«Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Եվս մեկ անգամ հատուկ նշում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն այս պայմանները`
1) ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Խոսքն իրական ցեղասպան քաղաքականության մասին է:
2) Նույն սկզբունքով Ադրբեջանի նախագահն անընդհատ սպառնալիքների լեզվով է խոսում մեր երկրի ու ողջ բնակչության մասին: Նա հպարտանում է, որ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ:
3) Ադրբեջանական իշխանությունները դիտավորությամբ շարունակում են հոգեկան տառապանքներ պատճառել հայկական կողմի գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, խախտել գերիների իրավունքները` նրանց իրական թիվը չհրապարակելով ու հայրենիք չվերադարձնելով:
4) Պատերազմի ընթացքում հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների կրկնվելու իրական վտանգը վերացած չէ, իսկ տեղի ունեցածի համար որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:
5) Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում եւ Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը:
6) Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հարեւանությամբ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են կոպիտ խախտել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (զենքի ցուցադրումով սպառնալիքներ ՀՀ քաղաքացիներին` հովիվներին, մարդիկ զրկված են իրենց հողատարածքներից եւ արոտավայրերից օգտվելու հնարավորությունից, պարբերական կրակոցներ ՀՀ գյուղերի հարեւանությամբ եւ այլն):
7) Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին արձանագրվում են իրավունքների կոպիտ խախտումներ ու սադրանքներ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելը ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը, ՀՀ սահմանային բնակիչների` ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը եւ այլ միջադեպեր): Այդ ճանապարհներին ադրբեջանական ցուցանակների ու դրոշների, զինվորականների տեղակայումով շարունակաբար խախտվում են ՀՀ քաղաքացիների իրավունքները (հոգեբանական լարվածություն ու ահաբեկելու նպատակ, մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում եւ այլն):
Սահմանազատումն ինքնին ցանկացած երկրի համար ունի հիմնարար կարեւորություն: Դա նաեւ մարդու իրավունքների երաշխիք է:
Բայց սահմանազատումը կարող է տեւել տարիներ, եթե ոչ տասնյակ տարիներ, իսկ քանի դեռ կան թվարկվածս պայմանները, ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացիների իրավունքների իրական երաշխավորման հրատապությունը պահանջում է Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Գեղարքունիքի ու Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում: Սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ, որի հայեցակարգը մենք ներկայում ամփոփում ենք:
ՀՀ քաղաքացիների ու նախեւառաջ սահմանային բնակիչների խաթարված բնականոն կյանքը, իրավունքները նվազագույն պայմաններով վերականգնելու համար ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարեւանությունից ու համայնքների միջեւ ճանապարհներից:
Միայն սահմանազատումն այդ պարագայում կուղեկցվի ՀՀ քաղաքացիների ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումներով ու հասարակությունում լարվածությամբ»:
ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի Շոշ գյուղի մոտ կատարված դեպքի վերաբերյալ. «Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, ԱՀ ՊԲ զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 2021թ. մայիսի 17-ին Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ազգային ատելության շարժառիթներով, երկու եւ ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող՝ ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին շահագործվող բազմաֆունկցիոնալ էքսկավատորի եւ մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ: Դրա արդյունքում ամբողջությամբ վնասվել են էքսկավատորի դիմային եւ ձախ կողային դռան ապակիները՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Ըստ էության, սպանությունների հանցագործությունն ավարտին չի հասցվել միայն այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը եւ ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Հադրութի ՌՈ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերի, ինչպես նաեւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին կայազորային քննչական բաժնում»:
ԱՀԱԶԱՆԳ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2-րդ մասնաշենքի հետնամասում նկատվում է դատապարտյալի շարժ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, որ ահազանգից անմիջապես հետո ծառայողները ներկայացել են նշված վայր, սակայն ոչ մեկի չեն հայտնաբերել: Տարածքում իրականացնելով մանրակրկիտ զննություն՝ հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված 2 փաթեթ: Փաթեթներից մեկում առկա են եղել Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,9 եւ 2,9 գրամ քաշերով, ինչպես նաեւ Հաշիշին նմանվող, 16 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, բջջային հեռախոս, USB լար: Մյուսում հայտնաբերվել են Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22,7 եւ 0,9 գրամ քաշերով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող եւ Սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, 4 ամբողջական եւ 1 կոտրված ապակյա դատարկ գլանակներ, ինչպես նաեւ մեկական բջջային հեռախոս, USB լար, ականջակալ եւ բջջային հեռախոսի ստեղնաշարի դետալներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 20-ին Բագրատունյաց փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գագիկ Մ.-ին: Վերջինս մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Գագիկ Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ԿՈՒԹՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ՝ սահմանին, իրավիճակը շարունակում է նույնը մնալ. ադրբեջանցի զինվորականները ոչ մի տեղաշարժ չեն արել այն վայրից, ուր հաստատվել են։ Այս մասին ArmLur.am-ի զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։ «Այս ընթացքում ոչ մի իրարանցում չի եղել։ Մեզ մոտ որտեղ եղել են, այնտեղ էլ մնում են։ Ավելացել են, թե պակասել, չենք հասկանում, որովհետեւ վրաններ են տեղադրել, մտնում դուրս են գալիս»,- ասել է նա: Նշենք, որ ԱԺ-ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Կութի շրջանում եղել է հրաձգություն։ ՊՆ-ն էլ իր հայտարարության մեջ չէր հստակեցրել, թե Գեղարքունիքի մարզի որ սահմանային հատվածում են ադրբեջանցի զինվորականները ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց արձակել։ Թեեւ երեկ պաշտոնապես լուր տարածվեց, որ Կութի սահմանին «թյուրըմբռնման հետեւանքով» կրակոցներ են հնչել, սակայն գյուղապետը դեպքից տեղյակ չէր: «Մեր գյուղի ուղղությամբ ոչ մի կրակոց չի եղել։ Գյուղացիները ոչ մի կրակոց չեն լսել»,- ասել է նա։
«Քանի որ մեզ հայտնի չէ, թե ինչ թուղթ պետք է ստորագրի, չեմ կարող ասել՝ ճիշտ է անում, թե սխալ։ Տարբեր խոսակցություններ կան. մեկն ասում է՝ Վարդենիսի գյուղերից կտա, մյուսն ասում է՝ Սիսիանի գյուղերից կտա, մի մասն էլ ասում է՝ Նոյեմբերյանի, Արարատի գյուղերի մասին է խոսքը։ Սահմանազատման հետ կապված չենք կարող ասել, թե որ քարտեզով պետք է շարժվեն, լսելով կարող եմ ասել, որ հայի եւ ռուսի մոտ նույն քարտեզն է, իսկ ադրբեջանցու մոտինը կեղծ է, որի համաձայն՝ Երեւանն էլ է իրենցը։ Եթե ինքը խոստանում է, որ դա 100 տոկոսով հօգուտ կլինի Հայաստանին, հավատում եմ, այլ բան չեմ կարող ասել։ Իհարկե, մտահոգիչ է, բայց դե կարող է այնպես լինել, որ հօգուտ հայ ժողովրդի լինի»,- ասել է Ս. Չիտչյանը: