Լավրովը խոսել է ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին։

Լրագրողը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը վերջերս ընդունել է Ուկրաինայի նախագահին։ Անկարան Ղրիմը չի համարում ռուսական, շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել։ Լրագրողը նաև ընդգծել է, որ Թուրքիան այն երկիրն է, որը հրահրում էր Լեռնային Ղարաբաղում պատերազմը, հիշեցրել է Սիրիայում խոցված ռուսական ինքնաթիռի մասին։

«Արդյո՞ք մեր թուրք գործընկերներն իրենց շատ բան չեն թույլ տալիս»,- հարցրել է լրագրողը։

Լավրովը պատասխանել է, որ մի շարք միջազգային հարցերի շուրջ Մոսկվան և Անկարան լուրջ տարաձայնություններ ունեն, սակայն դա չի խանգարում կողմերին քաղաքական երկխոսություն պահպանել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը։

Լավրովը նշել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և չենթարկվելով ԱՄՆ-ի ճնշումներին, ձեռք է բերել ռուսական ռազմական տեխնիկա։ Ուկրաինայի հարցում Լավրովը Թուրքիային խորհուրդ է տվել մանրամասնորեն վերլուծել իրավիճակը և շեշտել է, որ «Ղրիմի հարցում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունների խրախուսումը հավասար է Ռուսաստանի տարածքային ամբողջականության ոտնահարման»։

Լավրովը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հունվարի 30-ից գործում է թուրք գործընկերների հետ համատեղ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման կենտրոնը։ Այդ կենտրոնը զբաղվում է հնարավոր խախտումների մոնիթորինգով՝ բացառապես վիզուալ դիտման մեթոդներով»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ չնվազեցնելով առկա տարաձայնությունները՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը հետագայում էլ կառաջնորդվի ընդհանուր շահերով։




Լրահոս