Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմամբ զբաղվող դեղագործական ընկերությունների եկամուտների ավելացման շնորհիվ աշխարհում 9-ով ավելացել է նոր միլիարդատերերի թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է The People’s Vaccine Alliance շարժման զեկույցում: Շարժման մեջ են մտնում տարբեր իրավապաշտպան, հումանիտար ու առողջապահական կազմակերպություններ:
Մասնավորապես, նոր միլիարդատերերի շարքում է ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, ներդրողներ Տիմոտի Սպրինգերն ու Ռոբերտ Լանգերը: Ցուցակում են նաև BioNTech-ի ղեկավար Ուղուր Շահինը, իսպանական Rovi դեղագործական ընկերության տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական CanSino Biologics ընկերության երեք համահիմնադիրներ:
Հաղորդվում է, որ նոր միլիարդատերերի գումարային կարողությունը հասնում է 19.3 միլիարդի: