ArmLur.am-ը դերասանուհի Նաիրա Մովսիսյանից հետաքրքրվել է սկանդալային գրառման պատճառի եւ իր հասցեին հնչող քննադատությունների մասին:
Նշենք, որ Նաիրա Մովսիսյանի՝ օրերս արված գրառումը համացանցում մեծ քննադատությունների առիթ է դարձել, որտեղ դերասանուհին մասնավորապես գրել էր.
«Ինձ երբեք ձեր քաղաքականության մեջ չխառնեք եւ փորձեք կորզել կարծիք իմ կողմից: Քանի որոշ հերոսացած տղերքի զոմբի հարազատներ, չհասկանալով կորուստը, ուրախանում են էրկու կոպեկ ամսական, թե միանվագ տրվելիք լափով, ես կմնամ խճճված»։
«Ցավոք սրտի, հերթական օգնությունների շարքում, երբ նստած էին մի սեղանի շուրջ, մեծ ցավ ապրեցի, երբ երկու զոհված զինծառայողների հարազատներ ծիծաղով եւ քրքիջով միմյանց պատմում եւ ոգեւորությամբ ներկայացնում էին, թե ինչպես են իրենց պետությունից երկու միլիոն դրամ տվել: Խնդիրը գումարը չէ, այլ նրանում, թե ինչպես են կարողանում ուրախանալ, որ իրենց զոհված երեխայի համար գումար են տվել: Դա ես չեմ կարողանում հասկանալ: Այն, ինչ ասում եմ, բոլորին չի վերաբերում, ես փաստ ներկայացնում եմ այն, ինչ իմ աչքերով տեսել եւ ականաջներով լսել եմ: Եվ ես այդքանը լսելուց հետո լուռ դուրս եմ եկել եւ հեռացել: Այդ պահին ես զգացի եւ վերապրեցի այն տագնապային զգացողությունները, ինչ ապրում էի պատերազմի օրերին: Երբ մարդ կարող է ուրախանալ, երբ հողին է հանձնել իր հարազատներին, ես դա հասկանալ եւ ընդունել չեմ կարող: Կարող է սխալ եմ, կարող է շատ եմ տանում դեպի էմոցիոնալ դաշտ, ինձ համար դա նորմալ չէ: Եվ ես ուզում եմ, որ հատուկ այդ մարդիկ կարդան եւ տեսնեն իրենց ճղճիմության աստիճանը եւ շնորհակալ լինեն, որ անուններ չեմ հնչեցնում: Ես ջղայնանում եմ, որ մարդիկ իրենց ցավը, այդ մատղաշ երեխաների կյանքը համեմատում են ինչ-որ գումարի հետ, առանց այդ էլ ես մեծ սթրես եմ ապրում, թե ինչպես են կարող պատերազմից հետո ռեստորաններում տժժալ»,-ընդգծում է նա:
Նաիրա Մովսիսյանը մեզ հետ զրույցում շեշտում է, որ քաղաքական որեւէ կողմնորոշում չունի, միայն երազում է տեսնել Հայաստանի խաղաղ եւ պայծառ ապագան:
«Ես հասկանում եմ, որ մեր երկրի համար, մեր բոլորիս համար շատ դժվար է, բայց պետք է փորձենք կրկին ամրանալ, կրկին ոտքի կանգնել: Այսօր մարդիկ երկրից հեռանում են ուրիշ երկրներում աշխատելու եւ ապրելու ակնկալիքով, եւ ես չեմ ուզում ասել նրանց, թե արտագաղթեցին, ոչ, դա այդպես չէ: Ես վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կրկին հետ է վերադառնալու հայրենիք. մեր արյունը ջուր չի դառնում: Նրանք գնում են հետ գալու հույսով, չեն փախչում, ոչ մեկին հաճելի չէ իր ընտամնիքը կամ երկիրը լքել հեռանալը»,- ասում է դերասանուհին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում ներկայացել է հերթական սիմֆոնիկ համերգով, որը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործություններից։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Մեծ է կոմպոզիտորի ավանդը նաեւ Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գործում։ Համերգային ծրագրի մեկնարկին ներկայացվել է կոմպոզիտորի երկար տարիներ չհնչած Կոնցերտային նախերգանքը, այնուհետեւ՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, որը Սպենդիարյանը գրել է 1905 թվականին Ղրիմում՝ Մ. Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով: Այն նվիրված է կոմպոզիտորի մորը: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվել է Պետերբուրգում 1905 թվականին հեղինակի ղեկավարությամբ:
Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան։ Այս տարին հոբելյանական է նաեւ Երվանդ Երկանյանի համար. նշվում է կոմպոզիտորի 70-ամյակը։
Համերգային երեկոյի ընթացքում ներկայացված թիվ 7 սիմֆոնիայի կատարումը կոմպոզիտորը եւ դիրիժորը նվիրել են արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։
Մայիսի 4-22-ը Երեւանում անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդիրների լայն շրջաններում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը եւ պահպանումը: Փառատոնը նաեւ հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու համար:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Ֆրանսիայի գավաթի եզրափակչում «Մոնակոյի» նկատմամբ տարած հաղթանակը. «Մենք պետք է վայելենք այս պահը. դա է ամենակարեւորը: Նայեք բոլոր այն մարդկանց, որոնք երջանիկ են: Դա է ամենակարեւորը: Այսօր երջանիկ օր է, եւ այդ երջանիկ մարդկանցից առաջինը ես եմ: Մենք աշխատում ենք ամեն օր, որպեսզի նման պահեր շատ լինեն: Այս նվաճումը արդյունք է մի խումբ մարդկանց: Սա մեծ նվաճում է ակումբի ու երկրպագուների համար: Երբ դու խաղում ես ՊՍԺ-ում՝ աշխարհի լավագույն ակումբներից մեկում, ցանկացած նվաճում կարեւոր է, որով պատմություն ես կերտում»,- ասել է Մբապեն: Փարիզյան ակումբի պատմության մեջ այս գավաթը 14-րդն էր:
ՀԱՂԹԵԼ Է
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության փլեյ-ինն փուլում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» 103:100 հաշվով հաղթել է «Գոլնդեն Սթեյտին» եւ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլնդեն Սթեյտի» կազմում հավաքել է 37 միավոր: «Լեյքերսից» ամենաարդյունավետը 25 միավոր հավաքած Էնթոնի Դեւիսն էր, իսկ Լեբրոն Ջեյմսը հավաքել է 22 միավոր: Օրվա մյուս խաղում «Մեմֆիսը» 100:96 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին», որը լքել է պայքարը: «Գոլնդեն Սթեյտը» եւ «Մեմֆիսը» հաջորդ խաղում կվիճարկեն փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը:
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ի փոփոխություն «Ժողովուրդ» օրաթերթի՝ 10.04.2021թ. թիվ 65 (2328) համարի 7-րդ էջում տպագրված «Հրապարակային ծանուցման»՝ տեղեկացնում ենք, որ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում (ք. Երեւան, Սայաթ-Նովա պողոտա, 40 շենք, թիվ 82/31) «Բի Էս Թի» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ին գրավի իրավունքով պատկանող, ՀՀ, Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ ք., Պատկանյան փողոց, թիվ 34 հասցեում գտնվող 164.1 ք.մ. մակերեսով բնակելի տան, 20.5 ք.մ. մակերեսով ավտոտնակի, 7 ք.մ. մակերեսով սանհանգույցի, 14 ք.մ. մակերեսով թոնրատան, 2.6 ք.մ. մակերեսով թռչնանոցի, 27.9 ք.մ. մակերեսով ծածկի եւ 0.0415 հա մակերեսով հողամասի աճուրդային փուլերը 25.05.2021թ.-ից շարունակվելու են հոլանդական եղանակով:
Ծանուցման մնացած դրույթները մնում են անփոփոխ: