Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ «Ռոմա»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercato-ն: Ըստ պարբերականի, Մխիթարյանը կշարունակի հանդես գալ Հռոմում, անկախ այն փաստից, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը նոր մրցաշրջանում կզբաղեցնի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:
Ավելի վաղ լուրեր կային, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմա»-ից: Հեռանալու առաջնային պատճառն այն է, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոմա»-ն կգլխավորի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Ասվում էր, որ իտալական «Յուվենտուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանով: «Յուվենտուս»-ն արդեն իսկ սկսել է բանակցություններ Մխիթարյանի ներկայացուցչի հետ: Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է գալիք ամռանը: Այժմ նա կարող է բանակցել ցանկացած թիմի հետ: Սակայն Մխիթարյանը դեռևս վերջնական պատասխան չի տվել «Յուվենտուս»-ին: Մայիսի 4-ին պարզ էր դարձել, որ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի Մոուրինյոն:
«Ռոմա»-ի պայմանագիրը Մոուրինյոյի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Պորտուգալացի մասնագետը «Ռոմա»-ն կգլխավորի ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Մոուրինյոն ֆուտբոլային կարիերան սկսել է որպես խաղացող, սակայն, լուրջ հաջողություններ չունենալով, շարունակել որպես մարզիչ։ 1990-ականների սկզբին, որպես մարզչի օգնական հաջող աշխատելուց հետո, դարձել է Բոբի Ռոբսոնի թարգմանիչը, նրա հետ աշխատել պորտուգալական «Սպորտինգ դե Պորտուգալ» և «Պորտու» ակումբներում՝ մինչև իսպանական «Բարսելոնա» տեղափոխվելը։ Նա Կատալոնիայում է մնացել նաև Բոբի Ռոբսոնի տեղափոխվելուց հետո և աշխատել հայտնի մարզիչ Լուի Վան Գալի հետ։Մոուրինյոն մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև «Պորտու»-ում, «Չելսի»-ում, «Ինտեր»-ում, «Ռեալ»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: