էներգաարտադրողների փոխհոսքերի իրականացման ներկայիս մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս արտադրել եւ սպառել էլեկտրաէներգետիկական համակարգի տարբեր հաշվառման կետերում, ձեւավորել խմբեր՝ դրանցում ներառելով բնակիչների եւ կազմակերպությունների։

 

 

ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՆՐՄԱՍՆԵՐԸ

Armlur.am-ին մանրամասներ է հայտնի դարձել 2021 թվականի մայիսի 17-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղի ուենցած միջադեպից: Ըստ մեր տեղեկությունների՝ Գեղաքրունիքի մարզի համայնքների հարակից սահմանային հատվածում ադրբեջանական կողմը հանկարծակի որոշել է հայ զինվորներին դուրս հանել հայկական հատվածից:

 

Ըստ մեր տեղեկությունների՝ այդ պահին տարածքում եղել է մոտ 12-13 հայ զինվոր, որոնք նորակոչիկ են եղել՝ 2-3 ամսվա ծառայողներ: Մենք տեղեկացանք, որ ադրբեջանական կողմից եղել են հիմնականում հատուկ ծառայության ներկայացուցիչներ, որոնք, «Ալա-ակբար» գոռալով, վազել են հայ զինվորների կողմը ու փորձել են նրանց ահաբեկել: Հայ զինվորականներն էլ անակնկալի գալով սկսել են վազել: Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ զինվորները փախնում են:

Բայց մեր տեղեկությունների՝ հայ զինվորները վազելով մոտեցել են հայկական դիրքերին եւ օգնություն խնդրել, ու արդեն հայ սահմանապահները մոտ 70 հոգով օգնության են հասել, որից հետո ադրբեջանական կողմը հետ է նահանջել:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան համացանցում սկսվեց ակտիվորեն քննարկվել մի տեսանյութ, որտեղ հստակ երեւում է, որ ադրբեջանցի զինվորականները հայ զինվորներին քաշքելով հեռացնում են հայկական տարածքից: Տեղեկություններ տարածվեցին, որ տեսանյութն արվել է մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Ժամեր հետո ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի եւ Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ:

Սակայն որոշ ժամանակ հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ եւ ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ

Մայիսի 10-ին Իջեւանի տարածաշրջանի ամեենամեծ՝ 4541 բնակիչ ունեցող Աչաջուր գյուղի ավագանու անդամ, ՀՅԴ Իջեւանի կազմակերպության ակտիվիստ 1985թ. ծնված Սեւադա Ղուկասյանը խորհրդարանի շենքի մոտ ակցիա է իրականացրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում էր վարչապետի ընտրության համար  հրավիրված հատուկ նիստին, Իջեւանի տարածաշրջանի բնակիչը, իջեւանցիների խնդրանքով, էշով գնացել  է  Ազգային ժողովի դարպասների մոտ եւ  սպասել  Փաշինյանին: Նա հայտարարել է, որ Իջեւանում հին ավանդույթ կա՝ դավաճանին հեռացնում են՝ էշի վրա թարս նստեցրած. հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին եւ հայոց պետականությանը, դավադրաբար  հանձնել է  Արցախը՝ նա ասել է, որ  սպասում է Փաշինյանին ԱԺ-ի մոտ, որ նրան, էշին թարս նստեցրած, տանի Իջեւան:

Մայիսի 11-ին  ՀՀ ոստիկանությունը  հաղորդագրություն էր տարածել, որ  մայիսի 10-ին՝ ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության  ծառայողները  Բաղրամյան  պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։ Նրա տաբատի գրպանից  հայտնաբերվել է կանեփի  նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։  Սեւադա Ղուկասյանը հայտնեց, որ ակցիան իրականացնելուց հետո իրեն բերման են ենթարկել,  խուզարկել են,  հետո խուզարկել են Աչաջուր գյուղում  իրենց  առաանձնատունը՝ օժանդակ  բոլոր կառույցներով։

Սեւադան ասաց, որ իր տան խուզարկությունից  ոստիկաններն  էական ոչինչ չեն հայտնաբերել, սակայն գիտի, որ  ոստիկանության Արաբկիրի  բաժնում  քրեական գործ են հարուցել, որը կապված է թմրանյութեր պահելու, օգտագործելու, իրացնելու հետ կապված ինչ-որ հոդվածի հետ։ Նա  հայտնեց, որ ոստիկանության հաղորդագրությունից հետո, որ իր մոտ թմրանյութ է  հայտնաբերվել, իրեն զանգահարել եւ անվճար կերպով իրենց ծառայություններն են առաջարկել Հայաստանում հայտնի մի քանի տասնյակ փաստաբաններ, ինքը բոլորին  շնորհակալություն է հայտնել, որոշել է իրեն ինքնուրույն պաշտպանել, սակայն երբ խուզարկել են իր տունը, որոշել է օգտվել փաստաբանի ծառայությունից, եւ այժմ իր շահերի պաշտպանությամբ զբաղվում է  Աննա Մանթաշյանը։ Ա. Մանթաշյանը երկար տարիներ աշխատել է որպես Տավուշի մարզի դատախազ, ապա՝ ՀՀ  քննչական կոմիտեի Տավուշի, ապա Լոռու մարզային վարչության պետեր, այժմ զբաղվում  է  փաստաբանական գործունեությամբ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս