ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քամին ու կարկուտը ավերել են գյուղացիների ջերմոցներն ու բերքը. կառավարությունում դեռ լուռ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին եւ 23-ին ուժգին քամու հետեւանքով Երեւանում ու Հայաստանի մարզերում ծառերի ճյուղեր ու տանիքների կառուցատարրեր է պոկվել, էլեկտրական լարեր վնասվել։ Իսկ ահա Արմավիրի Եւ Արարատի մարզերի գյուղերում երկու օրվա քամին ու երեկվա կարկուտը պատռել է ջերմոցների թաղանթները, վնասել բույսերը: Արմավիրի մարզի Լուսագյուղ, Ակնաշեն, Գայ, Ապագա գյուղերում երկու օրվա ուժգին փոթորիկն ու կարկուտը միլիոնների հասնող վնաս է պատճառել ջերմոցատերերին։

Գյուղացիների խոսքերով, եթե քամին ջերմոցն ամբողջովին չի ավերել, միայն թաղանթն է վնասել, այս դեպքում արդեն խոսքը կես միլիոն դրամից ավելի ծախսի մասին է։ Բացի այս, եղել են ջեմոցատերեր, որոնք մայիսի 22-ի քամուց հետո գիշերով գնացել են, ցելոֆան են գնել, ամբողջ գիշեր ծածկել են ջերմոցը, որ առավոտյան արևը չվնասի մնացած բույսերը, բայց հաջորդ օրը այն դարձյալ պատռվել է:
Սակայն ցավալին այն է, որ ջերմոցները վնասելուց բացի քամին վնասել է ներսում աճեցվող բույսերը: Օրինակ Լուսագյուղ գյուղում հիմնականում տուժել են սմբուկի եւ վարունգի բույսերը: Ընդ որում, այս ջերմոցատերերը վարունգի մեկ կիլոգրամը վաճառում են 20-30 դրամով։ Այս գյուղերի բնակիչներն այս պահին ծայրահեղ ծանր վիճակում են, չգիտեն, թե ինչպես են այս ամենից հետո վճարելու իրենց վերցրած գյուղատնտեսական վարկերը, իսկ ապրելու եւ այլ ծախսերի մասին ուղղակի լռում ենք:

Գյուղացիներին այս վիճակից հանելու համար կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում. համենայնդեպս, էկոնոմիկայի նախարարությունում խուլ ու համր են ձեւանում: Բայց փորձը ցույց է տվել, որ կառավարությունը երբեւէ ոչինչ չի արել նման դեպքերում կամ էլ նախկինում բավարարվել է միայն չնչին փոխհատուցում տրամադրելով: Համենայնդեպս, նախորդ կառավարությունները բավարարվել են միայն ջրի եւ հողի հարկերը մասամբ զեղչելով: Բայց համաձայնեք, որ սա առարկայական օգնություն չէ առանց այն էլ վարկերի մեջ խրված եւ կարկուտից, ցրտահարությունից տուժած գյուղացուն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս