«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում ստեղծված իրավիճակի հետ կապված բավական հակասական տրամադրություններ են հասունանում։ Մասնավորաբար, չնայած այն փաստին, որ որոշ պատգամավորներ և իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են ամպագոռգոռ ճառերով ամեն կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանին և նրա «թեզերը» տարբեր հարթություններում տիրաժավորել, քիչ չեն նրանք, ովքեր մեծ դժգոհություն ունեն:
Ավելին, մեր տեղեկություններով, մի քանիսն օրերս Փաշինյանին բաց տեքստով ասել են, որ սա կատարյալ ձախողում է, և երկիրը փաստացի կանգնած է վերահաս պատերազմի առաջ։ Սակայն դժգոհների մեծ մասը պարզապես լռում է՝ «շառից-փորձանքից հեռու», որպեսզի հետագայում իրենց վրա պատասխանատվություն չվերցնեն ու քաղաքական դիակ չդառնան։ Դրանք այն «քայլողներն» են, որոնք Փաշինյանի հետ համաձայն չեն, սակայն վախենում են ըմբոստանալ կամ պարզապես ավելի թանկ են գնահատում մանդատն ու բարձր աշխատավարձ-պարգևավճար համադրությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իրեն ընդդիմացողների պահվածքից Փաշինյանը բավականին նյարդայնացել է և թիմի ներկայությամբ հայտարարել, թե ափսոսում է, որ նմանների հետ է գործ ունեցել։ Այս հանգամանքը կարող է մեծ դեր խաղալ ընտրական ցուցակի «խմբագրման» գործում:
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, սրանից հատկապես ոգևորվել են նրանք, ովքեր համամասնական նոր ցուցակի «ներքևի» մասում պիտի լինեին»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում