ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամների ընդլայնման հեռանկարները այդ կազմակերպություններին Ադրբեջանի ինտեգրման համատեքստում։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջեւ դիվանագիտական հարաբերությունների առկայություն եւ հավելել, որ առայժմ նման հարաբերություններ չկան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։

Նկատենք, որ արդեն մի քանի տարի է՝  ակտիվորեն քննարկվում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Պաշտոնական Երևանը, սակայն, մշտապես հայտարարել է, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը:

2018-ի աշնանը ռուսական «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում էր մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։ Ալիևի մասնակցությունը նախաձեռնել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակցությամբ:

Իսկ ահա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու կատարած այցից հետո նորից ակտիվացան Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին քննարկումները։ Ռուսական մամուլն էր գրել էր՝ հայերի և ադրբեջանցիների միջև հաշտեցմանն ավելի դյուրին կլինի հասնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում։  Վերջին տարիներին ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը պարբերաբար քննարկվել է Մոսկվայում, սակայն պաշտոնական Բաքուն նման մտադրության մասին չէր հայտարարում, իսկ Ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հիմնական խոչընդոտը ղարաբաղյան հակամարտությունն էր, և այսօր, երբ այդ խոչընդոտը, նրա խոսքով, արդեն չկա, անդամակցության մասին կարելի է լուրջ խոսել։




Լրահոս