Պատրաստ ենք ներգրավել միջազգային հետաքննություն՝ Վերին Շորժայի միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով. ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մահվան դեպքի առթիվ՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ, և հավելել, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը»,- ասվում է հաայտարարության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը՝ դա համարելով միջազգային իրավունքի նորմերի խախտում է:

Ըստ աղբյուրի՝ հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: «Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն՝ հատկանշական համարելով, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ, և հավելել, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:




Լրահոս