Գործադիրի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն կավելացվի 51,400 հազար դրամ գումարով, որը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ թվով 10 համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ համապատասխան համայնքներում տեղակայման համար: Ըստ այդմ, 5 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում, 3 մսուր-մանկապարտեզ՝ Լոռու մարզում, մեկական մսուր-մանկապարտեզներ՝ Կոտայքի եւ Շիրակի մարզերում: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկով արդեն իսկ 1,4 մլրդ դրամ է հատկացվել 10 մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. ««Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագրում մենք ունենք կետ, որով արձանագրել ենք՝ մինչեւ 2023 թվականը նախակրթարանային տարիքի երեխաների 75 տոկոսը պետք է հնարավորություն ունենա մանկապարտեզներ հաճախելու: Դուք գիտեք, որ ՀՀ-ում դա լրջագույն պրոբլեմ է եւ նաեւ կարեւորագույն խնդիր երկրի զարգացման առումով: 2019 թվականից մենք սկսել ենք այս հարցի քննարկումը»:
Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է 4 հարց, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվել եւ տարվում՝ ինչպես որոշել մանկապարտեզների կառուցման աշխարհագրությունը, ինչ տիպի շենքեր պետք է կառուցվեն, այդ կրթական հաստատությունների հետագա ֆինանսավորումը եւ բովանդակությունը: «Ըստ էության, կարող ենք ասել, որ իրականացված քայլերի արդյունքում հասել ենք մի նախապատրաստական իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում պատրաստ ենք մեկնարկել, թող շատ հավակնոտ չհնչի, զանգվածային մանկապարտեզաշինության եւ դպրոցաշինության գործընթաց: ՀՀ-ում կա կոնսենսուս մի հարցի վերաբերյալ՝ երկրի ռազմավարական զարգացումն ապահովելու կարեւորագույն նախապայմաններից մեկը կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելն է: Եվ ես հիմա շատ ուրախ եմ, որ մենք նախակրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտներում մեր ռազմավարական անելիքները որոշել ենք: Ընդ որում՝ փոխանցիկության կապ ենք ստեղծել կրթության այս երեք շերտերի ուղղությամբ: Իհարկե, գործնական կիրառման ժամանակ չհղկվածությունների եւ պրոբլեմների կհանդիպենք, բայց այդտեղ սարսափելի ոչինչ չկա, կարեւորն այն է, որ մեխանիզմը գործարկված է: Հետեւաբար, մենք ավելի ու ավելի հաճախ կառավարության նիստերում կհանդիպենք մարզերում, Երեւանում, քաղաքներում, գյուղերում դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման, նորոգման, հիմնանորոգման հետ կապված աշխատանքների իրականացման, գույքի թարմացման վերաբերյալ որոշումներ: Կարող ենք արձանագրել, որ մեր երկրի բովանդակային բարեփոխուման այս կարեւորագույն մեխանիզմը գործարկված է»:
Անդրադառնալով կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարձրագույն կրթությունից հետո մենք ճյուղավորումներ ունենք, որոնց շուրջ նույնպես աշխատում ենք: Մի ուղղությունը գիտությունն է, մյուսը բարձր տեխնոլոգիաներն են, հաջորդը մասնագիտացումն է եւ պատճառահետեւանքային կապը աշխատանքի շուկայի հետ: Միջին մասնագիտական կրթության ոլորտում էլ շատ անելիքներ ունենք, որպեսզի գործընթացն ամբողջացնենք: Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, որի ուղղությամբ բոլորս պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք: Ըստ էության, մենք գործ ունենք մեր երկրի բովանդակային ողնաշարի ձեւավորման հետ, եւ իսկապես շատ կարեւոր փաստ է, որ հասել ենք դրա գործնական իրագործման փուլին»:
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը եւ դրանց բաշխումը: Տեղերը բաշխելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային եւ կարեւորություն ունեցող ոլորտները համապատասխան մասնագետներով ապահովելը: Մասնավորապես, 2020/2021 ուստարում ՀՀ կառավարության որոշմամբ առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, որից 85-ը (56.28 տոկսոը) տրամադրվել է բնական եւ տեխնիկական գիտություններին, հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 35 տեղ, որից 24-ը՝ բնական եւ տեխնիկական գիտություններին, այլ գերատեսչությունների եւ Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա եւ 3 հեռակա անվճար ուսուցման տեղեր:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏԱԴԻՐ
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն է տվել «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած օրենքի նախագծին, որով, ըստ էության, գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի նրա համաձայնությունը, ում մոտ գրավադրվել է գույքը: Նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է համահեղինակ Արթուր Դավթյանը: Նախագծով սահմանվում է, որ գրավատուն եւ գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Դավթյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացումներ են կատարվել նաեւ «Պետական սահմանի մասին» օրենքում: Կառավարության առաջարկով տրվել է հետեւյալ ձեւակերպումը. Հայաստանի Հանրապետությունից տրանսպորտային միջոցի ելքը սահմանափակվում է, եթե շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրվել է գրավատուի կամ նրա լիազորված անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը ՀՀ-ից: Միաժամանակ տրանսպորտային միջոցի ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղակատվական համակարգ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, անդրադառնալով պատգամավորների դիտարկումներին, նշել է, որ նախագիծն առհասարակ ուղղված չէ որեւէ սուբյեկտի շահերի սպասարկմանը, այլ ուղղված է իրավաչափ շահերի հավասարակշռության ապահովմանը: Նախագիծն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից:
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ ՍԿՍՎՈՒՄ Է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների եւ դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ: Անհրաժեշտ է նախապես լրացնել եւ դիմումին կցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի՝ 2021 թվականի մարտի 5-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձեւավորման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 18-ի N 496-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ն հրամանով սահմանված վերապատրաստման պայմանների եւ չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագիր պարունակող ձեւերը: