Մեր գերնպատակը լինելու է 1 ժամի համար բանվորի աշխատավարձը կես դոլարից բարձրացնել մինչեւ 5 դոլար. Երվանդ Թարվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»-ը «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ զրուցել է սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիների մասին:

– Պատերազմ, համավարակ: Հայաստանը ոչ միայն քաղաքական ճգնաժամի մեջ է, այլեւ` տնտեսական: Ի՞նչ ծրագրեր ունեք մեր երկիրը տնտեսական այս իրավիճակից դուրս բերելու:

– Առաջին կարեւորագույն հարցը՝ քաղաքական դաշտի կայունացումն է: Ներկա պահին բանկերը շատ բարձր են գնահատում ռիսկերը, իսկ ռիսկերը բարձր գնահատելով՝ չեն ֆինանսավորում բիզնեսը: Կառավարությունը բանկերի հետ շատ վատ է աշխատում: Կենտրոնական բանկի աշխատանքն էլ առանձնապես դրական չեմ գնահատում: Չեն գիտակցում, որ ամբողջ տնտեսությունը բանկրոտի են ենթարկում: Նույն Ամուլսարի պարագայում: Երբ խոսում եմ միջազգային կառույցների ղեկավարների հետ, ասում են` մենք չենք հասկանում ձեր ղեկավարությանը: Ասում են՝ 3 ամսից կփորձենք որոշում կայացնել: Բայց ղեկավարի սուրբ պարտականությունը որոշում կայացնելն է, շատ դեպքերում` շատ արագ: Անգամ սխալ որոշումը որոշում է, ուղի է՝ ուր ենք շարժվում: Մենք չունենք ուղի՝ ուր ենք շարժվում՝ կամ սկսում ենք, կամ չենք սկսում: Ունենք Ամուլսարի հարցը՝ ժողովրդին բացատրեք, որ չենք բացում, վճարում ենք տուգանքները եւ սա պահում ենք պետական պահուստ:

Պետք է լինի կայունություն եւ համակարգ՝ ով է դիմավորում ներդրողին, ով է զբաղվում ներդրողով, ի՞նչ ենք անում ներդրումների համար, ի՞նչ հարկային դաշտ ենք ստեղծում նոր ներդրումների համար, ի՞նչ դաշտ ենք ստեղծում ռազմարդյունաբերության, ինովացիոն, գիտական մոդելների համար: Կամ` գյուղատնտեսությունում բացի պարարտանյութ ու դիզվառելիք բաժանելուց, ի՞նչ են արել: Վարկերին անդրադարձել եմ տարբեր առիթներով: Տեսե՞լ են՝ մեր ժողովուրդը կարո՞ղ է վարկերը մարել, թե՞ ոչ: Մի հատ գնացե՛ք բոլորի դարդ ու ցավը լսեք, մարդիկ այսօր ուժեղ առյուծ տղա են ուզում, որը նրանց կտանի հաղթանակի: Հներից ոչ մեկին չեն ուզում:

– Աշխատանքի արտադրողականությամբ մենք հետ ենք մնում եվրոպական ազգերից: Ինչո՞ւ է մեր երկրում արտադրողականությունը ցածր եւ ի՞նչ պետք է անել:

– Մեր գերնպատակը լինելու է 1 ժամի համար բանվորի աշխատավարձը կես դոլարից բարձրացնել մինչեւ 5 դոլար: Ինքս լավ պատկերացնելով բիզնեսը, գիտեմ` արտադրության մեջ աշխատավարձն ինչ տոկոս է կազմում: Նոր տեխնոլոգիաներ ներդնելով՝ մենք կպակասեցնենք աշխատողների քանակը, սակայն կստեղծենք նոր աշխատատեղեր:

Պետությունը կստանձնի պարտավորություն՝ մտածելու եւ նոր բաց բաժնետիրական պետական ընկերություններ հիմնելու: Դա կսարքի շահեկան բիզնես եւ ներդրողը կանի ներդրում պատրաստի բիզնեսում: Գյուղատնտեսություն: Այստեղ մեծ պոտենցիալ ունենք, սակայն հողերի կեսը չի մշակվում: Իսկ որը մշակվում է, հիմնականում ձեռքով է մշակվում: Տեխնիկական միջոցների ներդրում, նոր սորտերի ներդրում: Բեռնատար ավիացիայի ստեղծում: Մենք մեր ամբողջ բանջարեղենն ու միրգը կարող ենք արտահանել Ռուսաստանի Դաշնություն, արաբական երկրներ: Մեր պտուղ-բանջարեղենը հեշտությամբ կանցնի Բիո սերտիֆիկացումը, քանի որ այդ պարարտանյութերի թանկ եւ անհասանելի լինելու պատճառով գյուղացին դրանք չի էլ օգտագործում:

– Մեր երկրի մի շարք տարածաշրջաններում անպատասխանատու հանքարդյունաբերության պատճառով գյուղացու բերքն էլ է տուժում: Դրանում ծանր մետաղներ են հայտնաբերվում: Այս խնդիրն ինչպե՞ս է լուծվելու:

– Հանքարդյունաբերությունը պետք է վերահսկել եւ այն պետք է լինի պետական: Օպերատորները թող սպասարկեն, հանքի տերերը կարող են դառնալ օպերատորներ եւ օգտվեն շահույթից:

Ընդ որում`ժողովուրդը որպեսզի հասկանա, որ հանքերը Սահմանադրությամբ ազգային են, եկամտի ինչ-որ տոկոս հավասարաչափ պիտի բաշխվի մեր երկրում ապրող ամեն մի քաղաքացուն, որպեսզի յուրաքանչյուրը, թեկուզ 5 լումա, ստանա հանքարդյունաբերությունից ստացված պրոդուկտից: Երբ հանքի տերը պետությունն է, նա առաջին հերթին բնապահպանական խնդիրներին է ուշադրություն դարձնելու:

– Որպես տնտեսական ոլորտի, բիզնեսի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպե՞ս եք վերաբերվում սահմանները բացելու իշխանության հայտարարություններին:

– Թուրքիայի հետ սահմանի մեխանիկական բացումը, որը որպես անցակետ է, որտեղից տրանսպորտային միջոց եւ քաղաքացու տեղաշարժ է, մի բան է, տնտեսության մուտք, ուղիղ ներդրումներ` ուրիշ բան է: Մենք օրենսդրորեն կսահմանափակենք թուրքական ներդրումները Հայաստանում:

Թուրքական լոլիկը երբեք չենք թողնի գա Հայաստան, կգա այն ժամանակ, երբ մեզ մոտ կլինի դեֆիցիտ: Երբ տնտեսական դաշտը կայուն լինի, մեր սփյուռքը մեծ ներդրումներ կանի: Սփյուռքի մեր հայրենակիցները մեկ տրիլիոն դոլար դրամագլուխ են պահում: Մինչեւ հիմա նրանց հետ ոչ ոք չի աշխատում, չեն առաջարկում բարենպաստ պայմաններ, այդ դեպքում ինչո՞ւ պետք է գան:

Պետք է կառավարման մոդելի մեջ փոփոխություն արվի: Օրինակ` սահմանվի` վարչության պետին՝ առնվազն 5 տարվա փորձ պետական համակարգում, փոխնախարար` առնվազն 8 տարվա աշխատանքային փորձ եւ այլն, այլ ոչ թե` իմ ընկերն է՝ բերում եմ:

– Մեր երկրի ՀՆԱ-ում մեծ մասնաբաժին է կազմում գյուղատնտեսությունը: Այսօր գյուղացուն հետաքրքրում է գյուղմթերքի իրացման, գյուղատնտեսական վարկերի տակից դուրս գալու խնդիրները, կուսակցության ծրագրով ի՞նչ իրատեսական լուծումներ եք առաջարկում՝ գյուղացու հոգսը թեթեւացնելու համար:

– Խնդիրները բոլորս գիտենք, բայց կարգավորման եղանակները պետք է սահմանել: Ոչ թե ասելու ենք՝ ձեզ ազատելու ենք վարկերի վճարումներից, այլ, ուսումնասիրելով նրանց հնարավորությունը, վճարունակությունը, գրաֆիկը փոխելու ենք, եւ մարդիկ հանգիստ կարողանալու են այդ վարկերը վճարել:

Այնպես չէ, որ մեր գյուղատնտեսները չեն ուզում տալ այդ գումարը, բոլոր գյուղացիներն ուզում են կարողանալ տալ այդ գումարը: Առաջարկելու ենք մոդել, որպեսզի գյուղացին հնարավորություն ունենա իր հալալ քրտինքով վաստակել գումար: Նրան ընդամենն ասելու ենք` այս 5 հեկտարի վրա կցանես լոլիկ, պետությունը քեզնից կգնի այս գնով:

Ձեռնարկությանն ասում է` դու ունես այսքան արտադրողական ազատ հնարավորություն, պարտավոր ես պետության պատվերով սա արտադրել:

Մարզպետարանները պետք է ոչ թե լինեն հյուրեր ընդունող, ճանապարհող, այլ՝ աշխատող, կանոնակարգող կառույցներ: Գյուղատնտեսությունն ընդամենը մեկ տարում գլուխ է բարձրացնելու: Ջրի խնդիրը: Որտեղ ջուր չկա, պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի այնպիսի մշակաբույսեր ցանեն, որոնք քիչ ջուր են պահանջում: Իսրայելն անապատի մեջ գյուղատնտեսություն է զարգացնում:

Արարատյան դաշտում մենք աճեցնում ենք ցորեն, ափսոս են այդ հողերը: Իհարկե, ցորենը շատ կարեւոր է, բայց ունենք լեռնային շրջաններ, որտեղ պետք է լինի ցորեն: Պետությունը պետք է այդ թանկարժեք տեխնիկան տրամադրի: Նույնիսկ շատ բարեկամ երկրներ պատրաստ են նվեր տալ այդ տեխնիկան:




Լրահոս