Լուսանկարն արվել է Սյունիքի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Կապանի բնակիչ, 28-ամյա Հրանտ Մաթեւոսյանը իր վարած Toyota Platz մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել առեւտրի կենտրոնի աստիճաններին եւ գլխիվայր շրջվել։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ի՞նչ պետք է անեմ, եթե ցանկանում եմ, որ երեխաս սովորի ռուսերենով ուսուցմամբ դասարանում։
Իրինա Միքայելյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, եւ եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ է, կամ ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի, ապա կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի: Երեւանի քաղաքապետարանի՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ ԿԳՄՍ կայքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը եւ ազատելը կատարվում են ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգով՝ հետեւյալ դեպքերում՝
1) ծնողի դիմումի հիման վրա, 2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը:
Լիդա Դանիելյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը:
Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձն իր անվան եւ (կամ) ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:
Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի)) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:
Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,
2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անվան փոխման պետական գրանցումը կատարվում է տասնհինգօրյա ժամկետում՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: