Այվազյանը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (Ռուսաստան), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ):

Հանդիպման ընթացքում, համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:

Հանդիպման առանցքում են եղել Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

Արա Այվազյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, անթույլատրելի է համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում՝ ընդգծելով ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:




Լրահոս